«Ես կարծում եմ, որ սա բացառիկ փառատոն է երկրի համար, քանի որ ներկայումս բարդ շրջափուլ է ապրում երկիրը, ինչը մտահոգիչ է։ Իսկ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հնարավորություն է տալիս ինչպես Հայաստանը ներկայացնել ուրիշներին, այնպես էլ դրսից այլ մշակույթներ բերել։ Երբ նախկինում գալիս էի Հայաստան, այն ժամանակ ամեն ինչ ավելի կայուն էր, հիմա, ցավոք, բարդ ժամանակներ են, ամեն ինչ ավելի էմոցիոնալ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց կանադահայ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որը մասնակցում էր «Երեմյան փրոջեքթս» ընկերության «Լիվինգսթոն» ռեստորանում փառատոնի հյուրերի համար կազմակերպված հատուկ ընդունելությանը։
Aravot.am-ի հարցին՝ ժամանակին ինքը եւ իր տիկինը՝ Արսինե Խանջյանը աջակցում էին հեղափոխությանը, հիմա ի՞նչ զգացողություն ունի, որ հեղափոխությունից հետո իր աջակցությունը վայելած եւ իշխանության եկած ուժի պաշտոնավարման ժամանակ տարածքային կորուստներ ենք ունեցել, կորցրել ենք Արցախը, Հայաստանը հայտնվել է ծանր եւ խոցելի վիճակում, Էգոյանն այսպես արձագանքեց․ «Պատերազմից հետո եղել են ընտրություններ, մարդիկ մասնակցել են ընտրություններին, քվեարկել են կառավարության համար։ Ես ընդունում եմ այդ ընտրությունների արդյունքները»։
Դառնալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման՝ «Յոթ քող» ֆիլմին, որի հեղինակն ինքն է, Ատոմ Էգոյանն ասաց, որ այն հարգանքի տուրք է մեծ արվեստագետներին, մասնավորապես՝ Ռիխարդ Շտրաուսին եւ ֆիլմը նրա «Սալոմե» օպերայի յուրօրինակ վերամեկնաբանությունն է։ Նա նշեց, որ «Քլոեից» հետո սա իր երկրորդ համագործակցությունն է Ամանդա Սայֆրիդի հետ, որը ֆիլմում մարմնավորել է Ժանինին։ «Մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում եւ հասկանում ենք, որ իրականությունն այնպիսին չէ, ինչպիսին կուզենայինք։ Ֆիլմի հերոսուհին շրջապատված է 7 տարբեր տղամարդկանցով՝ անցյալից, ներկայից եւ ապագայից, ու այդ ամենի միջով ինքն անցնում է անհավանական արտասովոր կերպով, բայց նաեւ լինելով ուժեղ․․․»։
Կարդացեք նաև
Ատոմ Էգոյանին հարցրինք՝ Սալոմեի կերպարը ոգեշնչել է շատ արվեստագետների, այդ թվում մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցին, որի «Սալոմե» կտավն այժմ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, ցանկություն չունի՞ գնալ ու տեսնել այդ կտավը։ Ռեժիսորը հարցից շատ ուրախացավ, ասաց, որ անշուշտ կուզենա տեսնել։
Լրագրողներից մեկի հարցին՝ ժամանակին ուզում էր տուն գնել Հայաստանում, դեռ ունի՞ նման ցանկություն, Էգոյանը պատասխանեց, որ երկու անգամ փորձել է տուն գնել, սակայն չի հաջողվել։ Հավելեց, որ ուրախ է լինել Հայաստանում, հատկապես այս օրերին ու հատկապես ուրախ է Վարդավառին ջրով ցողվելու համար․ «Ինձ կարծես մկրտեցին ջրով»։
Ընդունելությանն ի թիվս այլոց ներկա էր նաեւ կրկնակի օսկարակիր Քեւին Սփեյսիին, նա հրաժարվեց հարցազրույցից՝ ասելով, որ իր հետ հանդիպում է նախատեսված, լրագրողների հետ շփմանը կողմ է միայն այդ ձեւաչափով։ Աշխարհահռչակ դերասանը, սակայն, իր հետ սելֆի կամ լուսանկար ունենալու որեւէ մեկի խնդրանքը չէր մերժում։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Պատերազմից հետո եղել են ընտրություններ, մարդիկ մասնակցել են ընտրություններին, քվեարկել են կառավարության համար։ Ես ընդունում եմ այդ ընտրությունների արդյունքները»
Շատ ցավոտ ու ցավալի են այս տողերը։ Ցավոտ, որովհետև տողատակում ասվում է․ “Ես ի՞նչ մեղք ունեմ, որ դուք ապուշ եք”։ Ցավալի, որովհետև այդ տողատակով անգամ տաղանդավոր արվեստագետը, ով, վստահ եմ, շատ լավ գիտակցում է 2018-ին իր դերը ու 2018-ի՝ մեր երկրին բերած արհավիրքը, չի կարողանում քողարկել իր միջի կոնֆորմիստին։ Այդ առումով ավելի քան հեգնական են հնչում 2018-ի նոյեմբերին (!!!) Բերնարդո Բերտոլուչիի հիշատակին ասված խոսքում՝ իր այս տողերը․
“My cinematographer and I always rewatch The Conformist for inspiration and we’re thinking of him right now as we set up our next shot.”
Ատոմ Եկոյանի բերած վնասը՝ Հայկական Հարցին, զարհուրելի է… – ո՛չ իր համեստափայլ Տիկնոջ հետ որեւէ կապ ունի այս հաստատումս, ոչ էլ վաբշե 2018ի հետ. այլ, իր «Արարատ» անունով ֆիլմին մասին է –
. մանրակրտիտ, ստորագրուած հիմնաւորում՝
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0ATWjVenCazvNGXsQvWS8AgunM1MKzjJ9gKnh4T8qdGJPvQSvbQLqByb8MzTachjtl&id=100063953917374