Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 1-ին խոսելով ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին, հայտարարեց, որ նման հանրաքվե չի կայանա, եւ մանրամասնեց, թե «ինքը գիտի, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կողմ է այդ անդամակցությանը, բայց չգիտի, թե ԵՄ-ն պատրա՞ստ է Հայաստանին տեսնել ԵՄ կազմում, թե՞ ոչ»: Իր կասկածը Փաշինյանը պայմանավորեց ԵՄ կառույցներում ընտրությունների արդյունքներով, որոնք փոխում են իրավիճակը:
Սակայն Փաշինյանի հայտարարությունից բառացիորեն մի քանի օր առաջ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տրամագծորեն հակառակ կարծիքն էր հայտնել՝ վստահություն հայտնելով, որ այդ հանրաքվեն մոտ ապագայում կլինի։
Ինչո՞ւ է Փաշինյանն ասում մի բան, իսկ Ալեն Սիմոնյանը՝ ճիշտ հակառակը:
ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին եւս Ալեն Սիմոնյանի հայտարարությունը տարօրինակ է թվացել, քանի որ թիմում քննարկել են այդ հարցը, եւ գերիշխել է կարծիքը, որ հանրաքվե չի անցկացվելու: ՔՊ-ական պատգամավորը հավելում է, որ ինքը դավադրությունների սիրահար չէ, համաձայն է, որ նա իր անձնական տեսակետն է պնդել․ «Դե․․․ հակասություն չեն, ընդամենը տարբեր կարծիքներ են, բայց մեր թիմում որ քննարկել ենք, ճնշող մեծամասնությունը դեմ էր հանրաքվեին, դրա համար էլ վարչապետը նման հայտարարություն է արել։ Մենք կարծում ենք՝ չկա դրա անհրաժեշտությունը, կլինի այն ժամանակ, երբ հայտ ներկայացնենք, դառնանք թեկնածու, բոլոր պահանջները բավարարենք տարիների ընթացքում, ու մեզ ասեն՝ ապրեք դուք, բավարարում եք։ Այն ժամանակ կարելի է նոր հանրաքվե անել, իսկ հիմա անիմաստ է, դա մեզ ոչինչ չի տալու»։
Իսկ եթե անգամ վարչապետն ու ԱԺ նախագահը հայտարարեին, որ հանրաքվե պետք է լինի, ինքը շարունակելու էր հակառակը պնդել` քանի դեռ չկան հստակ երաշխիքներ, իմաստ չունի տարածաշրջանից կտրվել․ «Մեր թիմում գերակշռում է տարածաշրջանային զարգացման մոտեցումը, դա նշանակում է, որ Եվրոպան բերենք ստեղ, մենք չվազենք Եվրոպա։ Պետք չէ, որ երկրորդ անգամ մենք դառնանք քրիստոնեությունը ընդունած առաջին պետությունը, չկա դրա անհրաժեշտությունը, այստեղ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան գոյություն ունեն, Իրանի Իսլամական Հանրապետություն գոյություն ունի, մենք այստեղ ենք ապրում ու չենք կարող դա հաշվի չառնել։ Մենք պետք է շարժվենք մի ճանապարհով, որը կլինի Հայաստանի ճանապարհը եւ չի լինի այլ երկրի անցած ճանապարհի կրկնություն»:
Կարդացեք նաև
Եթե նախընտրում են տարածաշրջանը՝ Ռուսաստանի գերակայությամբ, այդ դեպքում ինչո՞ւ են փչացնում հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։ «Այսինքն, թուրքերը գալիս մտնում են Ջերմուկ, մենք ասում ենք՝ մտել են, իրենք, թե` մի հատ ճշտենք՝ Ջերմուկը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական, մենք խոնարհաբար ասենք` լավ, սպասո՞ւմ ենք։ Մենք մեր շահերից ենք առաջնորդվում, Ռուսաստանի հետ հարաբերությունները չենք վատացրել, սառեցրել ենք հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, որի երեք պետությունն Ադրբեջանի դաշնակիցներն են»։ Այսինքն, կարո՞ղ ենք արձանագրել, որ, մեծ հաշվով, տեւական դեգերումներից հետո ՔՊ-ն նախընտրեց Պուտինի գիրկը։ «Ոչ, ոչ, մենք մեր ճանապարհով ենք գնում, Պուտինը կասի` բարեւ, կասենք՝ հազար բարի, կասի` չոռ, կասենք` չոռը քեզ, քո տիրոջ մերը»:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: