Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀԿԴ-ում իր նկատմամբ վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ շփման ժամանակ անդրադարձավ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի ու իր միջեւ ինչ-որ կապերի մասին տարածվող լուրերին: «Ասում են, թե նա իմ սանիկն է: Նա իմ սանիկը չէ, ասեմ՝ հանգստացեք: Այդպիսի բան չկա: Չգիտեմ, թե ինչի համար է տարածվել, ով է տարածել: Լիներ, կասեի՝ հա: Իսկ թե նրա ղեկավարած կառույցը ինչպես է աշխատում, ես չեմ կարող ասել»,-հայտարարեց նա:
Անդրադառնալով երեկ դավաճանելու մասին արած հայտարարության առիթով նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պատասխանին, թե ինքը 2018-ին առաջարկում էր մի բան ձեռնարկել, սակայն Գասպարյանն ասում էր, թե ամեն ինչ վերահսկողության ներքո է՝ դա մի՞թե դավաճանություն չէ, Վլադիմիր Գասպարյանը ասաց. «Նրա արածը դավաճանություն է, որովհետեւ նա մեր կապավորն է եղել: Իրեն ասվել է այն, ինչը որ պետք է լսի ու գնա՝ փոխանցի»:
Իսկ ընդհանրապես մարդկանց եւ մասնավորապես նախկինում իր ղեկավարած համակարգի աշխատակիցների իշխանափոխությունից հետո դրսեւորած վարքագծի մասին Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ անուններ տալով պետք է հարցերը լուծվեն: Ով ինչ անում է, իրեն է անում: Այն, ինչ ես եմ արել, թող Աստված իմ արդարությամբ ինձ դատի, ինչ արել են իրենք, թող Աստված իրենց ների»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ