Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Սամանթա Փաուերն արցախցի կանանց հետ Երևանում ժենգյալով հաց է պատրաստել

Հուլիս 09,2024 12:55

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևանում ժենգյալով հաց պատրաստեց արցախցի կանանց հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաուերը Հայաստան այցի շրջանակում այցելեց Արցախից Հայաստան տեղափոխված սննդի օբյեկտ՝ «Թեյսթ օֆ Արցախ», որը աջակցություն է ստացել ԱՄՆ ՄԶԳ-ից:

Արցախցի կանայք նրան ծանոթացրին ժենգյալով հացի պատրաստմանը, ներկայացրին, որ միջուկը պատրաստում են 13 տեսակի կանաչիներից, ինչը զարմացրեց Փաուերին:  Ապա Փաուերն անձամբ պատրաստեց արցախյան ավանդական ժենգյալով հացը:

«Թեյսթ օֆ Արցախ»-ը ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Շուրջ 3 տարի է, ինչ տեղափոխվել են Երևան: Այս պահին ընկերության ավելի քան 10 աշխատակիցների մեծ մասը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք են:

«Մեր արտադրանքն արցախյան ավանդական ժենգյալով հացն է: Ներկա պահին ունենք շուրջ 12 տեսակի ժենգյալով հաց», – լրագրողների հետ զրույցում ասաց «Թեյսթ օֆ Արցախ»-ի հիմնադիր տնօրեն Միհրան Բաղդասարյանը՝ հավելելով, որ շատ ուրախ են, մեծ պատիվ է հյուրընկալել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարին:

Ի դեպ, ԱՄՆ ՄԶԳ-ն ընկերությանը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել: Համագործակցությունը սկսել են նախորդ տարվա հոկտեմբերից:  Բաղդասարյանի խոսքով՝ ցուցաբերած աջակցությունը ընկերության առաջընթացի համար մեծ արդյունք է տվել, թույլ է տվել նաև ավելացնել աշխատատեղերը:

Սամանթա Փաուերը ժենգյալով հաց պատրաստելուց հետո հանդիպեց ու զրուցեց ԼՂ-ից տեղահանված անձանց հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031