Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավային Կովկասում տեղի է ունենում քաղաքական ուժերի խորը բևեռացում և անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորում»․ Դմիտրի Աբազով

Հուլիս 08,2024 17:05

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Երևան-Թբիլիսի տեսակամրջի ձևաչափով քննարկման ժամանակ Pressunity-ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Աբազովը կարծիք հայտնեց՝ վրացական քաղաքական լանդշաֆտում չարժե փոփոխություններ ակնկալել։

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ Հարավային Կովկասում տեղի է ունենում քաղաքական ուժերի խորը բևեռացում և ձևավորվում անհանդուրժողականության մթնոլորտ։

ՀՀ-ում և Վրաստանում ընթացող գործողություններում Դմիտրի Աբազովը նմանություններ է տեսնում․ «Վրաստանում հանրության մի հատված կարծում է, որ «Վրացական երազանքը» հեռանում է ԵՄ ինտեգրումից և փորձում է ՌԴ-ի հետ հարաբերություններ կառուցել՝ տանելով պրոռուսական գիծ, իսկ ՀՀ-ում հանրության մի զգալի հատված կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և չի հետապնդում ազգային շահը։ Մյուս ընդհանրությունն այն է, որ երկու հանրություններում էլ արմատականացման գործընթացներ են նկատվում։ Մի կողմից Վրաստանում պատրաստ չեն ՌԴ-ի հետ հարաբերություններին, մյուս կողմից էլ ՀՀ-ում պատրաստ չեն Ադրբեջանի հետ հարաբերություններին»։

Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ երկու երկրների համար մյուս ընդհանրությունն այն է, որ երկու քաղաքական միջավայրերում էլ չկան այլընտրանքային ուժեր, որոնք կարող են թարմ գաղափարներ առաջարկել։ Խոսելով տարբերությունների մասին՝ Դմիտրի Աբազովն ասաց․ «Վրաստանում երկու էլիտաների պայքար է, այլ ոչ թե հանրության պայքար, իսկ ՀՀ-ում, կարծում եմ, հանրության մի զգալի հատվածը Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը պետական, ազգային շահերին դավաճանող է համարում։ Պետք է ընդգծել, որ Վրաստանի դեպքում ընդդիմությունն աջակցություն է ստանում արևմտյան ուժերի կողմից, իսկ ՀՀ-ում արևմտյան ուժերն աջակցում են իշխանությանը՝ Փաշինյանին ու նրա գործողություններին»։

Դմիտրի Աբազովը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը Վրաստանում դիտարկեց նաև Չինաստանի հետ զարգացող ռազմավարական հարաբերությունների համատեքստում․ «Վրացական իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Վրաստանում կարող է լինել երկրորդ ճակատի բացման հնարավորություն։ Մյուս կողմից Չինաստանի հետ Վրաստանի հարաբերություններն են զարգանում։ Մայիսին վիզային ռեժիմն է հանվել, ռազմավարական հարաբերություններն են զարգանում։ Չինաստանը Թուրքիայից և ՌԴ-ից հետո մեր երրորդ գործընկերն է։ Այս տեսանկյունից Վրաստանը հասկանում է, որ հենվելով Չինաստանի վրա՝ կարող է բավականին համարձակ քաղաքական որոշումներ կայացնել, որոնք մինչև այդ հնարավոր չէր իրականացնել»։

Ըստ նրա՝ վրացական իշխանություններն այս օրենքով կարծես թե փորձում են չեզոքացնել արտաքին ազդեցությունը։

Դմիտրի Աբազովը տարածաշրջանում Վրաստանի դերակատարությունը բարձր գնահատեց ու նշեց․ «Հայաստանն ու Ադրբեջանը կախվածություն ունեն Վրաստանից։ Օրինակ՝ Ֆրանսիայից ռազմական օգնությունը, որը գալիս է ՀՀ-ին, գալիս է Վրաստանի տարածքով, և եթե դրան հավանություն չտա Վրաստանը, այն տեղ չի հասնի։ Դրա համար ՀՀ-ի համար կարևոր է լավ հարաբերություններ ունենալ Վրաստանի հետ։ Ադրբեջանը ևս լրջորեն կախված է Վրաստանից՝ երկաթուղի, գազային միջանցք, նավթամուղ»։

Հարցին՝ Ֆրանսիայում ընտրություններից հետո ի՞նչ փոփոխություններ կարող է կրել այս երկրի քաղաքականությունը Հարավային Կովկասում, քաղաքական մեկնաբանը կարծիք հայտնեց՝ Ֆրանսիայի թե′ նախկին, թե′ նոր ղեկավարությունը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պլացդարմ, որի միջոցով կփորձեն ռուսական ազդեցության դեմ պայքարել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031