Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վրաստանում ընտրությունները կլինեն թեժ, ՀՀ-ում ընդդիմադիր շարժման հիմնական գործողությունները կլինեն սեպտեմբերի կեսերին»․ Վիգեն Հակոբյան

Հուլիս 08,2024 15:55

«Վրաստանում ընտրությունները կլինեն թեժ, որոնց զուգահեռ կընթանան գործողություններ փողոցում։ ՀՀ-ում ընդդիմադիր շարժման գլխավոր գործողությունները կլինեն սեպտեմբերի կեսերին՝ հիմնականում Երևանում և կտարածվեն ողջ հանրապետությունով մեկ»,-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում` Երևան-Թբիլիսի տեսակամրջի ձևաչափով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։

Վիգեն Հակոբյանը նկատեց՝ ապրիլ-մայիսին, երբ ՀՀ-ում ակտիվ ներքաղաքական գործընթացներ էին տեղի ունենում, Վրաստանում ևս ակտիվ էր․ «Համընկնումներ, բայց նաև մեծ տարբերություններ ենք տեսնել։ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներում սկզբնական փուլում չկար կոնկրետ քաղաքական օրակարգ, տեղական մակարդակում հանրային ընդվզում էր՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների զիջողական քաղաքականության, կամ ինչպես հանրության շրջանում են ասում՝ հողերի հանձնման քաղաքականության դեմ։ Շարժումն աստիճանաբար ստացավ քաղաքական օրակարգ և տեղական մակարդակից այն դարձավ հասարակական-քաղաքական»։

Վիգեն Հակոբյանը փաստեց՝ Բագրատ սրբազանի գլխավորած շարժումն այժմ վերաձևակերպման փուլում է․ «Սկզբում շատերը հույս ունեին, որ այս շարժումը կընթանա «բլից-կրիգի» ձևաչափով, և շատերը շարժման առաջնորդներին շարժման արմատականացման կոչեր էին անում։ Այժմ մենք գործ ունենք շարժման ինստիտուցիոնալիզացման հետ, որն ավելի հստակ օրակարգ ունի»։

Քաղտեխնոլոգը նշեց՝ այս պահին տեղի են ունենում նախապատրաստական աշխատանքներ, և իր կարծիքով՝ սպասվում է, որ շարժման ավելի ակտիվ, ավելի մասսայական և արմատական փուլը կսկսվի սեպտեմբերի կեսերին․ «Այժմ ընդդիմադիր շարժումը ինստիտուցիոնալացման տնային աշխատանք է կատարում նոր համակարգերի ստեղծման, աշխարհագրության ընդլայնման գծով»։

Անդրադարձ կատարվեց նաև այսպես ասաց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին և հայաստանյան իրավիճակին։ Վիգեն Հակոբյանն ասաց․ «Կարծում եմ՝ գործակալների հարցով ՀՀ-ն այդքան զգայուն չէ, որքան Վրաստանը։ Կարծում եմ՝ ամբողջ տարբերությունն այս հարցի ընկալման այն է, որ եթե դա Վրաստանում հստակ էլիտաների միջև պայքար է, ապա ՀՀ-ում դա միայն էլիտաների պայքար չէ, այլ հանրության մի հատվածի պայքարն ընդդեմ իշխանությունների։ Այսինքն՝ այստեղ ոչ թե հարցը էլիտաներն են, այլ ներքաղաքական խաղացողները։ ՀՀ-ում երկար ժամանակ՝ 2020-ի պատերազմից ավարտից հետո կար հանրային պասիվություն, դեպրեսիա՝ պարտությունից հետո, ապատիա, հանրության մեծ մասը դուրս էր հասարակական-քաղաքական գործընթացներից։ Այս պահին Բագրատ սրբազանի գլխավորած ընդդիմադիր շարժման ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հանրության ապատիկ բավականին մեծ զանգված քիչ-քիչ արթնացել է և դարձել ավելի ակտիվ։ Զարմանալի չէ, որ իշխանությունները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումից հետո նրան սկսեցին անվանել Կրեմլի գործակալ, որ իբր Մոսկվայի մատն է խառը այդ շարժման մեջ, բայց ես չեմ կարծում, որ եթե դա տեսականորեն այդպես է, դա զգացվում է։ Մինչդեռ արևմտյան երկրների ձեռքը կոնկրետ երևում է ՀՀ իշխանությունների աջակցության հարցում ոչ միայն կուլիսային մակարդակում, այլև հայտարարությունների մակարդակում՝ իշխանություններին ուղիղ աջակցությամբ»։

Վրացական կողմից հարց հնչեց՝ որքանո՞վ եք իրատեսական համարում այն, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն, ինչպես Թբիլիսիում հայտարարել էր Արարատ Միրզոյանը, Վիգեն Հակոբյանը պատասխանեց․ «ՀՀ անկախությունից հետո 30 տարվա ընթացքում ՀՀ բոլոր իշխանությունների օրոք էլ այդ հարցը եղել է օրակարգային։ Սակայն Թուրքիան միշտ նախապայմաններ է դնում։ Այդ նախապայմաններից մեկը վերաբերում էր ԼՂ-ի կամ Արցախի տարածքների վերադարձին, երկրորդը՝ Հայոց ցեղասպանության հարցի ճանաչումից հրաժարմանը, երրորդը՝ Թուրքիային ուղղված տարածքային հավակնություններից հրաժարմանը։ Հիմա արդեն չկա ԼՂ կարգավիճակի հարց, ՀՀ ներկայիս իշխանությունն ավելի մեղմ դիրքորոշում է որդեգրել Հայոց ցեղասպանության հարցով, ՀՀ-ի կողմից Թուրքիային ուղղված տարածքային հավակնությունների մասին նաև ծիծաղելի է խոսել։ Բայց այստեղ խնդիրը ՀՀ իշխանությունների համար այն է, որ Թուրքիան կարծում է՝ այս փուլում ՀՀ իշխանությունները պետք է լուծեն բոլոր հարցերը Ադրբեջանի հետ։ Ուստի կարծում եմ՝ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման այս հարցը մոտ հեռանկարում կլինի միայն խոսակցությունների, քաղաքական առևտրի մակարդակում»։

Հարցին՝ Իրանում, Ֆրանսիայում և Անգլիայում ընտրությունների արդյունքները ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հարավային Կովկասում քաղաքականության վրա, Վիգեն Հակոբյանը պատասխանեց․ «Այն արդյունքները, որոնք գրանցվել են, դրանք չեն կարող լրջորեն ազդել այս տարածաշրջանում իրականացվող քաղաքականության վրա։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա Իրանում նախագահի պաշտոնը փաստացի այն պաշտոնը չէ, որը ռազմավարական փոփոխություններ կարող է անել։ Ֆրանսիայի ընտրությունների՝ երեկվա արդյունքներով ուժերի հավասարակշռվածությունը աջերի կողմն է, բայց դա բավարար չէ, որ նախագահի և եվրոպական էլիտաների մակարդակում քաղաքականությունն՝ ուղղված Հարավային Կովկասին փոխվի։ Անգլիան իր քաղաքականության հարցում առաջնահերթությունը տալիս է ՌԴ-ի հետ հարաբերություններին, իսկ տարածաշրջանում Անգլիայի քաղաքականությունը վերջին հարյուրամյակի ընթացքում փոփոխություն չի կրել»։

Առաջիկայում թե ինչ է սպասվում Վրաստանում և ՀՀ-ում, Վիգեն Հակոբյանը նշեց՝ Վրաստանում ամենայն հավանականությամբ կլինեն թեժ ընտրություններ, որոնք կզգուհառեվեն փողոցում ընթացող գործողություններով։ Ըստ քաղտեխնոլոգի՝ ՀՀ-ում ընդդիմադիր շարժման գլխավոր գործողությունները կլինեն սեպտեմբերի կեսերին՝ Երևանում և կտարածվեն ողջ հանրապետությունով մեկ․ «Կարծում եմ՝ ՀՀ-ում ևս ակտիվ փուլ կլինի և ակտիվությունը նաև կախված կլինի նրանից, թե որքանով հանրության մեծ զանգվածներ ներգրավված կլինեն այդ գործընթացներում ոչ միայն առցանց հարթությունում, այլև գետնի վրա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031