ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներով օրերս այցելել էին Կիրանց ու ծառի տակ նկարվել: Կիրանցի բնակիչները տարակուսել են, թե իրենց հետ հանդիպելու փոխարեն ինչո՞ւ են թաքուն եկել ու ծառերի տակ նկարվել:
Սոցցանցերում ծավալված բուռն քննարկման ֆոնին ՔՊ-ական Լուսինե Բադալյանը նշել էր, որ հպարտ է իր տեսածով, ինչը եւս արժանացել էր Կիրանցի բնակիչների դժգոհությանը, թե ի՞նչ կար հպարտանալու, պատշգամբներից ադրբեջանական դրոշներն են երեւում, դրանո՞վ են հպարտանում:
Կարդացեք նաև
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը այս հարցերին ի պատասխան ասաց. «Մենք որոշեցինք մի քանի պատգամավորներով գնանք, տեղում ծանոթանանք սահմանազատված սահմանին, նաեւ ամրաշինական աշխատանքներին: Տեղում ծանոթացանք, որ, ըստ էության, աննկարագրելի ծավալի եւ որակի աշխատանք է կատարվում, որը կարծում եմ պետք է արվեր վերջին 20-25 տարիների ընթացքում, որի արդյունքում մենք չէինք ունենա այն իրավիճակը, որը հիմա ունենք: Ինչ վերաբերում է գյուղացիների հետ հանդիպմանը, մենք գնացել ենք Կիրանց, գյուղում շրջել ենք, հանդիպել ենք ընդամենը մի քանի հոգու, նրանց հետ զրուցել ենք: Ըստ էության, գյուղի բնակիչները իրենց աշխատանքին էին, դաշտերում էին, իրենց հոգսին էին եւ որեւէ բողոք, որեւէ բացասական տրամադրություն կամ բացասական էմոցիա չի եղել, որովհետեւ իրենք իրենց աչքով տեսել են այն, ինչ կատարվում է եւ վստահ եմ, որ արձանագրել են, որ այն, ինչ իրենց ասվում էր մեր փողոցային ընդդիմության կողմից, եղել է սուտ, կեղծիք»:
Հարցին՝ այսինքն, բնակիչները գո՞հ են, որ սահմանը գյուղի միջով է անցնում՝ Զեյնալյանը պատասխանեց. «Բնակիչները գոհ են: Ես առաջարկում եմ դուք գնաք, ինքներդ ռեպորտաժ անեք եւ խոսեք տեղի բնակչների հետ, էդ բոլոր ձեր հարցերը կփարատվեն: Գյուղացիները գոհ են, որ սահմանը հստակ է արդեն եւ այդ գծից այս կողմ երկուստեք ընդունելի է, որ Հայաստանի Հանրապետություն է եւ այն կողմ ՀՀ չէ, սա է ամենակարեւորը: Ոչ թե հատված է, որը անհասկանալի է հայերի ու ադրբեջանցիների համար, թե սահմանը որտեղով է անցնում, այլ հստակ գիծը արդեն քաշված է»:
Հարցին՝ կա՞ երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի ձեր ասած այդ գիծը, սահմանը, որտեղից այս կողմ Հայաստանն է՝ Զեյնալյանը պատասխանեց. «Կարծում եմ, երկրագնդի վրա չկա որեւէ երկիր, որ երաշխիք ունի, որ իր սահմանները երբեւէ չեն խախտվի, բայց կարծում եմ, ռիսկերը, որ էսկալացիա կլինի, անհամեմատ ավելի նվազ է եւ կառավարելի, քան երբ չկա սահմանազատված սահման»:
Հարցին, որ ձեր գործընկեր Լուսինե Բադալյանը գրել է, որ ինքը հպարտ է սահմանազատմամբ ու այն աշխատանքով, որն արվել է, դուք ե՞ւս հպարտ եք ձեր տեսածով՝ նա պատասխանեց. «Այո, համաձայն եմ ես իմ գործընկերոջ հետ: Վստահ եմ՝ ով գնա այնտեղ տեսնի կատարված աշխատանքն ու ծավալները, նույն հպարտությունը կունենա: Խոսքը ոչ միայն սահմանազատված հատվածի մասին է, նաեւ պաշտպանական ամրաշինական աշխատանքների»:
Ըստ Զեյնալյանի, 7-րդ գումարման ԱԺ-ի իմքայլական պատգամավորը, մյուսները, որոնք հակառակ գրառումներն են անում, ապատեղեկատվություն են տարածում, թե գյուղը կիսվում է երկու մասի, ադրբեջանցին գալու է, մտնի գյուղ, շահարկում են, թե սահմանազատվելու է ծառերով, թփերով. «Գնացեք ինքներդ տեսեք, թե ինչպիսի սահմանազատված սահման ունենք եւ դուք եւս հպարտություն կունենանք»:
Հարցին՝ հիմա եթե ձեր տանից դուք դուրս գաք ու ադրբեջանական դրոշ տեսնեք, նույն հպարտությունը կապրե՞ք՝ նա պատասխանեց. «Նախկինում եւս ադրբեջանական դրոշ եղել է, մի՛ շահարկեք: Հայ-ադրբեջանական սահման չի եղել նախկինում եւ այդտեղ վտանգը, որ կարող էր լինել էսկալացիա, շատ ավելի բարձր էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ