Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Երբ ոստիկանության շենք էի մտնում, քայլելիս պարկետը ոտքիս մեջ էր մտնում, իսկ այն, ինչ եղել է Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարումից հետո, տեսել ենք բոլորս»․ Ալեքսանդր Կոչուբաև

Հուլիս 08,2024 21:15

«Ռազմական ոստիկանության պետը ընդամենը խողովակ էր։ Պաշտոնների առաջխաղացումը կամ գործողությունների իրականացումը բոլոր դեպքերում եղել է նախարարի հրամանով՝ չունենալով ինքնուրույն ֆինանսական միջոցներ, չկարողանալով ինքնուրույն կադրային քաղաքականություն վարել այս գումարտակի պետին հանել, մյուսին նշանակել, այսինչ ենթասպային հանել, նշանակել այլ ենթասպա, ընդամենը եղել է խողովակ և հրամանները զուտ ՊՆ-ին ներկայացնող է եղել»,- Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վերջնական դատական նիստի ժամանակ հնչեցրած ճառում հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք՝ պետությունը Վլադիմիր Գասպարյանից պահանջում է ավելի քան 36 մլն դրամ գումար բռնագանձել։ Ըստ մեղադրանքի՝  Գասպարյանի կինն ու ընտանիքի անդամները տարբեր տարիների աշխատանքի են անցել իր իսկ ղեկավարած կառույցներում, չեն հաճախել աշխատավայր, սակայն գումար են ստացել։ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Ըստ փաստաբանի՝ ամենակարևոր փաստարկն այն է, որ գործի վարույթով ինչքան էլ մեղադրյալ կողմը ցանկանում է տեսնել, բայց չունեն տվյալներ նյութերից բխող, որ Վլադիմիր Գասպարյանը գումարտակի հրամանատարին, իր տեղակալին կանչի, ասի՝ այս երեք ծառայողներին աշխատանքի ընդունի ու չհետաքրքրվի՝ ո՞ւր են, ինչո՞վ են զբաղվում․ «Եթե Վլադիմիր Գասպարյանն այս հանցագործությունը կատարել էր, բա 2011-ից ո՞վ էր այդ հանցանքները կատարում․ հինգ ռազմական ոստիկան է նրանից հետո փոխվել և մի քանի ՊՆ նախարար»։

Ալեքսանդր Կոչուբաևը նաև նշեց՝ չկա ցուցմունք, որ Վլադիմիր Գասպարյանը որևէ անձի ցուցում է տվել, որ նախապատրաստեն պայմանագիր, ատեստացիան դրական նշանակեն և այլն․ «Փոխարենն ունենք ցուցմունքներ, որ այս խնդիրները զեկուցվել են Հայկ Ստեփանյանին, նա է տեղյակ եղել, որ բացակա անձինք կան»։

Անդրադառնալով այն մեղադրանքին, որ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության միջոցները վատնել է՝ Ալեքսանդր Կոչուբաևն ասաց․ «Ես շնորհակալ եմ նրան դրա համար։ Երբ ես Ոստիկանության ակադեմիա եմ ընդունվել, շարային երթով անցնելուց ջրափոսերի մեջ էի ընկնում, իսկ երբ ես ավարտում էի ոստիկանության կրթահամալիրը, դա ամենառաջնակարգ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն էր։ Երբ ես ոստիկանության շենք մտնում էի, որպեսզի դիմում տամ, որ ոստիկանությունում աշխատանքի ընդունվեմ, քայլելիս պարկետը ոտքիս մեջ էր մտնում։ Իսկ այն, ինչ եղել է Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարումից հետո, տեսել ենք բոլորս։ Եթե սա է այն գինը, երբ ոստիկանության միջոցները վատնվել են, ես միայն ուրախ եմ, որ դրանք վատնվել են։ Ակնկալելով արդարադատություն՝ խնդրում եմ Վլադիմիր Գասպարյանին ճանաչել անմեղ և ճանաչել ու հռչակել նրա անմեղությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031