Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ տեղի ունեցավ պահանջատիրական ցույց: Արցախցիները պահանջում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին տեր կանգնել ու կատարել:
Ցուցարարներից «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ադրբեջանը ոչնչացնում է մեր՝ այնտեղ ապրելու ու հայրենիք լինելու հետքերը, որ մենք չխոսենք վերադարձի մասին: Երբ գիտես, որ քո տունը չկա, մի քիչ մտածում ես՝ գնա՞մ, թե՞ չգնամ, իսկ երբ գիտես, որ քո տունն այնտեղ է, ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես թողել եւ դուրս ենք եկել, պարզ է, որ մենք միշտ այդ հույսով ենք լինելու: Հենց այդ հույսն է ուզում կոտրել Ադրբեջանը: Եվ միջազգային հանրության լռությունը նպաստում է, որ ինչ ուզում, անում են: Հադրութում, որտեղ դարեր շարունակ՝ 6000 տարի երբեւիցե ադրբեջանցի, թուրք չի ապրել, հիմա մզկիթ են կառուցում»:
Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանն էլ ասաց, որ պետք է պայքարեն՝ Արցախը վերադարձնելու համար. «ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’ Բրայենը հայտարարեց էս վերջում, որ տարածաշրջանում Ադրբեջանի քաղաքականությունը բերել է խաղաղության եւ կարեւոր գործոնը Ադրբեջանն է: Դրա հետ մեկտեղ պահանջել է, որ խաղաղության պայմանագիրը կնքեն: Ուրեմն ինչ է ասել Օ՛Բրայենը, Արցախի ցեղասպանությունը, Հաագայի դատարանի որոշման չկատարումը Ալիեւին «փեշքեշ», դու ես այստեղ ամենակարեւոր խաղացողը, միայն թե ստորագրի խաղաղության պայմանագիրը: Իսկ Ադրբեջանը, դրան ի հակառակ, ռազմավարական դաշինք կնքեց Չինաստանի հետ: Նույնիսկ այն դեպքում, երբ Ամերիկան ներում է Ադրբեջանի բոլոր մեղքերը, Ադրբեջանը էդ խաղաղությանը չի գնում ու չի գնալու: Դա այնքան է իր համար կարեւոր, որ ինքը գնացել է Ադրբեջանի թշնամու հետ ռազմավարական դաշինք կնքել ու Ամերիկային իրեն հակառակորդ է հայտարարել, միայն թե խաղաղության պայմանագիրը չստորագրի: Իսկ մեր իշխանությունները ինքնախաբեությամբ են զբաղված: Իրենց թվում է՝ զիջումներով կհասնեն խաղաղության, չի՛ լինելու էդ խաղաղությունը երբեք»:
Կարդացեք նաև
Օսիպյանն ասաց, որ մեր իշխանությունները պետք է խաղաղության պայմանագրի «իլյուզիայից» հրաժարվեն ու անցնեն զսպման քաղաքականության. «Մենք պետք է կոալիցիա հավաքենք, որ կարողանանք զսպել Ադրբեջանին, այն պետություններին հավաքենք, որոնք կոնտր ունեն Թուրքիայի հետ, օրինակ, Ֆրանսիան, Հունաստանը: Մինչեւ արցախցիներին վտարանդի դարձնելը, մենք այնտեղից էլ ասում էինք, որ Հայաստանի կառավարությունը պետք է ուլտիմատում դնի ՌԴ-ի դեմ ու ասի՝ եթե դու նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններդ չես կատարում, ուրեմն 102-րդ բազան էլ վերցնելու ես, ստեղից… Այսօր կառավարությունից պահանջը այն է, որ Արցախի հարցը պահի օրակարգում, դա ՀՀ անվտանգության համար մեկ երաշխիքն է: Եթե իշխանություններին թվում է, թե լեգիտիմ, այսինքն, թղթի վրա ինչ-որ բաներ կստորագրենք ու դա կլինի ամենակարեւոր երաշխիքը, դա չի լինի երաշխիք: Ամենակարեւորը գերտերությունների շահն է: Երբ դու այդտեղ քո դերն ունենանս, կշահես: Մեր իշխանությունները մի այլ տիպի միամիտ սխալներ են անում: Մեր ազգը, որ 100 տարվա մեջ 3 անգամ ցեղասպանության է ենթարկվել, ո՞նց կարող է հույսը դնի ինչ-որ թղթի կամ լեգիտիմության վրա: Առաջինը միջազգային հարաբերություններում շահն է, հետո՝ ուժերի բալանսը, երրորդը նոր միջազգային իրավունքն է, ինչի համար Նիկոլ Փաշինյանը իր արեւին պայքարում է, բայց չգիտի, որ դրա տակ բան չկա»:
Հարցին՝ եթե Հայաստանը ուլտիմատում դներ ՌԴ-ի առաջ, ի՞նչ արձագանք կլիներ ՌԴ-ից՝ նա պատասխանեց. «Երբ Արցախից տեղահանում էին, այդ ժամանակ հակառուսական տրամադրությունները չափից բարձր էին ու եթե այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը դուրս գար ու հայտարարեր, որ 102-րդ ռազմաբազադ հանի ստեղից ռադ արա, մեծ աջակցություն էր ստանալու ժողովրդի կողմից: Իսկ երբ իշխանությանը աջակցում է ամբողջ ազգը, որեւիցե արտաքին քաղաքականություն, գերտերություն կամ նույն Կրեմլը ոչ մի ազդեցություն չէր կարող ունենալ»:
Ցուցարարների հետ զրուցեց ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության հարցերով խորհրդականը, վերցրեց նրանց նամակն ու խոստացավ փոխանցել:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ