ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 8-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի օրակարգում Կառավարության հեղինակած եւ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ««Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր:
Քննարկմանը մասնակցել են հանրապետական, մարզային, համայնքային ենթակայության եւ մասնավոր գրադարանների մասնագետ-ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, ուսումնական հաստատությունների գրադարանների ներկայացուցիչներ: Նպատակը երկրորդ ընթերցմամբ քննարկումից առաջ նախագծով սահմանված կարգավորումների վերաբերյալ առկա մտահոգությունների, անորոշությունների, հակասությունների կամ բացթողումների վերհանումն էր, ինչպես նաեւ առաջարկների ներկայացումը:
Քննարկման մասնակիցները հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանին եւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին են ներկայացրել մի շարք առաջարկներ ու դիտողություններ, որոնք առավելապես վերաբերել են գրադարաններում կամավորական աշխատանքին, էլեկտրոնային գրադարանների կարգավիճակի հետ կապված հարցին, գրադարանների աշխատակիցների ատեստավորմանը, ոլորտում ցածր աշխատավարձերին, կադրերի պակասին, հնատիպ գրքերին եւ այլն:
Առաջարկվել է նախագծում ամրագրված մի շարք դրույթներ լրամշակել եւ որոշակիացնել:
Կարդացեք նաև
Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում:
ՀՀ ազգային ժողով