Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որ գնում են, ինչո՞ւ են միայն սահմանային փշալարերի հետ նկարվում: Դժվա՞ր է նկարահանել տեսարաններ, թե ինչպես են սահմանամերձ գյուղերի բնակիչները երախտագիտություն հայտնում, որ վերջապե՜ս ադրբեջանական դիրքերը մոտեցրեցին իրենց տներին. «Փաստ»

Հուլիս 09,2024 10:26

Օրերս, նշենք, մի ամբողջ խումբ քպական պատգամավորների պատվիրակություն էր մեկնել Կիրանց, որի զգալի տարածքներ բառացիորեն վերջերս Նիկոլ Փաշինյանը հանձնեց թշնամուն, այդ թվում՝ իր ոստիկանության միջոցով տեռորի ու բռնությունների ենթարկելով այդ հողատվությանն ընդդիմացող կիրանցեցիներին ու նրանց աջակցող քաղաքացիներին:

Առանձնապես ուշադրություն գրավեց այն դրվագը, որ քպական պատգամավորուհիներից մեկը, այդ թեմայով մեկ այլ քպական քարոզիչի ֆեյսբուքյան դիտարկմանը արձագանքելով, հայտարարել է, թե անսահման հպարտ է Կիրանցում իր տեսածով: Նրան, իհարկե, նմանապես հակադարձել են, բայց այստեղ այլ բան էլ է հետաքրքիր: Այդ ի՞նչ է տեսել քպական պատգամավորուհին Կիրանցում, որ անսահման հպարտ է: Կիսված գյո՞ւղը, գյուղի դպրոցին համարյա արդեն կպած ադրբեջանաթուրքական դիրքերն ու զորքե՞րը, սահմանային փշալա՞րը, թե՞ իրենց այդքան սրտամոտ ադրբեջանական դրոշը: Ինչի՞ց է, էլի, ուրախացել, ինչի՞ համար է հպարտ: Միգուցե հպարտ է հայ մարդկանց քանդված տների ու շինությունների տեսարանի՞ց: Այն շինությունների, որ գտնվում էին այն հայկական հողերի վրա, որոնք իր «պարտիական» շեֆ ու կուռք Նիկոլ Փաշինյանը նվիրել է Ալիևին: Դրա՞ համար է հպարտ:

Առհասարակ, գուցե մի առանձնահատուկ հոգեբանական երևո՞ւյթ է պարտության համար հպարտանալը:

Զարմանալի է, ի դեպ, որ նույն պատգամավորուհին, օրինակ՝ մի քանի հատ դեղձ կամ սև սալոր բռնած չի նկարվել ու գրել. «Կիրանցն իմ հայրենիքն է», ինչպես մի 4 տարի առաջ Ակնայում (Աղդամ) արել էին նրա սիրելի կուսակցական ընկերները: Կարծում ենք՝ հիշում եք, որ գնացել ու Արցախում նկարվել էին: Իսկ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ գոռում էր. «Արցախը Հայաստան է, և վերջ»: Իսկ հիմա, ինչպես հայտնի է, այդպես չի բղավում, սակայն շարունակ այն է ասում, թե Կիրանցի կեսը Հայաստան չի, այլ ադրբեջանական է, Ոսկեպարի այս ու այն կողմերը ադրբեջանական են…

Եվ ո՞ւր էին բոլոր նրանք մայիսին, ինչո՞ւ կիրանցեցիների, ոսկեպարցիների բողոքի ցույցերի ժամանակ նրանք այդպես էլ չերևացին այդ սահմանապահ ու, ի դեպ, ասես ճակատագրի դաժան, բայց անողոք ծաղրով՝ 2021-ին հենց ՔՊ ընտրած գյուղերում ու գյուղացիների աչքերին: Կամ հիմա, որ գնում են, ինչո՞ւ են միայն սահմանային փշալարերի հետ նկարվում: Ի՞նչ է, դժվա՞ր է մի քիչ «փող թափել» ու նկարահանել սրտաճմլիկ տեսարաններ, օրինակ՝ առ այն, թե ինչպես են սահմանամերձ գյուղերի բնակիչները ջերմառատ երախտագիտություն հայտնում Նիկոլ Փաշինյանին ու նրա քպականներին, որ վերջապե՜ս ադրբեջանական դիրքերը կտրուկ մոտեցրեց իրենց տներին, դպրոցներին, մանկապարտեզներին:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031