Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի համաժողովում Գարեգին վարդապետ Համբարձումյանը հանդես եկավ Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, բռնի տեղահանված արցախահայության հիմնարար իրավունքների վերականգնման հրատապության վերաբերյալ զեկույցով

Հուլիս 09,2024 14:19

Սույն թվականի հուլիսի 7-10-ը Իսպանիայի Մալագա քաղաքում սկսվել են Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ)կողմից կազմակերպված, մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված «Պաշտամունքի վայրերի և մշակութային ժառանգության անվտանգությունը, ֆինանսական, քաղաքական և իրավական պաշտպանությունը» խորագիրը կրող ամառային 11-րդ համաժողովի աշխատանքները։

ԵԵԿ 11-րդ ամառային համաժողովը համախմբել է ԵԵԿ անդամ եկեղեցիների ներկայացուցիչներին և գործընկեր կազմակերպություններին։ Եվրոպայում տեղի ունեցող պատերազմների և ռազմական բախումների համատեքստում Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը մշակել է «Խաղաղության ուղիներ» նախագիծը, դրանով իսկ երկխոսության և համագործակցության հարթակ տրամադրելով ԵԵԿ-ի անդամ եկեղեցիներին, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանում պատերազմների հետևանքով առաջացած մարտահրավերները՝ ի թիվս որոնց արդարության և ազատության միջոցով խաղաղության հաստատումը, մարդու հիմնարար իրավունքների և կրոնի ազատության, փախստականների և բռնի տեղահանված ժողովրդների իրավունքների ու մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ԵԵԿ 11-րդ ամառային համաժողովի աշխատանքներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում է ԵԵԿ Կառավարման Խորհրդի անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Միջոցառմանը Հայր Սուրբը հանդես եկավ Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման, սրբավայրերի պաշտպանության և բռնի տեղահանված արցախահայության հիմնարար իրավունքների վերականգնման հրատապության վերաբերյալ զեկույցով։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031