Լրահոս
Օրվա լրահոսը

Ես որդուս փնտրում էի ողջերի մեջ․․․

Հուլիս 06,2024 23:42

«Իմ կյանք, իրոք իմ կյանք… առանց քո մասին լուրի, աշխարհը գույներ չունի, ջերմություն չունի, ես սպասում եմ ամեն վայրկյան անտրտունջ… այս մեծ փորձությունից տյուս կյաս, կյանքս տաքանա… սառն եմ… մրսում ես դու, ցավդ տանիմ, քեզ հասած դժվարությունները տրվար ինձ… իմ բալա․․․»։

12 նոյեմբերի 2020 թ.

Պատերազմի ձայնը ոչ մի ուրիշ ձայնի հետ չես շփոթի

Այսօրվա պես հիշում եմ՝ հենց առաջին արկի ձայնը եկավ, հասկացա, որ պատերազմ է։ Վազեցի 83-ամյա սկեսուրիս սենյակ, վատառողջ էր, ասացի՝ վեր կաց, օգնեմ հագնվիր, պատերազմ է։ Արկերի ձայնը ոչ մի ուրիշ ձայնի հետ չես շփոթի։

Բայց այդ ամբողջ ընթացքում մտովի որդուս հետ էի։ Արթուրը երկու ամիս է, ինչ  Ջրականում էր ծառայում։ Նախապես էլ որոշել էինք, որ հենց այդ օրը՝ սեպտեմբերի 27-ին պիտի գնաք իր մոտ։ Բայց 26-ի երեկոյան զանգեց՝  ասաց չգաք, ամեն ինչ կարգին է։ Մանրամասները հետո կասեմ։

Աղոթի՛ր, Արթուր։ Վերջին բառերս էին․․․ 

Արագ հագնվում էինք ու այդ ամբողջ ընթացքում զուգահեռ զանգում էի Արթուրին։ Պատասխան չկար։ Ավելի ուշ հաղորդագրություն ստացա․ մամ, մի անհանգստացիր, ամեն ինչ նորմալ է։ Նամակը ստանալուց հետո միայն թողեցի Մարտակերտի մեր տունն ու շարժվեցինք Մոխրաթաղ։ Բակում հանդիպեցինք մեր հարեւանի հղի կնոջը, ամուսինը դիրքերում էր, նրան էլ մեզ հետ վերցրինք ու գնացինք գյուղ։ Մտածում էինք ավելի ապահով կլինի։ Բայց Մոխրաթաղում պատկերն այլ էր։ Կրակն արդեն գյուղի մետ էր։ Ավելի անհանգստացա։ Լարվեցի։ Արթուրից լուր չկա։ Տարբեր կողմերից հակասական լուրեր էինք ստանում։ Զինվորականներից մեկի միջոցով կապվեցինք, իմացանք, որ Արթուրին տեղափոխել են,  իբրեւ թե,  ապահով վայր․․․ Օրեր անց՝ հոկտեմբերի 15-ին վերջապես զանգ ստացանք, ասաց՝ մամ, ես նորմալ եմ, մի անհանգստացիր, գիտեմ էս քանի օրը Մարիամի ծնունդն է, շնորհավորիր (աղջկաս՝ Մարիամի ծնունդը հոկտեմբերի 13-ին էր)։ Արթուրի ձայնի մեջ դող զգացի, ասացի՝ հաստա՞տ լավ ես բալես, հո՞ շրջափակման մեջ չես։ Ասաց՝ չէ, նորմալ է։ Պապայի հետ կապի մեջ եմ։ Աղոթիր Արթուր։ Վերջին բառերս էին․․․ Արթուրից այլեւս զանգ չստացա։

Արթուրն ու Հադրութը մնացին թշնամուն

Մոխրաթաղում վիճակը ծանր էր, ծերերի ու կանանց հետ տեղափոխվեցինք նախ Ստեփանակերտ, ապա՝ Երեւան։ Բայց Արցախից չէի ուզում դուրս գալ, մտածում էի՝ դավաճանում եմ որդուս։ Հիշում եմ, Շուշիով անցնելիս էնպիսի տպավորություն էր՝ կածես որդուս թողնում եմ գերի․․․ երկար վիճում էինք ամուսնուս հետ, չէի ուզում տեղափոխվել։ Պնդեց, որ մնալով օգուտ չեմ բերելու, ծերերի ու երեխաների մասին պետք էր հոգ տանել։  Ծանր սրտով եկա Երեւան։

Ինչ օրեր էին՝ չեմ կարող նկարագրել։ Սպասման ու  վախի երկար ու ձիգ օրերը դարձան շաբաթներ։ Մինչեւ մի օր, կարծեմ հոկտեմբերի վերջին, զանգեց մեր մտերիմներից մեկն  ու ասաց՝ Սոնա, դե Գարիկը գալիս է Երեւան։ Ասացի գալիս է ի՞նչ անի, Արթուրիս ո՞ւր է թողնում։ Ասաց՝ Սոնա, Արթուրը էլ չկա, մնացել է Հադրութում․․․ Հադրութն էլ արդեն ամբողջությամբ ադրբեջանցիների հսկողության տակ է․․․ չհասկացա՝ ինչ կատարվեց։ Չընկալեցի․․․ ասացի ի՞նչ ես խոսում։ Էլ նման բան չասես ու անջատեցի հեռախոսը․․․

Ես որդուս փնտրում էի ողջերի մեջ

Ամուսինս նախկին զինվորական էր։ Ինչի միջով ասես, որ չէր անցել, բայց Երեւան եկավ, կարելի է ասել, փլված ու անզոր։ Պարզվեց, որ ամբողջ ընթացքում՝ հոկտեմբերի 8-ից Արթուրենց խումբը եղել է շրջափակման մեջ։ Վանք գյուղի տարածքում տեղակայվել են տներից մեկում, որը ամուսինս կարողացել է դիտարկել «Թութակներ» կոչվող տարածքից, բայց մոտենալ, օգնել հնարավոր չի եղել։ Ավելի ուշ, երբ «Թութակներն» էլ էր անցել ադրբեջանցիներին, ամուսինս, կարելի է ասել հանձնվել էր, անզորության ու մեղքի զգացումից տապալվել։ Մտածում էր՝ ամեն ինչ կորած է։  Գրկեցի ամուսնուս, ասացի՝ Գարիկ, սթափվի՛ր։ Դու գնալու ես ու բերելու ես Արթուրիս։  Գարիկն էլի գնաց Արցախ։

Այդ ընթացքում թակել ենք տասնյակ դռներ, ինչ կառույցի ասես չեմ դիմել։ Հիշում եմ, մի օր նախարարությունում պաշտոնյաներից մեկն ասաց, իսկ ԴՆԹ հանձնե՞լ եք։ Գնացեք հանձնեք․․․ Կյանքում առաջին անգամ զգացի կատաղություն։ Հունից դուրս եկա։ Ասացի՝  ես որդուս ողջերի մեջ եմ փնտրում։ Եկել եմ ու Ձեզ ասում եմ, որտեղ է նա, դուրս բերեք նրան, ոչ թե սպասեք մահվանը կամ գերեվարվելուն․․․․

Անհետ կորած տղաների ծնողներից շատերը հույսներն արդեն կտրել էի, իսկ ես հավատում էի։ Վստահ էի, որ որդիս ողջ է։ Չնայած մի օր տուն եկա ու  չկարողացա ինձ զսպել։ Ոչ թե լաց էր, այլ ոռնոց, որ մի քանի ժամ տեւեց․․․․

Միակողմանի նամակագրություն

Օրերը մթնում ու լուսանում էին, իսկ Արթուրից այդպես էլ լուր չկար։ Չարությունս ուղղվել էր ինքս իմ դեմ։ Հայելու մեջ ինձ տեսնել չէի կարողանում։ Անընդհատ հարց էի տալիս ինձ՝ ում եմ ինչ վատություն արել, որ այս  բախտին արժանացա․․․ անընդհատ գերիների տեսանյութերն էի նայում։ Արթուրի խմբից գերեվարվածներ կային։ Մտածում էի՝ գուցե Արթուրին էլ են տարել։ Մարդկանց շրջանում արդեն խղճահարություն էր սկսվել։ Ինձ հանգստացնում էին, փորձում էին վատագույնին նախապատրաստել, պատմում էին,  որ զոհվածների ծնողներ կան, որ հանդիպում են ու իրար աչքալուսանք տալիս, որ կարողացել են զոհված որդիների դիերը գտնել․․․ես լսել չէի ուզում։ Հավատում էի, որ իմ տղան ողջերի մեջ է։

Ու որպեսզի խելագարի տպավորություն չթողնեմ, սկսեցի որդուս Ֆեյսբուքով նամակներ գրել։ Օրեր շարունակ գրում էի, տասնյակ նամակներ եմ գրել, որոնք այդպես էլ պատասխան չէին ստանում։ Մենախոսություն էր․․․․, որ շաբաթներ ձգվեց․․․․

Շնորհակալ եմ, Աստված․․․

Դեկտեմբերի 17-ին ամուսինս զանգեց։ Ասաց՝ Սոնա, Արթուրենց խմբից լուր կա։ Հարցրի,  իսկ Արթուրը կա՞․․․ Գարիկն ասաց՝ չգիտեմ․․․

Հարցեր մի տուր, պլան է մշակվում, տղաներին պիտի դուրս բերենք․․․ Պարզվեց՝ տղաների խումբը մի քանի մասին է բաժանվել, Արթուրենք վեցով շարժվել են Իրանի սահման ու հայկական կամավորների լքված դիրք գտել։ Դիրքում հայկական կապ է եղել։ Հեռախոսի մարտկոցը լիցքավորել են ու տղաներից մեկի հարազատների հետ  կապվել։

Ավելի ուշ ամուսինս զանգեց, ասաց Արթուրը կա։ Հիշում եմ՝ ընկա գետնին, ու միակ բանը որ ասում էի՝ Շնորհակալ եմ, Աստված․․․․

Ծննդյան նվեր՝ երկրորդ կյանք 

Ադրբեջանցիները այդ օրը որոնողական աշխատանք չէին թույլատրել։ Հաջորդ օրը մերոնց տարածք ուշ էին թույլատրել  մտնել, օրը մթնել էր։ Ադրբեջանցիները ուզում էին տղաներին ավելի շուտ գտնել։ Ամուսինս շատ անհանգիստ էր, ես էլ տեղս չէի գտնում։

Պարզվեց՝ հնարավոր է տղաներին Բաքու տանեն․․․․ Դրան չէին դիմանա․․․ գիտեի, որդիս էլ գերությանը չէր դիմանա․․․․

Դեկտեմբերի 20-ին խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ենթականերից մեկի ծնունդն էր եղել, ավելի ուշ իմացա, որ  Մուրադովը ասել էր ենթակային՝  ինքդ քեզ նվեր պիտի անես, այդ տղաներին անվնաս իրենց ընտանիքներին պիտի հասցնես։

Հենց այդ օրն էլ տղաներին գտան։ Հարցաքննել էին, իրերը առգրավել, վերցրել էին նաեւ որդուս օրագիրը, որտեղ անհայտության 70 օրերի մասին  Արթուրը մանրամասն գրել էր, նկարագրել էր ամեն ժամն ու պահը․․․․ Մուրադովի միջամտության շնորհիվ տղաներին Բաքու չտարան։

Արթուրին հանդիպեցի Ստեփանակերտի հիվանդանոցում։ Ոտքերը ցրտահարվել էին։ Ձախ ոտքի մատերը ամպուտացրին։

Չգիտեմ, թե այսպես ասած,  քանի տարի անցավ իմ կյանքից, մինչեւ որ Արթուրին շրջափակումից դուրս բերեցին։ Այդ երկու-երեք օրերը մի հավերժություն էին թվում։

Ոչ մի ակնթարթ աչք չեմ կպցրել։ Մտածում էի, իսկ ինչ եթե քնեմ, արթնանամ ու պարզվի, որ երազ է, որ որդիս չկա․․․ վախենում էի․․․վախենում էի, որ Արթուրին էլի կկորցնեմ։

Գնահատելով յուրաքանչյուր պահը

Ես ամիսներ շարունակ չէի հավատում, որ վերջ, որ գտել եմ որդուս, որ նա կողքիս է․․․Վախենում էի նորից կորցնել․․․Չեմ էլ ուզում մտածել՝ ինչ կլիներ, եթե նրանց այդ օրը չգտնեին կամ էլ գտնելուց հետո Բաքու տանեին․․․ տղաներից յուրաքանչյուրն արդեն  դեպի մահն էր գնում։

Արթուրին կորցնելու վախը երկար ժամանակ հետապնդում էր ինձ։ Հանգիստ չունեի։ Բայց հիմա սկսել եմ վայելել ամեն պահը։ Գնահատում եմ ամեն վայրկյանը։ Շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ։ Արթուրի անհայտության 70 երկար ու ձիգ օրերը, կյանքի ու մահվան դեմ նրա պայքարն ու վերածնունդը ինձ սովորեցրին, որ ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել։ Ավելի ճիշտ՝ ցանկացած դժվարություն պետք է հաղթահարես․․․․

 

Արփի ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031