Այսօր Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Հասարակական գիտությունների ֆակուլտետի գերազանց շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ինչպես ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն, այնպես էլ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Ինչպես տեղեկանում ենք Աննա Հակոբյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից, այսօրվա շրջանավարտների շարքում էր նաև նրա օգնական Վարդուհի Մանուկյանը։
Աննա Հակոբյանը հատուկ շնորհավորել էր իր օգնականին՝ նշելով, որ անասելի հպարտ է նրանով։
Կարդացեք նաև
Նշենք, որ Վարդուհի Մանուկյանը հերոսածին մայր է, նրա 18-ամյա որդին՝ Ռաֆիկ Սահակյանը, նահատակվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Նա գերազանցությամբ ավարտեց Շիրակի պետական համալսարանի հոգեբանության բաժինը։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, իր ելույթում առանձնացնելով հերոսածին մորն, ասաց, որ Վարդուհի Մանուկյանը հայ կնոջ ուժեղ կամքի, մաքառելու, չհանձնվելու խորհրդանիշն է․ իր մեջ ուժ է գտել ապրելու, արարելու։
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն էլ իր ելույթում հպարտորեն նշեց, որ բուհն այս տարի տոնում է իր հիմնադրամն 90-ամյակը, այն հանրապետության երիտասարդ, բայց միևնույն ժամանակ շատ հասուն բուհերից է։
90-ամյա գործունեության ընթացքում, ըստ ռեկտորի հրապարակած տվյալների, բուհը տվել է ավելի քան 32 հազար շրջանավարտ, որոնցից 27 հազարը ստացել են մանկավարժի որակավորում։
«Հպարտությամբ պիտի նշեմ, որ այսօր մարզի հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների և դպրոցը կառավարողների գրեթե 95 տոկոսը մեր շրջանավարտներ են։
Մենք բուհ ենք, որը մարզում զգալի ներդրում ունի և ոչ միայն հանրակրթության, այլ բարձրագույն կրթության, պետական կառավարման ու հասարակական ոլորտներում։ Շիրակի մայր բուհի ճակատագիրը մշտապես միահյուսված է եղել իր ժողովրդի ճակատագրի հետ՝ իր վերելքներով ու վայրէջքներով, ցավոք սրտի՝ պատերազմներով, հաղթանակներով, մեծ ու փոքր մարտահրավերներով»,-ասաց ռեկտորը։
Նա, թվարկելով բոլոր մարտահրավերները, որոնց միջով անցել է նաև բուհը, նշեց, որ երկրորդ հարկում ինչպես քառօրյա, այնպես էլ 44 օրյա պատերազմում նահատակվածներին հիշատակը հավերժացնող «Փառքի անկյունն է»։
Ի դեպ, միջոցառումը մեկնարկեց արցախյան պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև ծաղիկներ խոնարհելով, իսկ միջոցառման ավարտին հարգանքի տուրք մատուցվեց «Փառքի անկյունում»։
Երվանդ Սերոբյանը տեղեկացրեց, որ այսօր բուհի շրջանավարտների բանակին միանում են մոտ 600-ը։
Նա առավել քան վստահ է, որ Շիրակի պետական համալսարանի շրջանավարտները մրցունակ մասնագետներ կլինեն ու ամեն ինչ կանեն հայրենիքը շենացնելու համար։
Ի դեպ, ռեկտորն իր խոսքում ակնարկեց բուհի շենք վերադառնալու մասին։ Նա ասաց, որ չեն մոռանում բուհի պատմական կառույցի մասին։ Բուհի հին շենքը քաղաքի սրտում է՝ Գորկու այգու դիմաց, այն հիմա տրամադրվել է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին։
ՇՊՀ-ի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր Նազելի Ավետիսյանն էլ իր ելույթում 90-ամյա բուհն անվանեց «երիտասարդ իմաստուն» ու «երիտասարդ հալիվոր»։
Նա ներկայացրեց բուհի պատմությունը՝ ասելով, որ տարեգրությունը սկիզբ է առել 1934 թվականի աշնանը, երբ Հայաստանի երիտասարդ Հանրապետության կառավարությունը որոշել է Լենինականում հիմնել մանկավարժներ թողարկող կրթօջախ։
«Ալեքսանդրապոլի նախկին առևտրային ուսումնարանի շքեղ շինության մեջ, որտեղ դեռևս 1919 թվականին սկիզբ էր առել հայոց նոր համալսարանի տարեգրությունը, հիմնվեց Լենինականի մանկավարժական ինստիտուտն՝ իր երեք ֆակուլտետներով։ Նրան վիճակված էր այլևս դառնալ հյուսիսային համալսարանի ուսումնագիտական և մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը։
Առաջին ուսանողները քիչ էին․ հարյուր հոգի էին, ընդ որում նրանց մեջ էր նաև Հովհաննես Շիրազը։ Դասախոսական կազմը փոքրաթիվ էր․ 16 մարդ էին»,-ներկայացրեց Նազելի Ավետիսյանը։
Բուհը, ըստ բանախոսի, ժամանակի ընթացքում այնպիսի վերելք է ապրել, որ իր 50-ամյակին պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Նա նաև հիշեցրեց, որ վերելքին հաջորդել է աղետալի երկրաշարժը՝ մարդկային կորուստներով։
Չնայած այդ ամենին՝ բուհը շարունակել է իր բնականոն գործունեությունը, անգամ վրանների մեջ բացել է դռները։
Նազելի Ավետիսյանը ևս վստահ է, որ բուհի շրջանավարտները բարձր կպահեն բուհի անունը բոլոր հարթակներում։
Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանն էլ իր ելույթում, խոսելով 90-ամյա բուհի շրջանավարտների մասին, հիշեցրեց, որ այս սերունդը տեսել է համավարկ ու պատերազմներ, անցել է կորուստների ու կարիքների շաղախով։
«Ֆակուլտետն ավարտում են զոհվածների այրիներ, մայրեր, քույրեր, ովքեր աներեր հավատով ու կամքով կարողացան առճակատվել կյանքի փորձություններին, հասնել այսօրվա ցանկալի արդյունքին»,-Օֆելյա Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ ֆակուլտետում ավարտական վկայականներ են ստանում 265 շրջանավարտներ, որոնցից 61-ը՝ գերազանցության դիպլոմներ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի