Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռաբջիջը կարող են նվիրատվություն կատարել, արտահանել, ներմուծել, հղիությունը կարող են ընդհատել ոչ հիվանդանոցային պայմանում. ՔՊ-կանների նոր նախագիծը

Հուլիս 08,2024 14:28

Այսօր ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՔՊ պատգամավորների հեղինակած «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Հիմական զեկուցող Նարեկ Զեյնալյանը (լուսանկարում) ներկայացրեց, որ նախագծով առավել հասանելի ու անվտանգ են դարձնում հղիության արհեստական ընդհատումը: Գործող օրենսդրությամբ միայն հիվանդանոցային պայմաններում ու գործիքային մեթոդներով էր թույլատրվում հղիությունն արհեստական ընդհատել: Հիմա, ըստ հեղինակի, կան դեղորայքներ, որոնք թույլ են տալիս անվնաս ընդհատել հղիությունը ու մինչեւ 8 շաբաթական հղիությունը արդեն կարող են ընդհատել դեղորայքով ու ոչ հիվանդանոցային պայմաններում՝ մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումով նախատեսվում է մինչեւ 12 շաբաթական հղիության արհեստական ընդհատում, Հայաստանում որոշել են շեմը իջեցնել:

Նախագծով նաեւ որոշել են սուրոգատ՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու տարիքային շեմը 53-ից բարձրացնել մինչեւ 55 տարեկան, իսկ սուրոգատ կնոջ համար նախատեսված տարիքը 35 էր, շեմը բարձրացրել են, դարձրել մինչեւ 38 տարեկան. «Կարգավորումներ կան նաեւ սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման, ոչնչացման հետ կապված: Սա քննարկել ենք մեր բժշկական կազմակերպությունների հետ: Գործող օրենսդրությամբ որեւէ կարգավորում չկար, թե իրենք ինչ պետք է անեն այն սեռաբջիջները, որոնք չեն օգտագործվել: Հիմա կարգավորումներ ենք մտցրել, որ կենսաբանական ծնողը կարողանա նվիրատվություն կատարել սեռաբջիջը բժշկական կազմակերպությանը, արտահանել, ներմուծել: Բժշկական կազմակերպություններին իրավասություն են տվել կատարել ոչնչացում կենսաբանական ծնողի կամ ծնողների թույլտվությամբ: Նաեւ որոշակի սահմանափակումներ ենք մտցրել ազգությամբ ոչ հայերի համար, հաշվի առնելով կարիքը՝ առավելությունը տվել ենք ազգությամբ հայերին»,- ասաց Զեյնալյանը:

Նա մասնավորեցրեց, որ եթե այլազգին ուզենա հայ փոխնակ մոր ծառայությունից օգտվել, չի կարող, բայց կարող է իր փոխնակ մոր հետ գալ ու Հայաստանում վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվել:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Ընդդիմությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը շատ գոհ էր Զեյնալյանի, Լենա Նազարյանի, Լուսինե Բադալյանի ու Տաթեւիկ Գասպարյանի համահեղինակությամբ այս նախագծից, այն համարեց կարեւոր նախաձեռնություն՝ ժողովրդագրական խնդիրները լուծելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031