Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ադրբեջանի տարբեր զորավարժություններին ի պատասխան՝ մեր ուժային կառույցները տարին մեկ հավաքվում են Դիլիջանում ու վարչապետի հովանու ներքո… խաղում են»

Հուլիս 08,2024 16:07

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Կիրանց Նիկոլ Փաշինյանի եւ քպականների այցերին՝ նշեց, որ նախ, Փաշինյանը գնացել էր Դիլիջան՝ մասնակցելու վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների խաղերի փակման արարողությանը:

«Ադրբեջանը անցկացնում է տարբեր տիպի զորավարժություններ. իր բանակում՝ առանձին, Նախիջեւանի համազորային բանակում՝ առանձին, համատեղ ադրբեջանա-թուրքական զորավարժություններ: Այս վերջերս էլ մեկնարկեցին նաեւ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան համատեղ զորավարժությունները: Եվ որպեսզի հայկական զինված ուժերի պատրաստվածության եւ մարտունակության աստիճանը համարժեք լինի, մեր զինված ուժերում էլ տարեսկզբին կազմակերպվեց վոլեյբոլի համաբանակային առաջնություն, Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի առիթով՝ ֆուտբոլի համաբանակային առաջնություն, այնուհետեւ՝ բասկետբոլի համաբանակային առաջնություն: Նաեւ կին զինծառայողների շրջանում տարբեր մարզաձեւերից մարզական խաղեր անցկացվեցին: Եվ հիմա բոլոր ուժային կառույցների՝ զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, ԱԱԾ սահմանապահ զորքերի, որոնք միասին տարին մեկ անգամ հավաքվում են Դիլիջանում ու…խաղում են վարչապետի հովանու ներքո:

Փաշինյանը մտածել է՝ քանի որ եկել-հասել է Դիլիջան, մի հատ էլ գնա, իր աչքով տեսնի, թե Կիրանցում ինչ է կատարվել, որովհետեւ մեկ օր առաջ մեր «բանակային ամենածանր զորամիավորումների հրամանատարները»՝ Լուլուն, Արփի Դավոյանը, գաիշնիկ Արմեն Խաչատրյանը, ինչու չէ, նաեւ Անդրանիկ Քոչարյանը, այցելել էին Կիրանց եւ իրենց գոհունակությունն էին հայտնում:

Նրանց դիմավորել է բանակային կորպուսի հրամանատարը, որին վերջերս գեներալի կոչում են տվել: Բայց ես ուզում եմ հասկանալ, թե ինքն ի՞նչ կապ ունի սահմանի պահպանության հետ, որովհետեւ բանակը սահմանից այլեւս հետ է քաշվել եւ սահմանային պահպանությունը, ըստ էության պետք է իրականացնեն ԱԱԾ սահմանապահ զորքերը: Այսինքն, մեր բանակն այլեւս մեր սահմանների պահպանության հետ կապ չունի:

Ես չգիտեմ, քպականների հանդիպում ադրբեջանցիների հետ կայացել էր, թե ոչ, եթե կայացել էր, որտեղ, ինչ պայմաններում, ինչքան էր տեւել, բայց վերադարձել էին գոհ: Սրանք հայրենիք հանձնելուց սկսել են հաճույք ստանալ: Ու Նիկոլ Փաշինյանն էլ որոշել է գնալ ու իր աչքով տեսնել, թե այնտեղ ինչ ցանցեր են դրել ու սահմանն այլեւս պաշտպանված է: Բանակ չկա, բայց մետաղական ցանց են քաշում: Ու երկիրը պաշտպանված է եւ այլեւս ոչ մի վտանգ չկա:

Թե չե թուրքերի համար դժվար է մի հատ «պլասկագուպցիով» այդ ցանցը կտրել ու մտնել անպաշտպան, բանակ չունեցող մի տարածք: Իմիջիայլոց, Ադրբեջանում «պլասկագուպցիի» դեֆիցիտ է: Ոչ մեկը այդ գործիքից չունի, որ այդ ցանցերը կտրի: Այդ ցանցերը, որ դրել են, տանկերն էլ չեն կարողանա անցնել: Բայց ոչ մի երաշխիք չկա, որ սահմանը դա է, որ խաղաղություն է լինելու: Այդպիսի ոչ մի թուղթ չեն ստորագրել:

Ադրբեջանին ոչ մի փաստաթուղթ, ոչ մի պայմանագիր պետք չէ: Իրենք Հայաստանի հետ ոչ մի պարտավորություն պատրաստ չեն ստանձնել: Իրենց ի՞նչ է պետք: Պետք է, որ հայկական բանակը իր դիրքերը թողնի, հետ քաշվի: Ու որպեսզի դա չանեն ռազմական գործողություններով, հանկարծ մի ադրբեջանցու քթից արյուն չգա, մի զոհ, մի վիրավոր չունենան, մի տեխնիկայի կորուստ չունենան, Նիկոլ Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը կանչում են այս գեներալ կոչվածին ու…«դավայ», հետ գնացեք:

Մեկն էլ կա, գլխավոր շտաբի պետը, որ ասում է, թե վստահ է, որ դրանք հայկական տարածքներ չեն: Բա որ վստահ ես, մի հատ նայիր, թե երբ ես նշանակվել: Նշանակմանդ օրվանից մինչեւ այդ դավաճանությունը այնտեղ դու մարտական հերթապահություն ո՞նց ես կազմակերպել: Պետական միջոցներ էիք վատնո՞ւմ, թե Ադրբեջանի սահմաններն էիք վերահսկում, եթե դա Հայաստանի տարածք չէր»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031