Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհասկանալի և անընդունելի է այն, որ ՀՀ-ում անշարժ գույք ունեցող ընտանիքը զրկվում է աջակցությունից». «Ապառաժ»

Հուլիս 09,2024 12:29

Ապառաժ. Բռնի տեղահանված Արցախի քաղաքացիներին բնակարաններով ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունն աջակցության ծրագիր է հաստատել, որը միանշանակ չի ընդունվել արցախցիների կողմից:

Հատկապես այն խնդիր է փոքրաթիվ անդամներից կազմված ընտանիքների համար, եւ ոչ միայն: Արցախցիներից շատերը դեմ են արտահայտվել ծրագրի դրույթներին, քանի որ այն չի սպասարկում առանց այն էլ դժվար կացության մեջ հայտնված ժողովրդի շահերը եւ չի բխում նրանց պահանջներից: Ցավալիորեն պետք է արձանագրել, որ ՀՀ-ն նման ծրագրերով նպաստում է արցախցի ընտանիքների արտագաղթին, նրանց սոցիալապես ավելի խոցելի դարձնում: Արցախցիները հարցի առնչությամբ սոցիալական ցանցերով եւ այլ միջոցներով բարձրաձայնել են իրենց դժգոհությունը, սակայն մնացել են անպատասխան, փոխարենը ՀՀ կառավարությունը հաստատել է ծրագրի կարգը, որը մի շարք բացասական կետեր ունի:

Ծրագրով նախատեսված բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար նախընտրելի բնակավայրերը ՀՀ սահմանամերձ տարածքներում են, ինչը մի շարք խմբերի համար անհամատեղելի է:

Մյուս խնդիրը, որ բախվում են Արցախի քաղաքացիները ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցն է, արցախցիների մեծամասնությունը 070-ը համարում է իր ինքնության կոդը եւ դժվարությամբ է հրաժարվում դրանից: Արցախցին դարերով երազել է ստանալ ՀՀ քաղաքացիություն, բայց այսօր ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում աստիճանաբար կվերացվի բռնագաղթածի կարգավիճակը, միջազգային ասպարեզում «կթաղվի» Արցախի հարցը և կիրականանա նաև թշնամու երազանքը, որին չեն քննադատի միջազգային ասպարեզում՝ որպես ցեղասպանություն իրականացրած ոճրագործի:

ՀՀ կառավարության արցախցիների բնակապահովման ծրագրի, դրանից բխող խնդիրների եւ նրանց հանդեպ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է մի շարք արցախցիների հետ, որոնցից մի քանիսը առանձնացված ներկայացնում ենք ստորեւ.

Գագիկ Մարտիրոսյան – ԱՀ Կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի նախկին տեղակալ

ՀՀ կառավարության կողմից հաստատված Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը՝ գործող իշխանությունների կողմից հերթական մանիպուլյացիոն ծրագիրն եմ համարում։ Առանձնապես այն, որ պահանջվում է ընդունել ՀՀ քաղաքացիություն, այսինքն Արցախը որպես օբյեկտ չկա, ցանկանում են վերացնել նաև որպես սուբյեկտ։ Չկան արցախցիներ, չկա Արցախի հարց։ Տրամադրվող գումարները բավարար չեն տուն ձեռք բերելու, իսկ արցախցիների մեծամասնությունը չի աշխատում, և ըստ այդմ մարդիկ չեն կարող օգտվել տրամադրվող հիպոթեքային վարկավորումներից։ Հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը՝ արցախցիների համար աշխատատեղերի հեռանկարներ ապագայում չեմ տեսնում։ Ծրագրի շրջանակներում իմ ընտանիքը մտնում է երրորդ փուլի մեջ, որը սպասվում է 2027 թվականին։ Ապրում ենք անկանխատեսելի ժամանակաշրջանում, և դեռևս չեմ մտածում այդ ուղղությամբ։

Տաթևիկ Աղաջանյան – Արցախցի լրագրող

Իմ կարծիքով շատ վատ ծրագիր է, որի մշակման ժամանակ հաշվի չեն առնվել բնակարանների ներկայիս գները, արցախցիների համար նորմալ կենցաղային, հոգեբանական պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը։ Ավելի շատ արցախցիների արտագաղթին նպաստող ծրագիր է ներկայացվել, որի պայմանների հրապարակումից հետո մեծացել է այն։ Արցախցիների հետ հանդիպումների ժամանակ փոխանակ նրանց կարծիքները լսելու, ծրագիրն էին հիմնավորում, արդարացնում անարդար պայմանները, մասնավորապես քաղաքացիության ընդունման պարտադիր պահանջը։ Կոնկրետ մեր ընտանիքի համար հերթը մի քանի տարի հետո է հասնելու, մենք էլ այդ գումարով ՀՀ-ի ոչ մի մարզում նորմալ բնակարան չենք կարող գնել։ Երևի կարող են օգտվել միայն բազմազավակ ընտանիքները, այն էլ ծայրահեղ անհրաժեշտության ու այլընտրանքի բացակայությամբ պայմանավորված։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031