Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն այսօր առարկություն չունի խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ. Մարիա Կարապետյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում

Հուլիս 09,2024 13:58

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող ԵԱՀԿ ԽՎ նիստում:

«Շնորհակալություն, տիկի’ն նախագահ:

Հարգելի’ գործընկերներ,

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագիրը պատրաստ է. Հարավկովկասյան երկու հանրապետությունները, իսկապես, պատմական հնարավորություն ունեն փոխելու իրենց հարաբերությունները` հեռանալով հակամարտությունից եւ շարժվելով դեպի համագործակցություն: Մեր երկու երկրները բանավոր կերպով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ ժամանակն է դա անել թղթի վրա` վերջ դնելով բոլոր կասկածներին եւ մտահոգություններին: Հայաստանն այսօր առարկություն չունի խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ: Ադրբեջանն ասում է, որ Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտ է խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Մենք, իսկապես, պետք է մի կողմ դնենք խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու բոլոր պատճառները: Այն պարունակում է 2 կարեւորագույն դրույթ: Առաջինը` երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը: Երկրորդը` համոզվելու համար, որ ոչ ոք երբեք ճանապարհ չի գտնի խուսափելու այս պարտավորությունից. խաղաղության պայմանագիրը բարձրաձայն հայտարարում է, որ երկու երկրներից ոչ մեկը չի կարող որեւէ ներքին իրավական ակտ առաջ քաշել` կասկածի տակ դնելու մյուսի տարածքային ամբողջականությունը: Զուգահեռաբար պետք է շարունակենք սահմանագծումն ու սահմանազատումը: Մենք արդեն հաջողությամբ վերարտադրել ենք մեր երկրների միջեւ ընդհանուր սահմանի մի մասը: Մենք պետք է շարունակենք սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը մեր ընդհանուր սահմանի ամբողջ պարագծով: Մենք նաեւ պետք է շարունակենք Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրել` հիմնված թե’ Ադրբեջանի, թե’ Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների վրա: Մենք անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ երկխոսության շարունակությանը մեր երկրների միջեւ սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ: Մենք արդեն ունենք պայմանավորվածություններ առաջին քայլերի վերաբերյալ եւ անհամբեր սպասում ենք այդ քայլերի իրականացմանը: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարող է էական դրական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա` նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը»,- ասել է պատգամավորը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031