Վթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդու վիճակը ընդունման պահին գնահատվում էր ծանր կայուն, առկա էր չդադարող արյունահոսություն:
Կատարված անհրաժեշտ հետազոտություններով, այդ թվում՝ KT հետազոտությամբ, տուժածի մոտ հայտնաբերվել են դիմային գանգի ոսկրերի բազմաբեկոր բազմակի կոտրվածքներ՝ տեղաշարժով:
Առկա է եղել նաեւ ակնակապիճի լատերալ պատի բազմակի բազմաբեկոր կոտրվածք, քմքոսկրի՝ տեղաշարժով կոտրվածք, վերին ծնոտի մարմնի բեկորային տեղաշարժով կոտրվածք, այտային աղեղի բեկորային կոտրվածք՝ տեղաշարժով:
Ելնելով տուժածի վիճակից՝ որոշում է կայացվել կատարել անհետաձգելի վիրահատություն:
Բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Մարգարյանի եւ վիրահատական թիմի կողմից իրականացվել է բազմակի կոտրվածքների ռեպոզիցիա, բեկորների հեռացում, այտոսկրի ուղղում, քմքոսկրի տեղաշարժով կոտրվածքի ուղում, ոսկրերի ֆիքսում մետաղական թիթեղներով:
Ավելի քան 4 ժամ տեւած բարդ վիրահատությունը ավարտվել է բարեհաջող, տուժածն այսօր արդեն դուրս է գրվել բժշկական կենտրոնից՝ վիճակի լավացումով:
Բժշկական կենտրոնի փորձառու թիմին հերթական անգամ հաջողվել է ոչ միայն կյանք փրկել, այլ նաեւ պահպանել դիմային գանգի կարեւորագույն ֆունկցիաները:
Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն