«Փաստինֆո». ԲԴԽ-ում այսօր կայացել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության քննությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ԲԴԽ աշխատակազմի՝ դատական դեպարտամենտի պատրաստած տեսանյութի հիման վրա։ Մասնավորապես, փետրվարի 10-ին ԲԴԽ-ի պաշտոնական էջում տեսանյութ էր հրապարակվել, որով ԲԴԽ-ի աշխատակազմը դատավորներին է մեղադրել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Երանոսյանի, Գագիկ Խաչատրյանի և Մանվել Գրիգորյանի գործերի տապալման համար՝ դա կապելով դատական նիստերի ձգձգման հետ և դժգոհելով, թե դրա հետևանքով Ռ․ Քոչարյանի, Ս․ Սարգսյանի գործով վաղեմության ժամկետներն անցել են։ Ավելին, երրորդ իշխանությանը սպասարկելուն կոչված մարմինը՝ դեպարտամենտը, հորդորել էր վարույթ հարուցող մարմիններին, որոնց թվում է գործադիր իշխանությունը, տեսանյութը դիտարկել կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ գործողություններ իրականացնելու համար։
Թեև ԲԴԽ աշխատակազմի ուսումնասիրությունների հիման վրա վարույթ հարուցելու և այն քննելու դեպքում կասկածի տակ կարող է դրվել ԲԴԽ-ի՝ օրինական դատարան լինելու հանգամանքը, ինչի մասին բարձրաձայնել են նաև մասնագիտական հանրության ներկայացուցիչները, այդուհանդերձ, ինչպես պարզվեց՝ ՀՀ ԱՆ-ն տեսանյութի առթիվ կարգապահական վարույթ է հարուցել։ Ընդ որում, միջնորդության մեջ որպես առիթ նշվել է ԴԴ տեսանյութի վերահրապարակումը՝ «Իրավաբան․նեթ» կայքում։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ միջնորդության՝ ըստ էության քննության ժամանակ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը պնդեց, թե դատավորը գործի արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննության համար պարտավոր էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով անջատել Քրեական օրենսգրքի (2003թ․) 311-րդ հոդվածի մեղադրանքով (կաշառքի) դրվագը, ինչը չի իրականացվել, ինչպես նաև՝ մի շարք դեպքերում դատական նիստերի հետաձգումները հիմնավորված չեն եղել և դատարանը չի իրացրել դատական սանկցիա կիրառելու իր լիազորությունը։
Կարդացեք նաև
Պատասխանելով դատավորի հարցերին՝ ԱՆ ներկայացուցիչները չհստակեցրին, թե ինչու են կոնկրետ որպես հաղորդում վերցրել վերոնշյալ կայքում վերահրապարակված տեսանյութը, ինչպես նաև՝ արդյո՞ք տեսել են ԲԴԽ պաշտոնական՝ «Դատական իշխանություն» էջում հրապարակված տեսանյութը։ Աննա Դանիբեկյանը հարցադրումներով նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ տեսանյութում նշվել է, թե պաշտպանների կողմից ներկայացված բազմաթիվ միջնորդություններ են քննարկվել, սակայն «Դատալեքս» համակարգում ևս արտացոլված է, որ այդ միջնորդությունները քննարկվել են դատաքննության նախապատրաստական համապատասխան փուլում, ինչ պատճառով ԱՆ-ի կողմից դա չի դիտարկվել, դիտարկվել է 2022-23թթ ընկած ժամանակահատվածը։ Ասել է թե՝ մինչ այդ որևէ խնդիր, ավելորդ միջնորդությունների քննարկում դատարանի կողմից ԱՆ-ն չի նկատել, ինչին արձագանքելով՝ նշեց, որ խնդիրը 314-րդ հոդվածի կիրառելիության մասին է, որը միայն 2022թ հետո կարող էր լինել։ Հարցին, թե դատավորի որ գործողությունն է կասկածի տակ դրել դատարանի անկախությունը, անաչառությունը՝ Արտյոմ Սուջյանը պատասխանեց՝ նշելով, որ իրենց գնահատմամբ՝ դատարանը չի կիրառում անհրաժեշտ գործիքակազմը, չի կատարում իրենից կախված ամեն բան, որ գործի՝ ողջամիտ ժամկետում քննություն ապահովի և դրա հետևանքով գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է այն հիմքով, որ անցել են վաղեմության ժամկետները, ապա դա դատական իշխանությունը հանրության մոտ հեղինակազրկում է։
«Դատական իշխանությունը վարկաբեկող վարքագիծ է դա հանդիսանում, որովհետև հանրությունը կարող է չհասկանալ, թե ինչու դատավորը չի կատարում իրենից կախված ամեն բան և եթե անձը մեղավոր է, ապա ինչու չի ստանում քրեական օրենսգրքով նախատեսված արժանի պատիժը»,- ասաց Սուջյանը՝ նշելով, որ կարող է հանրության շրջանում կարող է կասկած լինել, որ միգուցե դատարանն անկախ չի գործել կամ անաչառ չի եղել՝ չկիրառելով իրեն վերապահված գործիքակազմը։
Նախարարությունը նաև նշել է, թե դատարանը թվով չորս միջնորդություն է քննել ինքնաբացարկի, որոնք ներկայացվել են նույն հիմքով, սակայն նախարարության ներկայացուցիչները ԲԴԽ-ում, թեև ընդունեցին, որ փաստական հիմքերը տարբեր էին, բայց նույն հիմքերն են եղել՝ քողարկված։ Դատավոր Դանիբեկյանը հետաքրքրվեց՝ գործով չորս ամբաստանյալ կար, կոնկրետ ո՞ր մեղադրյալի պաշտպանների միջնորդություններն են նույն հիմքով ներկայացվել։ Պարզվեց՝ նախարարությունը խնդիր տեսել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդություններում։ Բացի այդ, նախարարության կողմից խնդրահարույց է համարվել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ՝ կորոնավիրուսի վարակակիրի հետ կոնտակտ ունենալու հանգամանքով պայմանավորված բացակայությունը հարգելի համարելը, քանի որ իբրև փաստ չի ներկայացվել՝ հիվանդության վերաբերյալ, թեև կորոնավիրուսի համավարակի պայմաններում առկա է եղել ինքնամեկուսացման պահանջ։ ԲԴԽ նիստում նախարարության ներկայացուցիչները փորձեցին «խմբագրել»՝ նշելով, որ հիմնավորում չի ներկայացվել շփման վերաբերյալ, այսինքն, ըստ նախարարության, Միհրան Պողոսյանը պետք է ապացուցեր անձի մոռ առկա կորոնավիրուսային վարակը և նրանց հետ շփումը։
ԲԴԽ-ում այսօրվա նիստը հետաձգվեց՝ դատավոր Դանիբեկյանի միջնորդության հիման վրա։ Դատավորը պահանջել է նիստերի արձանագրության կրիչը։ Միջնորդության քննությունը կշարունակվի վաղը՝ ժամը 10։00-ին։
Իզաբել Սահակյան