«Ա1+». Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում «Հերոսների այգի» է հիմնվել։ Այգում՝ 0.5 հեկտար տարածության վրա 200 պտղատու ծառ է հողին պահ տրված, որից 50-ն՝ անվանական։ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերի որդեկորույս ծնողներն իրենց զավակների հիշատակին մրգատու ծառեր են տնկել այստեղ՝ ցանկանալով այդպիսով նաև հավերժացնել իրենց զավակների հիշատակը։ 2020 թվականի հունվարի 14-ին Սամվել և Անահիտ ամուսինները հպարտությամբ են բանակ ճանապարհել իրենց կրտսեր որդուն։ Համոզված էին` Առնոլդը պատվով է կատարելու իր առջև դրված պարտականությունները։ Չէին սխալվում։ Ծառայության 9 ամսյա ժամանակահատվածում բազմաթիվ շնորհակալագրեր են ստացել ծնողները, հպարտացել։ 44-օրյա պատերազմում նախահարձակ թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Առնոլդ Հովսեփյանն ընկել է անհավասար մարտում։ Ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
«Հայրենիքի վտանգի պահին նա առանց երկմտալու մարտնչել է մինչև վերջ՝ մարտական 5 ընկերների հետ անմահացել, սակայն մարտական դիրքը չեն լքել։ Միայն 2021-ի նոյեմբերի 9-ին կարողացանք ԴՆԹ նույնականացման միջոցով գտնել որդուս և հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում։ Առնոլդիս հիշատակը հավերժացնելու համար միտք հղացավ ծիրանի ծառեր տնկել, քանի որ ծիրանի հայրենիքը Բիթլիսն է, ես էլ արմատներով՝ բիթլիսցի։ Պապս պատմում էր, որ իրենց մոտ գյուղում ծնված ամեն մի նոր երեխայի պատվին ծիրանի ծառ տնկելու սովորություն կար։ Իմ ցանկությունն է, որպեսզի մեր հերոսներն այս այգում վերածնվեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ՀՀ ՊԲ փոխգնդապետ Սամվել Հովսեփյանը։
Ծառայությունից ազատ ժամերին փոխգնդապետ Հովսեփյանին հաճախ կարելի է տեսնել այգում։ Ծառերի խնամքն անձամբ է իրականացնում։ Տարոնիկցիները հիմնականում Արևմտյան Հայաստանից փոխստականներ են, ովքեր իրենց հետ նաև իրենց ավանդույթներն են բերել ու մինչ օրս էլ պահպանում են։ Իրական սերը հայրենիքի նկատմամբ սերնդեսերունդ է փոխանցվում՝ համոզված է փոխգնդապետ Հովսեփյանը։
«Հայրենիքն ազատ ու անվտանգ տեսնելու տենչը, որ ունեցել է որդիս ու նրա նման հազարավոր երիտասարդներ՝ պետք է շարունակեմ։ Մեծագույն ցանկությունս է տեսնել այն օրը, երբ հայրենիքը կլինի կրկին միացյալ, ազատ, անվտանգ և այդ օրը փափագում եմ ձեռքերս կարկառեմ վերև և ասեմ՝ Որդի՛ս, իրականացել է քո երազանքը»։
Կարդացեք նաև
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: