Տավուշում, Լոռիում և Շիրակում այժմ գործող ութ տեղական ակտիվ խմբերը՝ (ՏԱԽ-երն) այսուհետ հանդես կգան միասնական․ օրերս Գյումրիում կայացավ «ԱՐՄԼԱԳ» ՏԱԽ-երի ազգային ցանցի ստեղծման վերաբերյալ գործընկերության պայմանագրի ստորագրման միջոցառումը:
ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի Ծրագրերի ղեկավար Տաթևիկ Դավթյանը նշեց՝ LEADER-ի իրականացումը, պիլոտավորումը ՀՀ-ում արդեն հասել է իր ավելի հասուն փուլին․ «Արդեն ժամանակն է ավելի ինտենսիվ քննարկելու ՏԱԽ-երի ինստիտուցիոնալացման, նրանց շարունակական գործունեությունն ապահովելու հարցերը։ Այդ համատեքստում կարևոր է բոլոր ութ ՏԱԽ-երի համատեղ միավորը՝ ստեղծելու առաջին քայլը։ Մենք սա դիտարկում ենք ՏԱԽ-երի գործունեության շարունակականության համատեքստում»։ Տաթևիկ Դավթյանի համոզմամբ՝ ՏԱԽ-երը միասին կարող են ավելի շատ ռեսուրսներ ներգրավել, իրենց ընդհանուր խնդիրները ձևակերպել, շահերի պաշտպանության արշավներ իրականացնել, բանակցել որոշում ընդունողների հետ։
Հայաստանում կայուն զարգացմանը և գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ LEADER մեթոդաբանությունը ԵՄ ֆինանսավորմամբ տեղայնացվել է Լոռու և Տավուշի մարզերում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ու Շիրակի մարզում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից: LEADER մեթոդաբանությունն իրականացվում է ՏԱԽ-երի միջոցով, որոնք, առաջնորդվելով գործընկերության և նորարարության մոդելով, համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ և նպաստելու տեղական զարգացմանը։
Կարդացեք նաև
ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի ղեկավար Հարություն Գևորգյանը «ԱՐՄԼԱԳ» ՏԱԽ-երի ազգային ցանցի ստեղծման վերաբերյալ գործընկերության պայմանագրի ստորագրման միջոցառման ժամանակ նշեց․ «3 տեղական ակտիվ խումբ ստեղծվել է Շիրակում, 5-ը Լոռիում ու Տավուշում։ Մենք հումորով ասում ենք՝ 2,5 ՏԱԽ՝ Լոռիում և 2,5 ՏԱԽ՝ Տավուշում, որովհետև ՏԱԽ-երից մեկը միջմարզային է»։
Խոսելով եվրոպական փորձի մասին՝ Հարություն Գևորգյանն ասաց․ «Եվրոպան տեսել է, որ ՏԱԽ-երի գործունեության համար ավելի արդյունավետ է համագործակցությունը, որպեսզի զարգացումն ավելի մեծ լինի։ Քանի որ, եթե այդ սոցիալական կապիտալը ձևավորվում է, վստահությունը մարդկանց մոտ ձևավորվում է, ապա արդյունքն ավելի շոշափելի, տեսանելի ու նշանակալից է լինում։ Եվրոպական ՏԱԽ-երը ստեղծել են ֆորմալ կամ ոչ ֆորմալ ցանցեր։ Ուստի հայաստանյան ութ ՏԱԽ-երով հավաքվել ենք, որպեսզի ձևավորենք այս ոչ ֆորմալ ցանցը և գնանք առաջ՝ միասին, հաղթանակած»։
ՄԱԶԾ LEADER-ի միջազգային փորձագետ Մարթա Մարչիսն էլ անդրադարձավ LEADER նախաձեռնության արմատներին ու սկզբունքներին՝ տարածքահեն և ներքևից վեր մոտեցումներ, տեղական եռակողմ գործընկերություն և կառավարում, ինտեգրված և բազմոլորտ ռազմավարություն, կապեր և ազգային և անդրազգային համագործակցություն, նորարարություն և համայնքային մակարդակով գործողություններ Լոռիում, Տավուշում և Շիրակում, որոնք իրականացվում են LEAD ծրագրերի միջոցով ներառական զարգացում ապահովելու նպատակով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սույն հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Սույն հրատարակության բովանդակության բացառիկ պատասխանատվությունը կրում է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը և այն ոչ մի կերպ չի կարող արտահայտել Եվրոպական միության տեսակետները: