«Երբ ես խոսում եմ, ես ձեռք եմ բերում լիքը թշնամիներ, երբ ես լռում եմ, կրում եմ հաղթանակներ։ Այսօր հաղթանակ եմ ես կրում, թողեք ես պարտություն չկրեմ»,-ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վերջնական դատական նիստի ավարտից հետո լրագրողների հիշեցմանը՝ Դուք կոռուպցիոն հանցագործությունների մեջ եք մեղադրվում, ի՞նչ կասեք, այսպես արձագանքեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարծում եք մինչև հիմա թշնամիներ ձեռք չեք բերե՞լ, նա պատասխանեց․ «Չէ, եթե թշնամիներ ունենայի, այսպիսի մեղադրանքներ չէին լինի»։ Մյուս հարցին՝ համակարգից մարդիկ եղե՞լ են, որ Ձեր դեմ ցուցմունք են տվել, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց՝ ո՞նց կարող է չլինեն։
Օրինակ՝ լրագրողները հիշեցրինք՝ Վալերի Օսիպյանը բնակարան ստացել է, բայց ՀՔԾ-ին ներկայացրել է տվյալներ առանց իր անունը նշելու, Վլադիմիր Գասպարյանն ասաց․ «Շատ լավ անուն տվեցիք․ պարոն Օսիպյանը ոնց դավաճանեց համակարգին, նենց էլ դավաճանեց այն մարդուն, որն իրեն ոստիկանապետ նշանակեց և գեներալի կոչում տվեց։ Հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ։ Մարդկանց տեսակն է այդպես»։
Համակարգին ե՞րբ է դավաճանել, Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ սկսած Սասնա ծռերից։ Այն դիտարկմանը՝ գերի էր ընկել, ո՞նց էր դավաճանել, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց․ «Վախկոտությունը գերիության հետ կապ չունի»։ Իսկ թե ինչ է ակնկալում դատարանից՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ «Մանկական բաներ չունեմ․ երազում եմ, մտածում եմ։ Ինչ որ պետք էր խոսվեց, ասվեց, մնացածը Տիրոջ ու դատավորի ձեռքն է։ Ես ապավինում եմ տիրոջը։ Ես չեմ համակերպվի իմ մեղավորության հետ, ես մեղավոր չեմ»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե Վալերի Օսիպյանն իրեն դավաճանել էր, ինչո՞ւ թույլ տվեց, որ իր պաշտոնավարման օրոք աշխատի, ՀՀ նախկին ոստիկանապետը պատասխանեց․ «Ես միշտ հնարավորություն եմ տալիս դարձի գալ՝ ոնց Տերն է միշտ մեզ հնարավորություն տալիս ապաշխարելու, տենց էլ տվել եմ հնարավորություն իմ ենթականերին»։ Հարցին՝ քննիչները փորձե՞լ իրեն համոզել, որ այլ անձանց նկատմամբ ցուցմունք տա, օրինակ՝ Սերժ Սարգսյանի հարազատների, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ «Սերժ Սարգսյանն իմ գերագույն գլխավոր հրամանատարն է, երբեք որևէ անօրինական ցուցում չի տվել։ Բացառվում է այդ մարդը նման ցուցումներ տար»։
Փաստմանը՝ այն մարդիկ, որոնք գործով անցնում են Սարգսյանների թինապահներն են եղել, որ չեն ներկայացել աշխատանքի և հարցին՝ դրա մասին ինքը տեղյակ եղե՞լ է, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ «Եթե իմանայի, այսօր այստեղ չէի լինի։ Ինձնից հետո դեռ մի տասը տարի իրենք եղել են, ե՞ս եմ եղել։ Անգամ եթե ես եմ որոշում կայացրել, իմ որոշումով եղավ, հետո գնացել եմ ռազմական ոստիկանությունից, մեջների Գասպարյան Վովան ե՞ս եմ մենակ»։
Իր դեմ հնչող մեղադրանքներին, թե չոր աշխատավարձով ինչպե՞ս էր այդքան ունեցվածք կուտակել, առանձնատուն սարքել, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց․ «Աշխատավարձը թաց էլ է լինում։ Գործընթաց կլինի, կհասկանանք։ Ես 40 տարի եմ աշխատել, տուն ունեմ, մարդիկ մեկ տարի են աշխատում, ունեն»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Վահե Ղազարյանի աշխատանքի մասին ի՞նչ կասի, ի՞նչ կասի հունիսի 12-ին ոստիկանության գործողությունների մասին, Վլադիմիր Գասպարյանը նշեց․ «Տարբեր մարդիկ, տարբեր ընկալումներ կան։ Բոլորի համար պատասխան տալ չես կարող։ Ինձ մոտ այնքան են եղել դեպքեր, երբ դրանից հետո հանել եմ մարդկանց համազգեստի միջից։ Օսիպյանը, որ հեռախոսը դնում էր ականջին ու խոսում, էդ ականջի մեջ ես էի խոսում՝ ինքը ոնց անի։ Ես միշտ փորձել եմ այնպես անել, որ հանգիստ գնա ամեն ինչ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Վահե Ղազարյա՞նն ինչպիսի ծառայող է եղել, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ «Կոռեկտ չի գնահատական տամ իմ նախկին ենթակային ու ներկայիս նախարարին»։
Դիտարկմանը՝ իսկ Օսիպյանի՞ մասին ինչու էր գնահատական տալիս, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ «Որովհետև Օսիպյանն իրեն անպարկեշտ է պահել։ Վահե Ղազարյանից անպարկեշտություն չեմ տեսել։ Իսկ Օսիպյանը ծիծաղելի է։ Օսիպյանն այդ տեսակի մարդ է՝ այստեղից այնտեղ։ Հիմա էլ ընդդիմության մեջ է գնում կանգնում»։ Լրագրողները հարցրին՝ բա լավ կլինե՞ր նիկոլական լիներ, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ «Նիկոլական էր, բա ի՞նչ էր։ Զարմանալի է, որ Նիկոլին էլ դավաճանեց։ Գասպարյան Վովայական էր, Սերժ Սարգսյանական էր, հիմա էլ փորձում է դառնալ սրբազանական»»։
Վլադիմիր Գասպարյանը ձեռնպահ մնաց Բագրատ սրբազանի գլխավորած շարժման մասին կարծիք հայտնել՝ միայն նշելով՝ հոգևոր շարժում է։
Հարցին՝ ինչո՞ւ հնարավոր չեղավ 2018-ի իրադարձությունները կանխել, Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ մարդկանց պիտի գնադակահարեի՞։ Հիշեցմանը՝ «Էլեկտրիկ Երևանն» ինչպե՞ս կանխեցին, Վլադիմիր Գասպարյանն ասաց․ «Այն ժամանակ ջրեցի, որովհետև գրպանները լցրած ցեմենտ էին բերել, որ շփեին ոստիկանների աչքերին, ես էլ ասացի՝ ջրեք, թող բետոն դառնա»։
2018-ի ռադիոտուն մտնողների դեմը չառնելու վերաբերյալ հարցերին ի պատասխան էլ Վլադիմիր Գասպարյանն ասաց․ «Ի՞նչ անել՝ մարդ սպանե՞լ։ Վովա Գասպարյանն իրավունք ուներ գնդակահարելո՞ւ՝ լուրջ եք ասո՞ւմ։ Ով էր ասում, որ թողնում էին, կարող է դռները բացել, ասում էին՝ էստի համեցե՞ք։ Ես եմ ասել՝ հանկարծ չկրակեք։ Չեմ կարծում, որ ռադիոտուն մտնելու համար պետք է մարդ սպանեին, հինգ օր հետո ձերբակալեցինք Նիկոլ Փաշինյանին»։ Լրագրողները հարցրին՝ բա ինչո՞ւ բաց թողեցին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց՝ նախկին դատախազին հարցրեք։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ