Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը ցանկացավ, որ իր առողջական վիճակին վերաբերող հարցերը քննարկվեն դռնփակ ռեժիմում

Հուլիս 08,2024 17:23

«Վլադիմիր Գասպարյանի մոտ ախտորոշվել են կալանք և ազատազրկում պատժատեսակի կրմանը խոչընդոտող հիվանդություններ, ուստի խնդրում եմ նշանակել դատաբժշկական փորձաքննություն առողջական վիճակի պարզման համար»,- քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վերջնական դատական նիստի ժամանակ այսպիսի միջնորդություն ներկայացրեց նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա նաև միջնորդեց փորձագետին առաջարկել այն հարցերը, թե ներկայումս ի՞նչ հիվանդություններով է տառապում Վլադիմիր Գասպարյանը, եթե տառապում է որևէ հիվանդությամբ, դա դասվո՞ւմ է արդյոք ՀՀ կառավարության՝ 2006-ի մայիսի 26-ի որոշմամբ նախատեսված հիվանդությունների շարքին, և արդյոք այդ հիվանդությունները կարո՞ղ են խոչընդոտ հանդիսանալ նրա նկատմամբ հնարավոր նշանակվելիք պատիժը կրելուն։

Իր՝ այս փուլում այսպիսի միջնորդություն ներկայացնելը Ալեքսանդր Կոչուբաևն այսպես պատճառաբանեց․ «Մենք չէինք կարող այս միջնորդությունը ներկայացնել, քանի դեռ մեզ համար ակնհայտ չէր, թե հանրային մեղադրողն ինչպիսի պատժատեսակ կարող էր ցանկանալ»։

Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանն ասաց՝ եթե դատարանն անգամ բավարարի այս միջնորդությունը, վերադառնալու է դատարան, լսի ամբաստանյալների վերջին խոսքը ու հեռանա դատավճիռ կայացնելու ու հարցրեց՝ չի ստացվի՞, որ փորձաքննության նշանակումը ձևական բնույթ է կրում, քանի որ նշանակելու են ու չեն սպասելու դրա եզրակացությանը, Ալեքսանդր Կոչուբաևն արձագանքեց․ «Այս հարցը բուն դատական նիստերում լուծվող հարց չէ և այն վերաբերելի է հնարավոր նշանակվելիք պատժին։ Այսինքն՝ տեսականորեն, եթե ընդունենք՝ կիրառվելու է ազատազրկում պատժատեսակը, այս միջնորդությունն անհրաժեշտ է հնարավոր դատավճիռն ի կատար ածելու համար։ Սա հետագայի գործընթաց է»։

Վլադիմիր Գասպարյանը ցանկացավ, որ իր առողջական վիճակին վերաբերող հարցերը քննարկվեն դռնփակ ռեժիմում։

Այս պահին նիստն ընթանում է դռնփակ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031