Հակակոռուպցիոն դատարանում իրեն մեղավոր ճանաչելուց, սակայն վաղեմության ժամկետները լրանալու եւ համաներման հիմքերով պատասխանատվությունից ազատվելու վճռի հրապարակումից հետո՝ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը լրագրողներին ասաց, որ իրեն մեղավոր ճանաչելու մասով համաձայն չէ վճռին եւ այն բողոքարկելու են դատական ակտը ստանալուց եւ բովանդակությանը ծանոթանալուց հետո: «Ես չեմ կարող ասել՝ դատավորի վրա ճնշում կար, թե ոչ: Բայց համենայն դեպս, սա վճիռ չէր, որ կայացվավ»,-ասաց նա:
Լրագրողների հիշեցմանը, որ երեկ խոստացել է խոսել նաեւ Տավուշում տեղի ունեցողի մասին, նա ասաց. «Եկեք չանդրադառնանք դրան: Անողները արեցին, վերջացրեցին: Դրանք արդեն պատմության գրկում գրված տարածքներ են»:
Լեւոն Երանոսյանը պատասխանեց նաեւ հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից «Զարյա 2» եւ «Զարյա 3» հատուկ միջոցներ օգտագործելու մասին հարցին: «Ես չգիտեմ «Զարյա 3»-ը ինչի համար են կիրառել: Իմ ժամանակ չի եղել «Զարյա 3»: Իմ ժամանակ առողջապահության նախարարության կողմից հաստատված չէր, որ կիրառելու իրավունք ունենք: Մի բան էլ ավելացնեմ: Եթե ոստիկանությունը ինձանից հետո գնումներ չի կատարել Ռուսաստանի Դաշնությունից, ուրեմն հատուկ միջոցներ իրավունք չուներ կիրառելու: Բոլորի ժամկետներն անցած էին: Եթե ինձանից հետո կատարել են գնումներ, լիազոր են կատարելու հրամանները»,-ասաց նա:
Լեւոն Երանոսյանը նայել է հունիսի 12-ի կադրերը, բայց պնդել, որ «Զարյա 3» կիրառվել է, չի կարող: «Կադրերը նայել եմ, բայց նայելով ասել չեմ կարող: Մոտիկ պետք է լինես»,-ասաց նախկին փոխոստիկանապետը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ