Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ տեղի ունեցավ պահանջատիրական ցույց: Արցախցիները պահանջում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին տեր կանգնել ու կատարել: Էթնիկ զտումից հետո նրանց հորդորում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու իրենց մասնավոր սեփականությունն ու հոգեւոր ժառանգությունը, մինչեւ իրենք կվերադառնան հայրենի բնակավայր:
Ցուցարարներն ասում էին. «Մենք իրավունք չունե՞նք վերադառնանք մեր տները, գնանք մեր գերեզմանոցները, ո՞վ է որոշում, որ ես չպիտի գնամ իմ տուն: Իմ պապաս այնտեղ է, եղբայրս այնտեղ է, ո՞վ է իմ տեղը որոշում»:
Թե ինչու ՀՀ կառավարության մոտ չեն անում ցույց՝ ցուցարարը պատասխանեց, որ այստեղ Հայաստանի իշխանություն չկա, ռուս-թուրքական դաշինքն է իշխում:
Նախաձեռնության հեղինակներից Արմինե Ավակիմյանն ասաց. «Տեսնում ենք, որ Ադրբեջանը ժամ առ ժամ նպատակադրված վերացնում է մեր հայկական հետքը, մեր պատմամշակութային կոթողները, եկեղեցիները, շարժական ու անշարժ գույքը: ՄԱԿ-ի արդարադատության դատարանը վճիռ ունի, որ արցախցիները, որոնք ստիպված լքել են իրենց տները՝ կապված սեպտեմբերի 19-ի իրադարձությունների հետ, Ադրբեջանը պարտավոր է ապահովել այդ քաղաքացիների ազատ ելումուտը, չոչնչացնել նրանց ունեցվածքը: Ճիշտ է, մենք լքել ենք ճարահատյալ մեր հայրենիքը, բայց դա չի նշանակում, որ հրաժարվում ենք մեր իրավունքներից»:
Կարդացեք նաև
Թե ինչ պայմանների դեպքում է հնարավոր արցախցիների վերադարձը՝ Ավակիմյանն ասաց, որ Արցախի մոտ 200 կազմակերպություններ քննարկել են, շարադրել են պայմանները ու ներկայացրել են միջազգային կառույցներին. «Հստակ անվտանգային եւ իրավական կարգավորումների միջազգային ներկայության պայմաններում հնարավոր է արցախցիների վերադարձը: Մենք նկատում ենք, որ Արցախի եւ արցախցիների վերադարձի հարցը նպատակ ունեն օրակարգից հանել»:
Ցուցարարներից Արցախի պատմական միջավայրի պետական ծառայության նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Արցախի տարածքում մենք թողել ենք 6 հազարից ավելի պատմամշակութային հուշարձաններ, որոնք այսօր ֆիզիկական ոչնչացման եւ նաեւ իսլամացման վտանգի տակ են: Սա այն քաղաքականությունն է, որն Ադրբեջանը սկսած 1920-ականներից իրականացնում է Արցախում՝ էթնիկ զտումներին զուգընթաց: Հիմա արդեն, երբ հասել է նրան, որ Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Արցախի տարածքը, հիմա էլ հայկական հետքի վերացման խնդիրն է լուծում: Նա ոչնչացնում է հայկական հոգեւոր շինությունները: Արդեն ունենք 3 եկեղեցի հիմնահատակ ավիրված, առաջինը Ջրականի Մեխակավանի Սուրբ Աստվածածին զորավոր եկեղեցին էր, Բերձորի եկեղեցին եւ Շուշիի Հովհաննես Մկրտչի կամ Կանաչ ժամ անունով հայտնի եկեղեցին է, որ հիմնահատակ ավերվել է: Եթե առաջին երկուսի դեպքում Ադրբեջանը հայտարարում էր, որ դրանք նոր են կառուցվել, ապօրինի են կառուցվել իր տարածքում, ապա Հովհաննես Մկրտչի եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում: Մասսայաբար վերացվում են գերեզմանոցներ, բնակավայրեր, օրինակ, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղը, որը հիմնահատակ ավերվել է: Դրա հետ վերացվում են մարդկային պատմությունները, մի խոսքով, տարածքն ազատվում է հայկական շնչից»:
Ցուցարար կանանցից մեկն էլ բղավեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ: Անկախ Ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի՛ եղել: Երբե՛ք: Ինքնավար մարզ է եղել անգամ: Իսկ Նիկոլը կեղծ գործարքներ է արել, խախտել Սահմանադրությունը: Սահմանադրությամբ Արցախի անվտանգության հովանավորն է եղել, ո՞ւր է: Ո՞ւր ես, Նիկո՛լ, ինքնագլուխ գործարքներ ես կատարել, նա իրավունք չուներ արցախցու անունով գործարքներ կատարելու, դա արցախցին է որոշում,իսկ ինքը որոշել է արդեն: Նիկո՛լ, լավ հիշիր, մենք չենք ներելու քեզ»:
Մանրամասները՝ տեսանյութերում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ