Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում աշխատանք ունեցել է հարցված արցախցիների 84,7 տոկոսը, ՀՀ-ում՝ 22,9 տոկոսը․ հետազոտություն

Հուլիս 09,2024 13:18

«Արձանագրում ենք, որ այնպես, ինչպես սոցիալական աջակցության ծրագրերն են, այդպես Արցախից բռնի տեղահանվածների զբաղվածության ուղղությամբ ծրագիր չկա»,- «Մեդիա կենտրոնում» «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության խնդիրներն ու աշխատանքային իրավունքների վիճակը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Արթուր Սաքունց

2024-ի փետրվար-մայիս ամիսների ընթացքում «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն՝ «Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության և աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրները Հայաստանում» թեմայով։ Արթուր Սաքունցը կարևորեց Արցախից բռնի տեղահանման աշխատանքային ռեսուրսների վիճակի գնահատումը զբաղվածության, ինտեգրման քաղաքականությունն ավելի օբյեկտիվ և ավելի արդյունավետ իրականացնելու համար։

Արթուր Սաքունցը նկատեց՝ հետազոտության տվյալները վկայում են, որ մասնավոր բիզնեսի կողմից աջակցությունը բավականին քիչ է եղել․ «Ավելի շատ պետական մարմինների կողմից են արցախցիները ստացել աջակցություն, հետո միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ները և չորրորդ տեղում է բիզնեսը։ Այս հարցը բավականին մտահոգիչ է»։

 

Ըստ նրա՝ պետությունը պետք է ունենա զբաղվածության քաղաքականություն․ «Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ զբաղվածության քաղաքականության բացակայության պարագայում նոր մարտահրավեր կա՝ հանձին Արցախից բռնի տեղահանվածների զբաղվածության խնդրի լուծման։ Փոքր ու միջին բիզնեսով զբաղվելու հետ կապված էլ է պետք մտածել։ Արցախցիների մի որոշ հատված ունի բիզնես անելու կարողություններ։ Պետությունը պետք է քաղաքականություն մշակի, ֆինանսական, տեխնիկական տարբեր հնարավորություններ, որպեսզի մարդիկ ոչ թե սոցիալական աջակցության ծրագրերի վրա հույս դնեն, այլ նաև իրենց աշխատանքային և բիզնես կարողությունները զարգացնեն»։

Լիանա Բալյան

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» /APR Group ՀԿ-ի ղեկավար Լիանա Բալյանը հայտնեց՝ իրականացվել է երկու հիմնական հետազոտություն ՝ ելակետային ուսումնասիրություն, որն իրականացվել է ՀՀ բնակչության շրջանում ՝ 1200 հոգու շրջանում և ամփոփիչ, որն իրականացվել է Արցախից բռնի տեղահանված 1200 անձի շրջանում։ Հարցման մասնակիցների հիմնական տարիքային խումբը 26-55 տարեկանն է, որոնք կազմել են 68 տոկոսը։ Ըստ հետազոտության արդյունքների՝ գյուղական բնակավայրերում, մարդիկ չգտնելով աշխատանք, որոշել են տեղափոխվել քաղաքային բնակավայրեր։

Լիանա Բալյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները։ Մասնավորապես նշեց․ «Արցախում աշխատանք ունեցել է հարցվածների 84,7 տոկոսը, հիմնական զբաղվածության ոլորտները՝ բյուջետային։ ՀՀ-ում աշխատանք ունեցել է հարցվածների 22,9 տոկոսը։ 36,5 տոկոսը միջին կամ մեծ մասնավոր ընկերություններում է աշխատում, 20,6 տոկոսը՝ պետական մարմիններում։ 19,5 տոկոսն Արցախում աշխատել է կրթության ոլորտում, ՀՀ-ում՝ այս ոլորտում աշխատում է հարցման մասնակից արցախցիների 13 տոկոսը։ Պատճառն այն է, որ նույն ոլորտում աշխատելու համար ավելի բարձր են վարձատրվել Արցախում, քան ՀՀ-ում։ Հսկայական տարբերություն կա զինված ուժեր և բանակում աշխատողների առումով՝ Արցախում 18․9 տոկոսն է զբաղված եղել այս ոլորտում, ՀՀ-ում՝ միայն 2,9 տոկոսը»։

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ եթե Արցախում մարդիկ ավելի բարձր պաշտոն են զբաղեցրել, գալով ՀՀ ոչ բոլորն են իրականացնում աշխատանք հենց իրենց ոլորտում։ Լիանա Բալյանն ասաց․ «48․1 տոկոսը նշել է, որ աշխատում են ավելի ցածր պաշտոնում, քան Արցախում, 37,6 տոկոսը նշել են, որ աշխատում են նույն պաշտոնում, ինչ Արցախում, 6,8 տոկոսը հարցվածների աշխատում է ավելի բարձր պաշտոնում, քան Արցախում»։

 

Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ Արցախից ՀՀ տեղափոխված անձինք աշխատանք չեն գտնում, հարցվածների 32․3 տոկոսը պատճառաբանել է ցածր վարձատրությունը, 20,5 տոկոսը բնակավայրին մոտ աշխատատեղ չլինելը, 8,8 տոկոսը նշել է, որ գործատուները չեն ցանկանում արցախցի ընդունել։ Եթե առաջին հարցման ժամանակ արցախցիների 30,9 տոկոսը նշել էր, որ եթե ՀՀ-ում աշխատանք չգտնի, տեղափոխվելու է այլ երկիր, ապա երկրորդ փուլի հարցման ժամանակ 19,1 տոկոսն է այդպես նշել․ այսինքն՝ երկու անգամ նվազել է Հայաստանից մեկնել ցանկացող արցախցիների թիվը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031