Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայթայթվել է Արցախի բարբառով 33 երգ, փնտրվում է համերգի կազմակերպիչ

Հուլիս 09,2024 12:35

«Նուբար» ավանդական երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 2023թ-ին, մինչեւ Արցախի ընկնելը, ռադիոհաղորդման համար արցախյան 10 երգ էին պատրաստել եւ երգել:

Լուսինե Նազարյան

«Որոշ ժամանակ անց մտածեցի, որ կարելի է արցախյան երգերի ամբողջական ծրագիր պատրաստել եւ չսահմանափակվել 10 երգով: Սկսեցի փնտրել, հարցուփորձ արեցի երաժշտագետներին, ցանկանում էի պարզել՝ Արցախում աշխատած բանահավաքներ եղե՞լ են: Պարզվեց, որ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվում բավականին նյութ կա:

Երաժշտագետ, ֆոլկլորագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոս Մարիաննա Տիգրանյանից տեղեկացա, որ իր ուսանողը եւս դիպլոմային աշխատանք է պատրաստում արցախյան երգերի թեմայով: Նա ինձ բավականին նյութեր փոխանցեց, Արցախից Մարատ Հարությունյանը որոշ ձայնագրություններ փոխանցեց՝ ձայնագրել էր ծերանոցում ապրող մի պապիկից, հետո պարզվեց, որ Արտեմ Խաչատուրն ունի Ալեքսանդր Մանասյանի խոսքերով Արցախի բարբառով երգեր, աշուղ Բագրատից, Գուրգեն Գաբրիելյանից, Մադլեն Ասրյանից ու մյուսներից էլ նյութեր հայթայթեցի: Արդյունքում ունեցանք 33 երգ՝ Արցախի բարբառով, որոնց մեջ կան նմուշներ, որոնք երբեւէ չեն կատարվել, նաեւ պարեղանակներ կան, որոնք եւս չեն կատարվել եւ պահպանվում են ԳԱԱ արխիվում:

Այժմ մենք խնդիր ունենք՝ կազմակերպչական հարցերի հետ կապված, մեզ անհրաժեշտ է պրոդյուսեր, մենեջեր, որը կզբաղվի կազմակերպչական հարցերով, որովհետեւ հարկ կլինի դահլիճ վարձակալել, ունենք նաեւ ձայնային տեխնիկայի խնդիր: Ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ եւ մարդիկ, որոնք կօգնեն կազմակերպելու համերգը, որովհետեւ ինքս միայնակ չեմ կարող զբաղվել եւ ստեղծագործական եւ կազմակերպչական հարցերով»,-նշեց Լուսինե Նազարյանը:

Հավելենք, որ «Նուբար» ավանդական երգ ու պարի համույթը ստեղծվել է հայ ազգային, ավանդական երգերն ու պարերը հայտնաբերելու, մշակելու եւ հանրությանը ներկայացնելու նպատակով: Համույթը հանդես է եկել զանազան համերգային ծրագրերում, մասնակցել փառատոների Հայաստանում ու արտերկրում, հանդես է եկել մենահամերգներով՝ ներկայացնելով պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգանմուշներ. առավելապես՝ Համշենի, Կարնո, Չմշկածագի շրջանների երգեցիկ մշակույթ:

Խմբի մասնակցությամբ նկարահանվել է «Կարմրավանքի երգ-պատմությունները» ֆիլմ-համերգը՝ Կարմրավանք (Ղզլքիլիսա) գյուղում կատարված բանահավաքչական աշխատանքների հիման վրա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031