Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԱՀՖ-ն ահազանգում է․ «Լուծարման գնացող ազգային կինոկենտրոնը մսխել է 2024թ.-ի ֆիլմերի ամբողջ բյուջեն և 2025թ.-ի բյուջեի մի մասը»

Հուլիս 09,2024 15:08

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ խորհրդին հայտնի է դարձել, որ  կինոյի պետական կառավարումը իրականացնող կառույցը՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, խախտելով իր կանոնակարգը, 2024թ․-ի հունվարին, ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթով, ծախսել է ՀՀ պետական բյուջեով 2024թ․-ի ֆիլմերի արտադրության համար նախատեսված ամբողջ գումարը։

Կինոկենտրոնը նաև պայմանագրեր է կնքել մեկ տասնյակից ավելի կինոարտադրողների հետ, ստանձնելով նրանց՝ թվով 12 կինոնախագծերի ֆինանսավորման պարտավորություններ, արդեն 2025թ․-ին նախատեսվող բյուջետային միջոցների հաշվին։

2024թ․-ի ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթը ամբողջությամբ արտացոլել է կինոկենտրոնի կառավարման մեջ արմատացած արատավոր բոլոր դրսևորումները՝ արտոնյալ արտադրողների բազմակի ֆինանսավորումից մինչև կինոնախագծերի կրկնաֆինանսավորում։

Հաշվի առնելով այն, որ «Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի» պահանջով, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը ենթակա է լուծարման և 2024թ․-ի հունվարին անցկացրած մրցույթը այդ կառույցի կողմից կազմակերպվող վերջին մրցույթն էր, Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան հիմքեր ունի կասկածելու, որ կինոկենտրոնը գերազանցել է իր լիազորությունները գիտակցաբար։

Կառույցը կուտակել է պարտքեր, կրկնաֆինանսավորել է ֆիլմեր, վատնել է 2024թ․-ի ողջ բյուջեն, 2025թ․-ի բյուջեի մի մասը, թույլ է տվել կանոնակարգի մի շարք կոպիտ խախտումներ, անլուծելի թվացող այս խնդիրների ծանր բեռը թողնելով իր իրավահաջորդի՝ կինոյի պետական կառավարումն իրականացնող նորաստեղծ կառույցի՝ «Հայաստանի Կինոյի հիմնադրամի» ուսերին։

Արդյունքում վտանգված է 2024թ․-ին ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ մրցույթի անցկացումը՝ ֆիլմերի արտադրության համար բյուջետային միջոցների սպառված լինելու պատճառով։ Իսկ դա  նշանակում է, որ երկրորդ մրցույթին պատրաստ կինոնախագծերի հեղինակները ստիպված են խզել կամ սառեցնել միջազգային գործընկերների հետ կնքված պայմանագրերը, չեղարկել միջազգային հիմնադրամների աջակցության հայտերը, հրաժարվել իրենց արտադրական պլանից։

Տարեկան բյուջեն ժամկետից շուտ ծախսելու հիմնավորմամբ պետական կինոկառույցի կանոնակարգով նախատեսված ֆիլմերի ֆինանսավորման մրցույթի չեղարկումը միջազգային կինոարտադրության մեջ չլսված, բացառիկ նախադեպ է։ Դա ահռելի վնաս կհասցնի հայկական կինոարտադրությանը և Հայաստանի համբավին։ Միանգամայն կանխատեսելի է նաև կինոյի մասնագիտական կառույցների, ֆոնդերի, պոտենցիալ ներդրողների խիստ բացասական արձագանքը։

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ խորհուրդը դիմում է ՀՀ պատկան մարմիններին կոչով՝ քննարկել այս իրավիճակը և հանգուցալուծման ուղիներ գտնել, նաև ողջամիտ բացատրություններ պահանջել այս իրավիճակի պատասխանատուներից և ապահովել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված, գործող կանոնակարգով ամրագրված,  2024թ․-ի երկրորդ մրցույթի անցկացումը։

Մենք պահանջում ենք՝

Ա) Կինոյի պետական կառույցի գործող կանոնակարգով ամրագրված ժամկետներում կազմակերպել 2024թ․-ի ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ  (ամառային) մրցույթի անցկացումը։

Բ)  Ապահովել 2024թ․-ի ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ մրցույթի անցկացման համար անհրաժեշտ, 2024թ․-ի ՀՀ պետական բյուջեով կինոնախագծերի ֆինանսավորման համար նախատեսված տարեկան գումարի ոչ պակաս, քան կեսի առկայությունը։

Գ) Զերծ պահել «Կինեմատոգրֆիայի մասին ՀՀ Օրենքի» պահանջով ստեղծված «Հայաստանի Կինոյի հիմնադրամը» իր նախորդի՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի թույլ տված խախտումների արդյունքում կուտակած խնդիրներից, որոնք, ձևավորման վաղ փուլում, կարող են կործանարար լինել նորաստեղծ կառույցի համար։

Հովհաննես Գալստյան | կինոռեժիսոր, պրոդյուսեր

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ Խորհրդի նախագահ

ՖԱՀՖ ՀԿ խորհուրդ

Սաթիկ Ստեփանյան | Խորհրդի քարտուղար

Մերի Ադամյան | Խորհրդի անդամ

Արամ Մանուկյան| Խորհրդի անդամ

Կարեն Ծատուրյան| Խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031