Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Այն բոլոր աղետները, որոնք Նիկոլ Փաշինյանը դեռ պատրաստվում է բերել Հայաստանին, այլեւս անում է ժողովրդի անունից»

Հուլիս 08,2024 20:40

Հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսելով Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարության մասին, իբր, ժողովուրդը նոր սահմանադրության կարիք ունի, ասաց. «Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում որդեգրել է ամենավտանգավոր քաղաքականությունը: Այն բոլոր աղետները, անվտանգային բոլոր ռիսկերը, որ նա դեռ պատրաստվում է բերել Հայաստանին, այլեւս դա անում է ժողովրդի անունից:

Եթե նա նախկինում հայտարարում էր, թե ժողովուրդն ինձ տվել է մանդատ՝ անելու այն, ինչ ես որպես վարչապետ նպատակահարմար եմ գտնում, հիմա հասկանալով, որ, միեւնույն է, գալու է իր եւ իր քաղաքական թիմի պատասխան տալու ժամանակը, այլեւս հակահայ ցանկացած քայլ, ՀՀ տարածքային ամբողջականության կորստի ցանկացած իրավական ձեւակերպում գցում է ժողովրդի գրպանը:

Ես ուզում եմ տեսնել վիճակագրություն, որտեղ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին հորդորում է փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը: Նման վիճակագրություն չկա: Դրա փոխարեն հիմա ներկայացնեմ ընդամենը օրեր առաջ Ադրբեջանում Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւի հայտարարությունը: Ալիեւը Կանադայի դեսպանին ասել է հետեւյալը. «Չի լինելու խաղաղության որեւէ պայմանագիր Հայաստանի հետ մինչեւ Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը, քանի որ այդ սահմանադրությունը  տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել,  խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու»:

Եվ ուրեմն, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են պահանջում եւ ուզում սահմանադրություն փոխել, որովհետեւ «վիձիծե լի» գործող սահմանադրությունը խանգարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այլ սահմանադրական պահանջ դնում է Ալիեւը: Իսկ ի՞նչ է ուզում Ալիեւը: Կրկնեմ, Ալիեւը ուզում է, որ  Հայաստանի սահմանադրությունից հանվի Հայաստանի Երրորդ Հանրապետության ծննդականը, այն է՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որով ըստ էության հայտարարվել է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը:

Ալիեւն ու Նիկոլը ուզում են մորթել, ավարտել, վերջացնել, մեխել Հայաստանի Երրորդ Հանրապետության դագաղի մեխը: Ալիեւը պահանջում է, որ  Սահմանադրության զինանշանների նկարագրության բաժնից հանվի Արարատ լեռը որպես ՀՀ զինանշանի խորհրդանիշ: Նոր սահմանադրություն պետք չէ Հայաստանին: Նոր սահմանադրությունը պետք է Ադրբեջանին, որովհետեւ քանի կա այս ռեժիմը, այլեւս Ադրբեջանն է որոշում մեր օրենքները, մեր օրենսդրությունը ու մենք ոնց պիտի ապրենք վաղը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031