Լաուրա Գալստյանը ներկայացրել է Հայաստանը 11-րդ «Ischia» դաշնակահարների միջազգային մրցույթում և արժանացել է պատվավոր 1-ին մրցանակի։ Մրցույթը տեղի էր ունենում Իտալիայի Լակկո-Ամենո կոմունայի Վիլլա Արբուստո թանգարանում։
Ժյուրիի կազմում էին նշանավոր երաժիշտներ՝ Օրացիո Մայոնեն (ժյուրիի նախագահ), Ալեքսանդր Հինչևը, Կոնստանտինո Կատենան, Ֆեդերիկա Մոնտին և Ֆաբիո Բիանկոն:
Մասնակիցների աշխարհագրությունը լայն էր։ Մասնակիցներ կային Իտալիայից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Թուրքիայից և այլ երկրներից:
Լաուրան առաջին փուլի իր ծրագրում ներառել էր Սկրյաբինի և Շոպենի, իսկ երկրորդ փուլում՝ Բեթհովենի, Բախի և Բաբաջանյանի ստեղծագործություններից։ Լաուրային շնորհվել է նաև մրցույթի հատուկ մրցանակը, որի շրջանակներում նա մենահամերգով հանդես կգա «Ischia Classica Festival»-ի շրջանակներում։
Լաուրան հանդիսանում է բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր։ Վերջերս արժանացել է «Làszlò Spezzaferri» միջազգային երաժշտական մրցույթում 1-ին մրցանակին։ Նաև հանդիսանում է «Պիետրո Արջենտոյի» անվան 24-րդ երաժիշտ-կատարողների մրցույթի, «Great Masters՝ Վլադիմիր Հորովից» դաշնակահարների միջազգային մրցույթի, Վիեննայի միջազգային արվեստների փառատոնի, «Մելոս» միջազգային մրցույթների հաղթող։
Նշենք, որ 20-ամյա Լաուրա Գալստյանը սովորում է Մանհայմի (Գերմանիա) երաժշտության և կատարողական արվեստների պետական համալսարանում՝ Վոլֆրամ Շմիթ-Լեոնարդիի դասարանում:
2024 թվականի ընթացքում «Weltklassik am Klavier» ընկերության կողմից կազմակերպվել են մի շարք մենահամերգներ Գերմանիայի տարբեր քաղաքներում։
Ինչպես նշում է Լաուրան․ «Անչափ ուրախ և հպարտ էի, որ կարողացա ևս մեկ անգամ Հայաստանը պատվով ներկայացնել միջազգային հարթակներում։ Մեր հաղթանակները առավել քան կարևոր են այսօր և հուսով եմ, որ դրանք կլինեն շարունակական»։