Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ, եթե Քևին Սփեյսին ճանաչվեր մեղավոր, չէր զրկվելու իր կարծիքն արտահայտելու իրավունքից և, պատիժը կրելուց հետո, կարող էր հանդիպումներ ունենալ». «Ակն ընդ ական»

Հուլիս 08,2024 15:04

Դատապարտում ենք Քևին Սփեյսիի դեմ գրաքննությունն ու խտրականությունը

Ամերիկացի դերասան Քևին Սփեյսին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հրավերով եկել է Երևան։

Հայաստանի Ամերիկյան համալսարանում հանդիպում էր նախատեսված դերասանի հետ, սակայն համալսարանը միջոցառումը չեղարկել է մի խումբ ուսանողների և կազմակերպությունների ճնշմամբ, որոնք պնդում են, թե Քևին Սփեյսիի դեմ սեռական ոտնձգությունների դատական գործերը հիմք են, որ նա չգա Հայաստան։

Քևին Սփեյսին իր դեմ դատական գործերով մեղավոր չի ճանաչվել, արդարացվել է, ուրեմն անմեղ է։ Հետևաբար ՀԿ-ների, ուսանողների և Ամերիկյան համալսարանի արածը գրաքննություն է և խտրականություն։

Սա խտրականություն է ոչ միայն Քևին Սփեյսիի, այլ բոլոր նրանց հանդեպ, ովքեր ներգրավված կլինեն դատարանում որպես մեղադրյալ, կարդարացվեն, բայց նրանց հանդեպ շարունակվի խարանն ու խտրականությունը, քանի որ արդեն պիտակավորվել են և վերջ։ Խտրականություն է ամբաստանյալների հանդեպ՝ ոտնահարելով մարդու անմեղության կանխավարկածը։

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը կոչ է անում կինոգործիչներին, արվեստագետներին, կինոսերներին, իրավապաշտպաններին, բոլոր քաղաքացիներին դատապարտել ՀԿ-ների, մի խումբ ուսանողների և Ամերիկյան համալսարանի իրականացրած գրաքննությունն ու խտրականությունը՝ թույլ չտալ, որ ակադեմիական և հասարակական կազմակերպությունների ճնշմամբ շարունակվի խորանալ մարդատյաց, անհանդուրժող, հետադիմական այս երևույթը։

«Ակն ընդ ականը» Ոսկե ծիրան փառատոնին ուժ է փոխանցում, որ որևէ դեպքում չընկրկի, չտրվի անհանդուրժողականության ճնշմանը և շարունակի իր աշխատանքը, ինչպես նախատեսել է։

Ամերիկյան համալսարանը, թեև դժվար վերականգնի միջոցառումը, սակայն խորհուրդ ենք տալիս չշարունակել նման վարքագիծը հետագայում և ուսանողներին բացատրել դատարանների, անմեղության կանխավարկածի, կարծիքի արտահայտման իմաստը։

ՀԿ-ներից պահանջում ենք զերծ մնալ հակաժողովրդավարական, մարդու իրավունքները ոտնահարող, հանրությանը մոլորեցնող գործողություններից ու մնալ խելամտության շրջանակներում։ Դուք Հայաստանում որպես հասարակական կազմակերպություն եք գրանցված, ոչ թե՝ դատարան։

Սեռական ոտնձգությունները, հատկապես անչափահասների նկատառմամբ, չունի որևէ արդարացում, և թեև սեռական ոտնձգությունները շատ դեպքերում դժվար ապացուցելի են դատարանում, սակայն դատարանն է միակ կառույցը, որն ունի դա անելու իրավասություն և հարկ եղած դեպքում պատիժ է ներկայացնում։ Ո՛չ ամերիկյան համալսարանը, ո՛չ ուսանողները, ո՛չ ՀԿ-ները դատավճիռ կայացնելու և պատիժ կիրառելու իրավասություն չունեն, որ արգելում են Քևին Սփեյսիի միջոցառումները։

Անգամ, եթե Քևին Սփեյսին ճանաչվեր մեղավոր, նա չէր զրկվելու իր կարծիքի արտահայտման իրավունքից և, պատիժը կրելուց հետո, կարող էր հանդիպումներ ունենալ։

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031