«Ադրբեջանի նպատակը հստակ է՝ ժամանակ ձգել, կանգնեցնել խաղաղության գործընթացը»,-«Մեդիա կենտրոնում» «Ալիևի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության նախապայմանն ի՞նչ նպատակ է հետապնդում» թեմայով հարցազրույցի ժամանակ կարծիք հայտնեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը։
Ըստ նրա՝ խաղաղության պայմանագրում անհաղթահարելի տարաձայնություններ կարծես թե չեն մնացել․ «Կարելի է տեքստը վերջնականացնել ընդամենը մեկ ամսվա ընթացքում։ Դա նշանակում է, որ դիրքորոշումները մոտարկված են։ Այսինքն՝ խոսել ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին, նշանակում է երկարացնել ժամկետները կամ ավելի վատ պարագայում կանգնեցնել խաղաղության գործընթացը»։
Արեգ Քոչինյանը չի բացառում, որ Ադրբեջանը ոչ էլ ուզում է խաղաղության համաձայնագիր․ «Ժամանակ է ձգում՝ նոր սրացումներ, նոր կոնֆլիկտներ, նոր պատերազմներ կազմակերպելու, հարձակվելու համար, ընդհանրապես ՀՀ-ն վերացնելու համար։ Երկրորդ տարբերակն էլ այն է, որ 2022-2023-ին ՌԴ-ի Ադրբեջանի միջև որոշակի համաձայնություններ են ձևավորվել, որոնք հատկապես 2023-ին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման և դրանից հետո ռուս խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերմանը զուգահեռ եղել է պայմանավորվածությունը, որ Ադրբեջանն էլ դրա դիմաց կամ չի ստորագրի խաղաղության պայմանագիր կամ կձգձգի կամ եթե այն պիտի ստորագրի, կանի ամեն ինչ, որ դա արվի Մոսկվայում։ Դա էլ նշանակում է Մոսկվայի հավելյալ դերակատարություն այդ ամենի մեջ»։
Ըստ Արեգ Քոչինյանի՝ աբսուրդ է այն, որ Ադրբեջանը պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն․ «Այն հոդվածը, որը հղում է անում Անկախության հռչակագրի համապատասխան գլխին, այդ նույն կետի պատճառով այդ հղման վրա հիմնվելով՝ Դաշնակցությունը դիմել էր ՍԴ-ին՝ դրա վրա հիմնվելով ասել էր, որ ցյուրիխյան արձանագրությունները հակասահմանադրական են։ Այն ժամանակ դեռևս Սահմանադրական դատարանը համարել էր այդ արձանագրությունները սահմանադրական։ Այսինքն՝ ՍԴ-ն ունի նախադեպային որոշում, որով այդ հղումը չի կարող խոչընդոտել այդ գլխում տեղակայված կետերի հետ կապված»։
Կարդացեք նաև
Արեգ Քոչինյանը կանխատեսում է՝ ՍԴ-ն խաղաղության պայմանագիրը սահմանադրական է համարելու, դրանից հետո ՀՀ օրենսդրությամբ երբեք այս հարցը քննարկել չի կարող․ «Որևէ ուժ այլևս չի կարող այս հարցով նորից մտնել դատարան, քանի որ ՀՀ օրենսդրությամբ՝ ՍԴ որոշումները վերջնական են և անվիճարկելի։ Այսինքն՝ եթե անգամ իրենք ունեն մտահոգություն, որ հիմա մենք կստորագրենք, հինգ տարի հետո կվիճարկենք ու հետ կկանչենք, դա հնարավոր չէ, քանի որ ՍԴ պատասխանը լինելու է անմիջապես։ Այսինքն՝ բոլոր առումներով Ադրբեջանի այս նախապայմանները մտացածին ու հնարած են»։
Հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունի խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված, Արեգ Քոչինյանը պատասխանեց․ «Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ մոտեցումները համադրելի են։ Այստեղ խնդիրն այն է, որ պետք է լինի համապատասխան աշխարհաքաղաքական իրավիճակ, մթնոլորտ և համապատասխան պոզիտիվ ներգրավվածություն, որը կստիպի Ադրբեջանին գնալու այդ ուղղությամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի