Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական և ՀՀ Հակակոռուպցիոն դատարանների միջև ընդդատության և վերահասցեագրումների անհստակությունից տուժում է բուն գործի քննության արդյունավետությունը

Հուլիս 08,2024 18:44
datavor

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող մի քանի կարևոր ռազմավարական գործերով արդեն արձանագրվել է այն մտահոգիչ մոտեցումը, երբ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի կողմից, առարկայական ընդդատությամբ պայմանավորված, առաջացել են գործերի պատշաճ քննությունն ապահովելու խնդիրներ։

Մասնավորապես, մի դեպքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական և ՀՀ Հակակոռուպցիոն դատարաններից յուրաքանչյուրը իրեն ներկայացված բողոքին ի պատասխան  որոշել է, որ տվյալ գործն ընդդատյա չէ իրեն և մերժել է բողոքի քննությունը՝ առանց գործն ըստ ընդդատության վերահասցեագրելու, իսկ մյուս դեպքերում՝ այս դատարանների միջև տեղի է ունեցել ներկայացված դատական գործի՝ «ըստ առարկայական ընդդատության» փոխանցումների անվերահսկելի շրջապտույտ, ինչը վկայելով այս դատարանների լիազորությունների և քննվելիք գործերի շրջանակի անհստակության մասին, միաժամանակ հանգեցնում է արդարադատության իրականացման ու գործի բուն էության քննման խաթարմանը։

Ստացվում է, որ դատավորների՝ բողոքի ընդդատության հետ կապված հարցը ճիշտ չկարգավորելու արդյունքում ոչ արդյունավետ է գործում դատական մատչելիության սկզբունքը, միաժամանակ՝ խախտելով գործի ողջամիտ քննության օրենսդրական պահանջը, ինչի արդյունքում չեն պահպանվում բողոքի քննության համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետները և դատական պաշտպանությունը նման դեպքերում դառնում է ոչ արդյունավետ։

Մեկ տարվա ընթացքում ՀՔԱՎ գրասենյակի կողմից իրականացվող ռազմավարական գործերից չորսով արդեն արձանագրվել է այս խնդիրը՝ երբ այս դատարանների միջև համանման «փոխանցումների» արդյունքում խախտվել է  գրասենյակի ռազմավարական գործերի պատշաճ, լրիվ և օբյեկտիվ քննության օրենսդրական երաշխիքը։ Ուստի, նման արատավոր դատավարական պրակտիկային համակարգային լուծում տալու նպատակով բոլոր այդ գործերի վկայակոչմամբ համապատասխան դիմում է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ բարձրաձայնված խնդրի առնչությամբ ՀՀ դատական համակարգում միասնական պրակտիկայի ձևավորումն ապահովելու պահանջով։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031