Լրահոս
Օրվա լրահոսը

Այն փաստը, որ իշխանությունները ընդունակ են անհնազանդության խաղաղ ցույցեր անցկացնող ժողովրդի դեմ անհամաչափ ուժ կիրառել՝ չպետք է պատճառ դառնա անհնազանդության ցույցերի դադարեցմանը

Հուլիս 09,2024 09:30

2018 թվականից հետո, գործող իշխանություններին տապալելու մտադրությամբ, Երևանի Հանրապետության հրապարակում 2024 թվականի մայիսի իննին ռեկորդային քանակով ժողովուրդ էր հավաքվել և, համաձայն այդ համատեքստում շրջանառվող մի տեսակետի՝ մինչ այդ ոչ մի ընդդիմադիր շարժում չէր կարողացել այդքան համախոհներ հավաքել իր շուրջը, որովհետև առաջնորդները ժողովրդի կողմից բավարար չափով վստահություն չունեին։

Այս նկատառմանը մասամբ համաձայնելով հանդերձ՝ լինենք անկեղծ։ Մեծ հաշվով, ընդդիմադիր դաշտում առանցքային դերակատարների փոփոխություն առանձնապես տեղի չի ունեցել։ Հակառակ նրան, որ անցած շարժումները շատ ավելի բովանդակային էին և նման էին քաղաքական գործողությունների՝ այն ժամանակ այդքան մարդաշատ չէին ընդդիմության հանրահավաքները, իսկ մայիսի իննին հրապարակը լեփ լեցուն էր։ Ինչո՞ւ։ Առանց դույզն ինչ արժեզրկելու «Սրբազան պայքարի» առաջնորդների կատարած աշխատանքը, կարծում եմ, մայիսի իննի հանրահավաքի մարդաշատ լինելը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ 2023 թվականի սեպտեմբերից հարյուր հազարից ավել արցախահայեր կային արդեն Հայաստանում, որոնց զգալի մասն ունի ընդդիմադիր հայացքներ և հայաստանաբնակ իրենց քույրերի ու եղբայրների կողքին նրանք իրենց ակտիվ մասնակցությունն էին բերում հանրահավաքներին, և այժմ էլ նրանք շատ ակտիվ են, ինչը նրանց միայն պատիվ է բերում։

Կարծում եմ, այն մարդիկ, ովքեր 2024 թվականի մայիսի իննին հրապարակում հավաքվել էին՝ կհավաքվեին նաև նախորդ շարժումների հանրահավաքների ժամանակ, իսկ միգուցե նաև ավելի շատ հավաքվեին, եթե լինեին Հայաստանում։ Ասածս չընկալվի հանկարծ թե մեղադրում եմ նրանց, որ այն ժամանակ չեն եկել Հայաստան ու չեն աջակցել նախորդ շարժումներին։ Նախորդ շարժումների անհաջողությունների հնարավոր պատճառներից է նաև այն, որ առաջնորդները հետևողական չեղան ու ժամանակից շուտ հիասթափվեցին։

Գենադի Մնացականյան

Հանուն արդարության պետք է նշել նաև, որ «Տավուշը հանուն հայրենիքի» կամ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդները, ինչպես նկատել էի, շատ կարևոր դերակատարում ունեն ներքաղաքական իրավիճակը ժողովրդին իրազեկելու, ինչպես նաև նրանց ոգևորելու և դրական լիցքեր հաղորդելու գործում, բայց շարժումը այդպես էլ քաղաքական չի դառնում։ Չկան կտրուկ գործողություններ, չկան գոնե փոքր մասշտաբի անհնազանդության ակցիաներ, որոնց համար իշխանությունները միշտ առիթ տալիս են։ Եվ վերջապես, խոստովանենք, որ չկա կայուն թիմ։

Այն փաստը, որ իշխանությունները ընդունակ են անհնազանդության խաղաղ ակցիաներ անցկացնող, իրեն իշխանության բերած սեփական ժողովրդի դեմ անհամաչափ ուժ կիրառել՝ չպետք է պատճառ դառնա անհնազանդության ակցիաների դադարեցմանը։ Պետք է շատ ավելի համարձակ ու ազնիվ լինել։

Ժամանակին ԱՄՆ հիմնադիր հայրերից Ջորջ Վաշինգտոնը քաղաքականության մասին պատգամել է հետևյալ միտքը․ «Ազնվությունը լավագույն քաղաքականությունն է»։ Այո, հենց ազնվությունն էլ կարող է լինել այն գրավականը, որ քաղաքական միավորը կամ գործիչը հաջողության կհասնի։ Իհարկե, ազնվության մասին պատկերացումները տարբեր կարող են լինել։ Եթե որևէ քաղաքական ուժ անընդհատ փորձում է համոզել ժողովրդին, որ նա ոչ թե պաշտոնների համար է ուզում գալ իշխանության, այլ այս երկիրը չարիքից փրկելու համար կամ որպեսզի ճշմարտությունը հաղթի կեղծիքին և նման խոսույթներ՝ անտեսելով կամ երկրորդ պլան մղելով իշխանափոխության նպատակը, ապա ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք միգուցե շատ անկեղծ մարդու, բայց հաստատ ոչ քաղաքական գործչի հետ։ Քաղաքականության մեջ ազնվությունն ու անկեղծությունը պետք է դրսևորվեն իրենց բոլոր երանգներով ու գեղեցկությամբ, այլապես այն կարող է վերածվել պարզ ամբոխավարության։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031