Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Թևանյան. Պետք է միշտ պայքարել, մինչև վերջին վայրկյանը

Հուլիս 09,2024 16:58

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վազգեն Թևանյան. Պետք չէ մտածել նվազագույնի մասին

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճել է՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճելով: Թևանյանը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

Վազգե՛ն, Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճեցիք անցած աշնանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճելու շնորհիվ: Ի՞նչ զգացողություններ ունեիք:

– Անկեղծ ասած՝ միայն ուրախ էի, որ Օլիմպիական խաղերի ուղեգիր եմ նվաճել: Վստահ էի, որ կարող էի ավելի լավ արդյունք գրանցել աշխարհի առաջնությունում: Այդ իսկ պատճառով ուրախությունս ոչ այնքան լիարժեք էր:

Այս ընթացքում ի՞նչ նախապատրաստություն եք անցել ու հիմա որքանո՞վ եք պատրաստ խաղերին:

-Ուսումնամարզական շատ հավաքներ ենք անցկացրել, նաև մրցաշարի ենք մասնակցել Զագրեբում: Հիմա բավական լավ մարզավիճակում եմ գտնվում, մարզումներն աստիճանաբար ավելացնում ենք և լավ տրամադրությամբ նախապատրաստվում Օլիմպիական խաղերին: Նպատակս միայն մեկն է՝ չեմպիոնություն:

Սա Ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն է: Տոկիոյի խաղերում զիջեցիք առաջին իսկ գոտեմարտից: Ի՞նչը չստացվեց Տոկիոյում և ինչի՞ վրա եք աշխատել այս ընթացքում:

– Տոկիոյի խաղերից առաջ լիարժեք նախապատրաստություն չկարողացանք անցել: Ժամային գոտին էլ խանգարեց. մրցավայր էինք հասել մրցումներից 2-3 օր առաջ և չհասցրինք լիարժեք հարմարվել, ինչը բարդացրեց մեր գործը: Երեք տարի է անցել: Այս ընթացքում ավելի շատ մրցաշարերի եմ մասնակցել և ավելի փորձառու եմ դարձել: Կուտակածս փորձը կաշխատեմ նպատակային օգտագործել ու լավագույնս հանդես գալ Փարիզում:

Իսկ ո՞րը կլինի այն նվազագույն արդյունքը, որը գոհացնող կհամարեք Փարիզի խաղերում:

– Կարծում եմ՝ մրցման գնալիս պետք չէ մտածել նվազագույնի մասին: Եթե մտածում ես միայն ոսկու մասին, հնարավոր է՝ գրավես երրորդ կամ հինգերորդ տեղը: Եթե մտածես նվազագույն՝ բրոնզի մասին ու դա բավարար համարես, հնարավոր է՝ առաջին իսկ գոտեմարտից պարտվես: Կարծում եմ՝ միշտ պետք է ձգտել առավելագույնի: Ես պայքարելու եմ ոսկու համար: Մասնակցում եմ Օլիմպիական խաղերին, սա նշանակում է՝ արդեն իսկ իրատեսական են նաև մեդալային հույսերը: Հետևում լավ աշխատանք ունենք, լավ մարզումներ, ինչը չեմպիոնական հույսեր և վստահություն է տալիս:

Ձեր քաշային կարգում գրեթե բոլոր մրցակիցներին ճանաչում եք: Ինչպիսի՞ մրցակցություն եք ակնկալում:

– Այո, բոլորին ճանաչում եմ: Կարծում եմ՝ անզիջում պայքար է լինելու: Բոլորն էլ գոտեմարտելու են հաղթանակի համար: Սա Օլիմպիական խաղեր է. բոլորը ձգտելու են օգտագործել իրենց շանսն ու պայքարել մեդալների համար:

Բլից հարցեր

Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

– Բոլոր հայ լեգենդար մարզիկների հետ արդեն մեկ օր անցկացրել եմ:

Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

-Անձնական մարզչիս խորհուրդը կհիշեմ՝ «Պետք է միշտ պայքարել, մինչև վերջին վայրկյանը»:

Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-Ընտանիքը:

Ձեր կյանքի կանոնները:

– Սիրել ընտանիքը և սիրել Աստծուն:

Ինչի՞ց եք վախենում:

– Վախեր չունեմ:

Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

– Աստծուն:

Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:

– Չեմ մտածել այդ մասին: 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031