Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր կինոնկարի՝ «Յոթ քողը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կինոլորտի այս մեծ ծրագին արդեն 21-րդ անգամ Երևանում համախմբել է կինոյի միջազգային դեմքեին՝ արվեստասեր հանրությանը նվիրելով արդեն ավանդույթ դարձած կինոտոնը, որը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը՝ մրցութային և ոչ մրցութային ֆիլմերի ցուցադրությամբ։
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամրեգային համալիրում, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած կինոյի պատվիրակները, կինոաշխարհի հայտնի դեմքերը, կինոյի սիրահարները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել արդեն 21-րդ անգամ անցկացվող «Ոսկե ծիրան» փառատոնի առիթով։
Կարդացեք նաև
«Ոսկե ծիրանը» մեր մշակութային կյանքի, երևանյան ամառների անբաժանելի մասն է՝ որպես մի իրադարձություն, առանց որի կյանքն արդեն չենք պատկերացնում։
Սա իրադարձություն է, որը չի սկսվում ու ավարտվում միայն այս օրերին. կինոփառատոնի մասին խոսակցությունները սկսվում են շատ ավելի վաղ և շարունակվում են դրանից հետո՝ ցույց տալով փառատոնի կարևորությունը կինոարտադրության, կինոմշակույթի և առհասարակ, մշակույթի համար։ ԿԳՄՍ նախարարության համար պատիվ է լինել փառատոնի կողքին, որը շարունակական աշխատանք է, և վստահ եմ՝ առաջիկա տարիներին տեսնելու ենք փառատոնի ավելի ընդլայնված և զարգացող օրակարգեր»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ կինոն Հայաստանում զարգացման նոր ուղիներ ունի՝ պայմանավորված նաև վերջին տարիներին օրենսդրական փոփոխություններով, որոնք նոր հնարավորություններ են ստեղծել։ Նախարարը հատկապես շեշտել է համատեղ կինոարտադրության հնարավորությունը, որն ստեղծվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի ընդունմամբ և համատեղ կինոարտադրության ոլորտում ներդրումների 10-40% մասնակի վերադարձի հնարավորությամբ։
«Սա հրաշալի նախապայման է, որպեսզի մեր երկրում ևս մեկ անգամ զարկ ստանան համատեղ արտադրված ամենահետաքրքիր և սպասված կինոնախագծերը, որոնք ստանալու են նաև պետության աջակցությունը,- ասել է նախարարը և հավելել,-
այդ իմաստով Հայաստանն ամենալավ վայրերից մեկն է՝ իր բնությամբ, տարածքներով ու լանդշաֆտով, որը ցույց տալու սրդյունավետ հարթակ է նաև այս փառատոնը»։
Ժաննա Անդրեասյանը նկատել է՝ հանդիսատեսն այս օրերին բազմապիսի ծրագրերից ու պրեմիերաներից ընտրում է՝ որ ժանրի ֆիլմ դիտել, որտեղ լինել, անվանի հյուրերից ում լսել։
«Մենք դժվար ժամանակներում ենք ապրում, որոնք առաջին հերթին դժվար խոսակցությունների ժամանակներ են. ամենաբարդ խնդիրների մասին խոսելու ամենալավ միջոցն արվեստն է։ Եվ կինոն այս օրերին օգնելու է շատ խոսելու այն ամենի մասին, ինչի մասին արտահայտվելու այլ ձև դեռևս չենք գտել»,- ասել է նախարարը` հանդիսատեսին մաղթելով բարի դիտում, իսկ փառատոնին՝ հաջող ընթացք։
Ելույթներով հանդես են եկել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրան»փառատոնի գլխավոր հովանավորն է։
Փառատոնի բացումն ազդարարած Ատոմ Էգոյանի «Յոթ քողը» ֆիլմը, որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում է կայացել և արդեն արժանացել բարձր գնահատանքի, Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի պատկերային վերաիմաստավորումն է։ Ֆիլմում Ամանդա Սեյֆրիդը մարմնավորում է թատերական ռեժիսորին, որը ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։
Ֆիլմը կցուցադրվի նաև փառատոնի ընթացքում՝ որպես «Երեւանյան պրեմիերա»։
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը կարմիր գորգը փոխարինվել է արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների պատրաստած գորգերի «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուով։
«Ոսկե ծիրանն» առանձնահատուկ անդրադարձել է նաև կինոյի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Ի պատիվ Սերգեյ Փարաջանովի՝ «Ոսկե ծիրան» փառատոնում սահմանվել է նրա անվան մրցանակ, որը շնորհվել է փառատոնի աստղային հյուրին` կրկնակի օսկարակիր Քեվին Սփեյսին և հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանին` կինոյի զարգացման ասպարեզում ունեցած ավանդի համար։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ