Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ սպասում է, հնարավոր է՝ երկարատև, հնարավոր է՝ ծանր պայքար, բայց կա՞ ուրիշ ճանապարհ. Լարիսա Ալավերդյան. «Փաստ»

Հուլիս 09,2024 11:14

Որքան էլ անհատները կամ կազմակերպություններն ունենան միջազգային գործընկերներ, լայն հնարավորություններ, կարո՞ղ են հարցեր լուծել, եթե իրենց թիկունքում չզգան պետության աջակցությունը: «Կարելի է տեսականորեն պատկերացնել, որ այդ կազմակերպությունները, անձինք և փորձագետները դիմում են այլ պետություններին՝ խնդրանքով, որ Արցախի հարցը միջպետական տարբեր հարթակներում բարձրացվի և մտցվի քաղաքական օրակարգ: Բայց կարծել, որ կունենանք արդյունք, հարցերը կլուծվեն, չի կարելի: Սա է պատճառներից մեկը նաև, որ հասարակության մի մասը, որոնք կազմակերպում և մասնակցում են բողոքի ակցիաներին, պահանջում են այս իշխանությունների հրաժարականը: Խնդիրն անձերի մեջ չէ, թե ովքեր են, ինչ ազգանուն, դաստիարակություն կամ կրթություն ունեն, խնդիրն օրվա իշխանության վարած քաղաքականությունն է: Դատելով արդյունքներից՝ լինի հայտարարություն, գործողություն, թե կատարված քայլեր ու դրանց հետևանքներ, այս իշխանությունները սպասարկում են թուրքադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: Եթե այս իշխանությունը փոխի իր քաղաքականությունը և համապատասխանեցնի ազգային շահերին, նպատակներին, որոնք չեն հակասում միջազգային ո՛չ իրավունքին, ո՛չ էլ արժեհամակարգին, ապա թող նա լինի: Իշխանության հրաժարականը պահանջում են, քանի որ նրա քաղաքականությունն ամբողջովին ոչ միայն հակասում է Սահմանադրությանը, օրենսդրությանը, ազգային շահերին և նպատակներին, այլ պարզապես սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Բաքվում ունենք գերիներ, այնտեղ ապօրինի պահվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Հայաստանի իշխանությունները, կարծես թե, անտարբեր են հարցի վերաբերյալ, խնդրով կրկին զբաղվում են անհատները և կազմակերպությունները: «Դատելով այստեղ արցախցիների, այդ թվում՝ ղեկավարության հանդեպ վարած քաղաքականությունից, իսկ դրանք միայն առանձին անօրինական, հակաիրավական քայլեր չեն՝ դարպաս կոտրել, մեքենա առևանգել և այլն, կարծում եմ, որ ձեր նշած հարցերը առանձնապես չեն հետաքրքրում իշխանություններին: Ղարաբաղյան շարժումից սկսած՝ ամեն ինչը նրանք համարում են պատմական սխալ: Այս առումով կասկած չունեմ, որ այս կերպ իրականացվող հետապնդումները խոսում են նրանց մոտեցումների մասին: Նրանց բացարձակ չի անհանգստացնում այն ամոթալի վիճակը, որ Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները ոչ թե գերի են վերցվել մարտական գործողությունների ժամանակ, այլ անօրինական, միջազգային, մասնավորաբար՝ մարդասիրական իրավունքին հակասող, անօրինական ձևով ձերբակալվել են և հիմա պետք է անօրինական ձևով դատվեն, քանի որ նույն անօրինական ձևով հարուցվել են գործեր»,-հավելում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրենը:

Վերադառնալով Հայաստանում իրականացվող ձերբակալություններին, խուզարկություններին, ասֆալտին «փռելուն»՝ ընդգծում է՝ սա խոսում է իշխանությունների հոգեբանական բարդույթների մասին: «Երևի թե ոչ միայն այդ թիմի առաջնորդը, այլ շատերը ուրախանում են, երբ տեղի են ունենում պետության համար այս խայտառակ գործողությունները: Պատահական չէ, որ իրենք դա ցուցադրում են: Ցուցադրաբար հանցագործություն գործելը ցեղասպանության բնութագիր է, խնդիրը ոչ միայն տվյալ մարդկանց հանդեպ անօրինական գործողություն իրականացնելն է, այլ ժողովրդի շրջանում վախի և սարսափի մթնոլորտ տարածելը: Դա արվում է այն մեթոդներով, որոնք ներհատուկ են կառավարման՝ ճնշելու մեթոդ օգտագործող հետամնաց, անմարդկային բնութագրեր ունեցող կառավարություններին և խմբերին: Չեմ զարմանում, որ միջազգային խոշոր սուբյեկտների ներկայացուցիչները գովասանքով են խոսում Հայաստանի այս իշխանությունների ժողովրդավարական մեթոդների մասին: Դա նույն վերաբերմունքն է, որ ժամանակին ունեցել են գաղութատերերը, որոնք ամենակոպիտ ձևով են վերաբերվել իրենց գաղութներում ապրող մարդկանց հանդեպ»,-շեշտում է մեր զրուցակիցը:

«Ճշմարտությունը, արդարությունն անզոր է, եթե պետությունը ուժեղ չէ: Պայքարն ինձ համար ավարտված չէ, պետք է նոր փուլ մտնենք: Տասնապատիկ ավելի շատ ջանքեր գործադրելով՝ պետք է կարողանանք արդյունքի հասնել: Հայաստանում չպետք է լինի մարդ, որ բազմապատկման աղյուսակի պես չիմանա երկու կարևոր փաստ և չտարածի դրանք աշխարհով մեկ:

Առաջին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում, և Ադրբեջանի բոլոր գործողությունները ցեղասպանական ագրեսիա են: Երկրորդ՝ մինչ այսօր Ադրբեջանը չունի օրինական սահմաններ, ինչպես սիրում են ասել, կադաստրի թուղթ չունի: Ինչո՞ւ է Արցախի հիմնահարցը աղավաղված, եթե չասեմ այլասերված ձևով տարածվել աշխարհով մեկ, էլ չեմ ասում Հայաստանում: Անելիքն այնքան շատ է, այնպես որ, բոլորին կոչ եմ անում հանկարծ չհոգնել, մեզ սպասում է, հնարավոր է՝ երկարատև, հնարավոր է՝ ծանր պայքար, բայց կա՞ ուրիշ ճանապարհ, չկա: Պետք է պայքարել ու հասնել արդարության բոլոր միջոցների օգտագործմամբ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031