ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները մշտադիտարկման նպատակով այցելել են Արագածոտնի և Շիրակի մարզերի հուշարձաններ:
Աշխատանքային խումբն այցելել է Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի 7-րդ դ. թվագրվող Սբ Գևորգ եկեղեցի, որտեղ ԿԳՄՍ նախարարության և բարերար Համլետ Թադևոսյանի համագործակցությամբ իրականացվում են եկեղեցու վերականգնման աշխատանքներ: Ներկա պահին կատարվում են հուշարձանի տանիքածածկի իրականացման աշխատանքները: Համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ նախատեսված է դրանք իրականացնել կղմինդրե սալիկներով: Մասնագիտական խումբը տեղում ծանոթացել է օգտագործվող սալերի որակին, ուսումնասիրել իրականացման մեթոդները և քննարկել հետագա աշխատանքների հաջորդականությունը:
Խումբն այցելել է նաև Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի միջնադարյան Սբ Հովահննես եկեղեցի, որը համարվում է միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը և առանձնանում իր ճարտարապետական ոճով: Ժամանակին այն շրջապատված է եղել պարիսպներով, որոնք 1889 թ.՝ եկեղեցու վերանորոգման ընթացքում, քանդվել են: Եկեղեցին գտնվում է համեմատաբար լավ վիճակում, սակայն մասնագետներն արձանագրել են, որ այն ունի տանիքածածկերի նորոգման խնդիր:
Հաջորդ այցը Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի Երերույքի վաղքրիստոնեական տաճար էր: Հաշվի առնելով տաճարի բացառիկությունը՝ այն մշտապես գտնվել է պետության ուշադրության ներքո, պարբերաբար ամրակայվել և մասնակի վերականգնվել է։ Վերջին տարիներին ևս պետությունը պատվիրել է տաճարի ամրակայման նախագիծ, որն իրականացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև 2023 թ. ստորագրված հուշաթերթի համաձայն՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար է հատկացրել Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով, որից 58 միլիոն ՀՀ դրամ գումարը նախատեսված է 2024 թ․ տաճարի ամրակայման և մասնակի վերականգման աշխատանքների իրականացման համար։ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները տեղում ուսումնասիրել են արդեն իսկ կատարված աշխատանքները և ներկա վիճակը, քննարկել առաջիկա աշխատանքների հետ կապված խնդիրները:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ