Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Հայաստանում Սերբիայի դեսպանության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, մեկնարկել է 1 միլիոն եվրո արժողությամբ նոր՝ «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի հասցեագրել Հայաստանում ընդունող համայնքների և փախստականների կարիքները, ներառյալ վերջերս աղետի հետևանքով տուժած համայնքները, և առաջարկել մի շարք երկարաժամկետ լուծումներ՝ աջակցելու հասարակության համախմբվածությանը, մասնավորապես` ներդրումներ կատարելով կանանց և երիտասարդների զորեղացման, տեղական մակարդակում ծառայությունների մատուցման նորարարական մոդելների և ջրային ու «կանաչ» էներգետիկ լուծումների մեջ: Ծրագիրը ֆինանսավորվել է Սերբիայի կառավարության կողմից և իրականացվելու է ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Ն․Գ․ Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ողջունել են միջոցառման մասնակիցներին, այդ թվում՝ ՀՀ կառավարության, դոնոր համայնքի, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
«Լիահույս եմ, որ ծրագրի ներդրման շնորհիվ փախստականները շատ արագ կկարողանան ինտեգրվել ընդունող համայնքներում։ Հատկացված դրամաշնորհի շրջանակներում ջրհեղեղից առավել տուժած համայնքները կկարողանան վերականգնել կանաչ էներգիայի լուծումներն ու կլիմայական խելացի ջրի կառավարման փորձը։ Այս ժամանակահատվածում նման օգնությունը առավել քան հասցեական է, և համոզված եմ, որ տևական ժամանակ անց մենք կարձանագրենք շոշափելի դրական փոփոխություններ»,- նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Կարդացեք նաև
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ «Այս ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանում հումանիտար մարտահրավերները հասցեագրելու հարցում»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը։
«Սերբիայի կողմից Հայաստանին տրվող այս օգնությունը, որը ստեղծում է Սերբիայի՝ որպես Հայաստանի զարգացման գործընկերոջ նոր դերը, մեր երկու ժողովուրդների միջև ամուր կապերի, խորը արմատացած համերաշխության և բարեկամության իսկական արտացոլումն է։ Սերբիան միշտ համերաշխ է եղել Հայաստանի հետ, ինչպես դա անում է այսօր, երբ մենք նշում ենք նաև մեկ այլ կարևոր իրադարձություն՝ մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, մինչդեռ մարդասիրական օգնությունը նշանակալից հանգրվան է մեր գործընկերության մեջ։ Այս առումով, մենք շատ հպարտ ենք Սերբիայի Հանրապետության կառավարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համագործակցությամբ»,- ասել է Ն․Գ․ Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել Սերբիայի կառավարությանը հատկացված ֆինանսավորման համար և բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ բոլոր մակարդակներում հաջողված գործընկերությունը։ «ՄԱԶԾ առաքելության հիմքում է կայուն զարգացմանն ուղղված մեր անսասան հանձնառությունը՝ չթողնելով ոչ ոքի ետևում: Մեր գործունեությունն ուղղված է ընդունող համայնքների և փախստական կանանց և երիտասարդների զորեղացմանը, նրանց ձայնն ավելի լսելի դարձնելուն, և առաջնորդության հնարավորություններ ստեղծելուն՝ խթանելու ներառական աճը և ամրապնդելու հասարակության համախմբվածությունը։ Բացի այդ, մենք հանդես կգանք ջրի և կանաչ էներգիայի ինտեգրված լուծումներով: Մենք կաջակցենք հեղեղներից տուժած համայքներին՝ ապահովելով այդքան անհրաժեշտ օգնություն և վերականգնում, խթանելով դիմակայունություն յուրաքանչյուր համայնքում, որտեղ մենք աշխատում ենք»,- նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը:
ՄԱԶԾ-ն կհամագործակցի համայնքների հետ, ներառյալ հեղեղից տուժածները, և խոցելի համարվող երիտասարդներին և կանանց կներգրավի հանրային տարածքի վերափոխման համատեղ նախագծման, իրականացման և մոնիտորինգի գործընթացներում: Սա վերջիններիս մոտ կմեծացնի պատկանելության զգացումը, կնպաստի հասարակության համախմբվածությանը և ինտեգրմանը` լուծումները հարմարեցնելով համայնքների առաջնահերթ կարիքներին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ ՄԱԶԾ-ն ապահովելու է շարժական հիբրիդային արևային համակարգերի ներդրումն էներգիայի անխափան հասանելիության համար, և Հայաստանի գյուղական համայնքներում ոռոգման հնարավորություններ ստեղծելուն՝ առավելագույնի հասցնելու ջրային և հողային ռեսուրսների արդյունավետությունը: Առաջարկվող միջամտությունները կներառեն նաև խելացի կլիմայական, փոքրածավալ ջրի պահեստավորման ենթակառուցվածքներ և բաշխիչ ցանցեր, որոնք կնպաստեն հասարակության համախմբվածությանը՝ ոռոգման հավասար հասանելիության միջոցով, և կամրապնդեն տեղի բնակչության կենսամակարդակը:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր