«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել վարույթ սկսել ՀՀ Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։
Հիշեցնեմ, որ 2022 թ․ այս անհեթեթ և գաղտագողի «թխված» հոդվածի հիման վրա է իմ դեմ շինծու քրեական գործ հարուցվել (և մինչև հիմա էլ ընթանում է), և մենք ի սկզբանե դատարանում վիճարկել ենք ոչ միայն իմ մեղքի առկայությունն այս գործով, այլև քրեական գործ հարուցելու բուն օրինականությունը և մեղադրանքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Հիմա, երբ այս նույն հոդվածի հիման վրա մի շարք նոր գործեր են հարուցվել տարբեր ընդդիմադիր գործիչների դեմ, հարցը հավելյալ հնչեղություն է ստացել, և ԱԺ ընդդիմությունը պաշտոնապես դիմել է Սահմանադրական դատարան։
Նրանից հետո, երբ նույնիսկ Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը իր զեկույցում անդրադարձավ այս հարցին, և մատնանշեց 236.2 հոդվածի ոչ իրավաչափությունը և հակասությունը Խաղաղ հավաքների անցկացման Եվրոպական ուղեցույցին, ՀՀ Սահմանադրական դատարանն այս հարցն ընդունեց քննության։ Շնորհակալ եմ բոլոր այն գործընկերներին, որոնց հետևողական աշխատանքն ու պայքարը հանգեցրեց այս կարևոր հանգրվանին, սակայն դեռ մեծ աշխատանք է սպասվում առջևում՝ այս հարցին իրավական և արդարացի լուծում տալու համար։
Կարդացեք նաև