Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 ԱԺԴ կուսակցությունը գտնում է, որ հապաղել այլևս չի կարելի. Եվրամիությանը անդամակցվելու հայտ ներկայացնելու հարցով անհրաժեշտ է կազմակերպել հանրաքվե

Հուլիս 08,2024 09:57

 ԱԺԴ կուսակցության հայտարարություն

Դառն է խոստովանել, բայց մենք կործանման եզրին ենք հասնում և խնդիրը միայն հայաստանաբնակներինը չէ: Կշեռքի նժարին է դրված ոչ միայն մեր երկրի ինքնիշխանության, այլ աշխարհասփյուռ ողջ Հայության լինել չլինելու հարցը: Եվ մեր ջանքերի համախմբման, ճիշտ կողմնորոշման անհրաժեշտությունը, բարեկամ երկրների հետ հարաբերությունների կարգավորման, օգնության կարիքը այժմ մենք իրոք շատ ու շատ ենք զգում:

Բայց աշխարհը այսօր մասերի է բաժանված: Մի կողմում, այսպես ասված, ժողովրդավարական Արևմուտքն է, որը ամեն կերպ աջակցում է Ուկրաինային ավտորիտար Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով: Մյուս կողմում Կրեմլն է և նրան այս կամ այն կերպ աջակցող որոշ երկրները: Եվ այժմ երկու կողմերն էլ շահագրգռված են այլ երկրներին իրենց կողմը քաշել ՝ խոստանալով նրանց իրենց պահանջների բավարարումը:

Եվ բնական է, որ մենք հիմա երկընտրանքի առջև ենք կանգնած: Պետք է հստակ որոշենք՝ ում և ինչքան կարելի է վստահել: Ումից և իրականում ինչ աջակցություն կարող ենք ստանալ: Եվ այդ կողմնորոշման դեպքում նրանք մեզանից ինչ կպահանջեն: Հակադիր կողմը այդ դեպքում ինչ վտանգավոր քայլերի կարող է դիմել: Մեր հանրությունն ու Սփյուռքը այդ կողմնորոշմանը ինչպես կարձագանքեն: Որքանով դա կնպաստի մեր ուժերի համախմբմանը: Աշխարհասփյուռ հայությունը ինչ գործիքակազմով կաջակցի մայր Հայրենիքին: Այն ինչպես կանդրադառնա մեր հետագայի, մեր ողջ ժողովրդի ապագայի վրա::

Կողմնորոշման այդ խնդիրը շատ պարզ, հստակ մի լուծում ունի: Մեր երկիրը կամ Եվրաինտեգրման հայտ է ներկայացնում, կամ պաշտոնապես որոշում է չներկայացնել, մնալ ռուսական ազդեցության ոլորտում:

Եվ քանի որ սպասել էլ այլևս չի կարելի՝ երկու կողմերն էլ մեզանից օր առաջ են հստակ պատասխան են պահանջում: Իսկ այդ լուծումից հրաժարվելը, խուսանավելը մեզ համար իրոք շատ ողբերգական հետևանքներով է հղի:

Ցավոք և այսօրվա մեր իշխանավորները, և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից շատ շատերը իրենց անձնական շահերը վեր դասելու, նյութական կախվածության և նաև աշխարհաքաղաքական զարգացումների մասին շատ աղոտ պատկերացումներ ունենալու պատճառով ի վիճակի չեն, չեն համարձակվում հստակ որոշում ընդունել և այդ մասին հանրությանը հայտնել: Տարբեր պատճառաբանություններ բերելով փորձում են ուղակի տրված հարցին էլ չպատասխանել:

Իհարկե, երկերեսային այս խաղին պետք է վերջ տալ, այս տիպի գործիչներից որքան հնարավոր է շուտ պետք է ազատվել: Բայց դրա համար ժամանակ է պետք: Իսկ ձգձգել այլևս չենք կարող:

Այլ ելք չունենք: Մենք ճամփաբաժանին ենք կանգնած: Լուծումը պետք է նրանց թելադրվի, պարտադրվի: Իսկ դրա հնարավորությունը կա: Հանրային նախաձեռնության կարգով՝ բավարար ստորագրություններ հավաքելով պետք է ստիպել իշխանություններին նշված հարցով հանրաքվե կազմակերպել:

Եվ մեր ժողովուրդը իր հանրաքվեով Եվրաինտեգրման այդ պարզ հարցին՝ այո կամ ոչ ասելով ինքը պետք է դա որոշի և ստիպի իր որոշումը կատարել:

Բայց քանի որ այդ ճամփաբաժանին՝ այս կամ այն ուղու ընտրությունից է մեր գոյատևման, լինել չլինելու հարցն է կախված և հետագայում իշխանության նոր կազմը որոշելիս, նորից սխալվելու իրավունք այլևս չունենք՝ կողմնորոշման այդ խնդիրը լակմուսի թուղթ կարող է դառնալ: Նախապես պարզելու համար թե ով ով է, որքան է կարևորում մեր ազգային արժեքների, մեր ինքնության պահպանումը, իրականում ինչ նպատակներ ունի, այլոց հետ ինչ կապեր, ինչ կախվածություն ունի:

Հաշվի առնելով դա՝ նպատակահարմար է, որ հանրությունը իր կարծիքը հանրաքվեով հայտնելուց առաջ նախ պետք է պահանջի, որ բոլոր քաղաքական ուժերը, Եկեղեցին, համազգային կառույցներն ու հասարակական ազդեցիկ կազմակերպությունները՝ Եվրաինտեգրմանը այո կամ ոչ ասելու հարցին իրենք առաջինը պաշտոնապես հայտնեն թե ինչ դիրքորոշում ունեն:

Նկատի ունենալով, որ այդ գործընթացը առանց հապաղելու պետք է սկսել և կոչ անելով լրատվամիջոցներին լուսաբանել յուրաքանչյուր կողմի դիրքորոշումը.

Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցությունը՝

Գտնելով, որ հեղափոխական զարգացումների այս դարում քաղաքակիրթ աշխարհին անդամագրվելը այլընտրանք չունի.

Արևմտյան կողմնորոշման ընդունումը և մեր երկրի, և մեր ողջ ժողովրդի ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային շահերից է բխում.

Այն էապես կնպաստի մեր պաշտպանական համակարգի ամրապնդմանը, անվտանգության ապահովմանը, ինչպես նաև կսահմանափակի, նվազագույնի կհասցնի Ռուսաստանից սպասվող վտանգները.

Պայմաններ կստեղծի նաև, որ կարողանանք աշխարհով մեկ համախմբել ի մի բերել մեր ժողովրդին հավաքական ողջ ներուժը և ձևավորենք նպատակային գործունեության ունակ համազգային կառույցների մեր միաձուլ համակարգը՝ իր ինքնապաշտպանության կազմակերպման համահայկական ռազմականացված կազմավորումով.

ԱԺԴ կուսակցությունը գտնում է, որ հապաղել այլևս չի կարելի, Եվրամիությանը անդամակցվելու հայտ ներկայացնելու հարցով անհրաժեշտ է կազմակերպել հանրաքվե և կոչ է անում իր կողմնակիցներին աջակցել դրա կազմակերպմանը և այդ հանրաքվեի ժամանակ Այո ասել:

ԱԺԴ կուսակցությունը դիմում է նաև բոլոր արտախորհրդարանական ուժերին միանալ այդ պահանջին՝ համոզված որ արևմտյան կողմնորոշման ընդունման կողմնակիցները ի վիճակի են, համախմբելով իրենց ջանքերը հասնել նրան, որ Այո ասողների քանակը վճռորոշ լինի:

Ավելին ԱԺԴ-ն համոզված է, որ հետագայում՝ քաղաքակիրթ աշխարհին մաս դառնալու պահանջով հանդես եկող ուժերը, ի վիճակի են ընդհանուր հայտարարի գալ, հստակ մշակված ծրագրով կազմել նախընտրական հզոր դաշինք և հաղթել:

Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության

 Նախագահ Արշակ Սադոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031