Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ-ն շենքեր է կառուցում Գյումրիում․ նրանց պարտավորեցրել են պահպանել այս քաղաքի ճարտարապետությունը

Հուլիս 08,2024 20:20

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողների ու նրանց ընտանիքների համար ռազմաբազայի տարածքում կկառուցվեն երկու բնակելի շենքեր, ավելի ճիշտ հանրակացարաններ։  Մեկը կլինի երկու հարկանի, մյուսը՝ երեք։

Ռազմաբազայի ղեկավարությունը էսքիզային նախագծերը համաձայնեցրել է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների հետ, նախագիծը հաստատվել է Քաղաքաշինական կոմիտեի ու ԿԳՄՍ նախարարության կողմից, անցել է փորձաքննություն, Գյումրու համայնքապետարանն էլ տվել է շինթույլտվություն։

Կառուցվող շենքերը պիտի հարիր լինեն Գյումրվա ճարտարապետությանը՝ պարտավոր են պահպանել  քաղաքի պատմամշակութային  տեսքը, քանի որ ռազմաբազան գտնվում է «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում։

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ նշելով, որ  պարտավորեցրել են ռուսական կողմին շենքերը կառուցել Գյումրու ճարտարապետական տեսքին համահունչ։

Մեր զրուցակցի ասելով, ՌԴ-ն սկզբում ներկայացված նախագծով  շենքերը նախատեսում էր կառուցել ռուսական ճարտարապետությամբ՝ բազմահարկ և գունեղ,  սակայն այն մերժվել է, բավական մեծ աշխատանք տանելուց հետո ներկայացվել է նորը։

«Օգտագործվելու են արհեստական երեսպատման նյութեր, դրանք նորամուծություն են, իրենց բաղադրությամբ մոտ են մեր սև տուֆին», -ասաց ճարտարապետը։

Նա նաև ասաց, որ նախնական համաձայնություն է եղել այդ երկու շենքերը կառուցելուց հետո Գյումրու 8-րդ զինվորական թաղամասի բնակարանները, որտեղ ապրում են զինծառայողների ընտանիքները, հանձնել քաղաքին։

«Նախնական խոսակցություններ կան, երբ ավարտվի շինարարությունը, 8-դ զինվորական թաղամասի  բնակարանները հանձնեն քաղաքին։ Այդ թաղամասում իրենք ունեն բնակարաններ, իհարկե, 8-րդ թաղամասի բնակելի տները հիմնականում զինվորականների համար են ժամանակին կառուցվել, բայց մեծ մասը սեփականաշնորհվել են մեր քաղաքի բնակիչների կողմից։ Խնդիրներ են առաջացել սպասարկման հետ, հատկապես ջեռուցման, գիտեք, որ այնտեղ կենտրոնացված ջեռուցում է, դրա համար իրենց էլ է հարմար, որ իրենց զինծառայողներն ու նրանց ընտանիքները տեղափոխվեն բնակության ռազմաբազայի տարածք», -ասաց Հենրիկ Գասպարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031