Լրահոս
Օրվա լրահոսը

Broken: երբ օրենքը ուժ չունի, ուժը ունի բոլոր իրավունքները

Հուլիս 09,2024 10:49

20 տարի առաջ այս օրը Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, ըստ որի՝ հրեական կառավարության կողմից Իսրայելի և Արևմտյան ափի միջև բաժանարար պատի կառուցումը անօրինական է։ Broken*  ֆիլմը պատմում է պաղեստինցիների այս իրավական պայքարի մասին, որը, բացի ժամանակավոր հույսից, նրանց ոչինչ չտվեց։

Հարցազրույց Ժնևում վավերագրական ֆիլմի պրոդյուսեր Ստեֆան Զիգլերի հետ FIFDH 2024 կինոփառատոնի շրջանակում:

Stefan Ziegler Producer’s Statement+BROKEN+ARM subs from AdvocacyProductions on Vimeo.

Չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի 193 պետություններից, 148-ը, այդ թվում Հայաստանը՝ պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը, այս ժողովուրդը մնում է նահատակ և գերի իր իսկ հայրենիքում։ Մինչ միջազգային հանրությունն ու դատարանները ճանաչում են նրանց իրավունքները, իրականությունն այն է, որ պաղեստինցիները ներկայումս ցեղասպանության են ենթարկվում՝ լիակատար անպատժելիության մթնոլորտում և ամբողջ աշխարհի աչքի առաջ: Ուրեմն ո՞րն է միջազգային իրավունքի արժեքը՝ Broken ֆիլմի թեման:

-Ինչպե՞ս ծագեց այս ֆիլմը նկարահանելու գաղափարը:

-Ութ տարի աշխատել եմ Արևմտյան ափում։ Եվ 2010-ից 2013 թվականներին ես եղել եմ այս բաժանարար պատի մոնիտորինգի բաժնի ղեկավարը ՄԱԿ-ի մի ծրագրի համար, որը նվիրված էր պաղեստինցիներին (UNRWA) և ֆինանսավորվում էր Շվեյցարիայի կողմից: Մենք պետք է փաստագրեինք Իսրայելի և Արևմտյան ափի միջև կառուցված այս պատնեշի ազդեցությունը պաղեստինյան բնակչության առօրյա կյանքի վրա:

Երբ 2013 թվականին մեր կազմակերպությունը լուծարվեց, ես որոշեցի կրթական արժեք ունեցող վավերագրական ֆիլմ նկարահանել այս ամբողջ փորձի մասին: Որպես պրոդյուսեր, ինձ հոգեհարազատ նախագիծը իրականացնելու համար, զանգահարեցի Պաղեստինա-ամերիկյան կինոռեժիսոր Մոհամմեդ Ալատարին:

Պաղեստինցի երեխաները բաժանարար պատի դիմաց

-2004 թվականի հուլիսի 9-ին Արդարադատության միջազգային դատարանը եզրակացրեց, որ այս պատի կառուցումը հակասում է միջազգային իրավունքին։ Ի՞նչ է փոխել այդ որոշումը պաղեստինցիների համար։

-BROKEN ֆիլմում Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) նախկին դատավոր Թոմաս Բուրգենտալը, որը մահացավ 2023 թվականի մայիսին, հայտարարեց. «Եթե ​​դուք իսկապես ցանկանում եք ոչնչացնել միջազգային իրավունքը, ապա ավելի շատ նման տեսակի գործեր բերեք Արդարադատության միջազգային դատարան և այս կերպ ցույց տվեք, թե որքան անարդյունավետ է միջազգային իրավունքը»: Այսօր պատը դեռ կա, իսկ պաղեստինցիների իրավունքները դեռևս անտեսվում են միջազգային հանրության կողմից։

Այնուամենայնիվ, 2022 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հանձնարարեց Արդարադատության միջազգային դատարանին հրապարակել նոր «խորհրդատվական եզրակացություն Պաղեստինի տարածքի օկուպացիայի իրավական հետևանքների վերաբերյալ»:

Կարծես պատմությունը կրկնվում է…

-Այսքանից հետո դուք դեռ հավատու՞մ եք միջազգային իրավունքին։

-Պարզ է, որ չորս էական փոփոխությունների կարիք կա: Առաջինն այն է, որ միջազգային իրավունքը պետք է հարգվի, այլապես մարդկությունը կսուզվի քաոսի մեջ։ Եվ որպեսզի դա հնարավոր լինի, երկրորդ պայմանը քաղաքական էլիտաների կրթությունն է այդ թեմայով: Ինչպես նաև, երրորդ պայմանը, ամբողջ հասարակության պրագմատիկ և հումանիստական ​​մտքի ձևավորումը: Եվ վերջապես, այս փոփոխությունների արդյունքները տեսնելու համար չորրորդ պայմանը ժամանակն է, որը մենք պետք է լցնենք հույսով ու ամենօրյա ջանքերով այս ուղղությամբ։

-Ի՞նչ կապ ունի Ձեր վավերագրական ֆիլմը Հայաստանի հետ:

-Երուսաղեմում հայերը մի քանի հազար տարվա ապացուցված ներկայություն ունեն։ Այս բաժանման պատը, հետևաբար, վերաբերում է նաև նրանց։ Ավելին, այս հին բնիկ ժողովուրդն ապրում է իր հողի վրա՝ Հայաստանում, իր հարևան Ադրբեջանի հետ տեւական ռազմական հակամարտության իրավիճակում։ Սա նրան հնարավորություն է տալիս ընկալելու և հասկանալու իմ վավերագրական ֆիլմի բոլոր նրբությունները, որոնց թեման՝ միջազգային իրավունքը, անմիջականորեն իրեն է վերաբերում։

Այդ իսկ պատճառով 2021 թվականին մենք կազմակերպեցինք 10-օրյա շրջագայություն Հայաստանում, կենտրոնանալով Կապանի վրա՝ ներկայացնելու Broken-ը։ Ես պետք է հասկանայի երկարատև կոնֆլիկտի ենթարկված հարավցիների տեսակետը և ինչպես այս ֆիլմը կազդեր նրանց ընկալման վրա: Ինձ ապշեցրեց հայ ժողովրդի անվստահությունը միջազգային իրավունքի նկատմամբ:

BROKEN-ը դիտելուց և մեր քննարկումներից հետո մարդիկ սկսեցին գիտակցել միջազգային իրավունքի ներուժը, որն իմ ճամփորդությունը դարձրեց հիշարժան:

Ստեֆան Զիգլերը «Ոսկե ծիրան»-ի 2021-ի հյուրերից էր

Աննա ԱԶՆԱՈՒՐ

Գլխավոր լուսանկարում՝ Ստեֆան Զիգլերը բաժանարար պատի դիմաց Broken (Կոտրված) ֆիլմում

* 2018 թվականին թողարկված Broken ֆիլմը արտադրվել է AdvocacyProductions-ի կողմից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031