Ազատության պողոտայում նոր շենք է կառուցվում։ Բնակիչները դեմ են եւ երեկ վաղ առավոտից դուրս էին եկել փողոց, փորձում էին կասեցնել շինարարությունը, տեսախցիկների առաջ իրենց բողոքն էին արտահայտում։
Բնակիչները լրագրողներին պատմում էին, որ շինաշխատանքները կարող են վնասել իրենց շենքերին, որ տարածքը նեղ է, բակում նոր շենք կառուցելու համար իրենք համաձայնություն չեն տվել։
Քաղաքապետարանի լրատվության պատասխանատու Տարոն Գևորգյանը մեզ ասում է՝ ամեն ինչ օրինական է, բնակիչներին վտանգ չի սպառնում։
«Ազատության պողոտա 14/3 հասցեի հասարակական նշանակության շինության համար առկա է գործող շինթույլտվություն։ Բնակիչները դժգոհում են, որ այդ շինությունն իրենց շենքին շատ մոտ է գտնվում, ինչն իրենց մոտ անհանգստություն է առաջացրել։ Նրանք կարծում են, որ իրենց շենքի հիմքերը կարող են տուժել, բայց երբ որ քաղաքապետարանի կողմից տրվում է շինթույլտվություն, դա նշանակում է, որ այդ ամենը հաշվի առնելով է տրվել, մասնագետների եզրակացություններ են տրվել, այդ բոլոր հարցերն ուսումնասիրված են»։
Կարդացեք նաև
Տարածքի նախկին սեփականատերը Վահան Ավագյանն է։ Նոր սեփականատերը, որը այն ձեռք է բերել 2024 թվականին` այստեղ ներդրում կատարելու, շենք կառուցելու նպատակով, Զավեն Օվսյանն է։ Զավեն Օվսյանի ներկայացուցիչ Արտավազդ Կիվիրյանը հայտնեց, որ շինթույլտվութունը տրվել է նախկին սեփականատիրոջը` 2020 թվականին, հետագայում` 2023-ին, շինթույլտվության ժամկետը երկարաձգվել է, կրկին նախկին սեփականատիրոջ ժամանակ։
Նա պատմեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ բնակիչները կրկին հավաքվել են տարածքում, մոտեցել է նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը, որոշել են հավաքվել թաղապետի մոտ եւ քննարկել բոլոր հարցերը, սակայն բնակիչները չեն ներկայացել հանդիպմանը։ Կիվիրյանն ասաց, որ որեւէ փաստաթուղթ` առ այն, որ տարածքը պատկանում է բնակիչներին, իրենց ցույց չեն տվել։
Ի դեպ, Զավեն Օվսյանը Գլխավոր դատախազության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արտյոմ Օվսյանի եղբայրն է։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: