«Քանի որ փակ հանդիպում է եղել, մյուս կուսակցությունների դիրքորոշումների հետ կապված զերծ կմնամ մեկնաբանություններ անել: Ինչ վերաբերվում է «Ապրելու երկիր» կուսակցությանը, մենք թե այդ քննարկմանը, թե բազմիցս տարբեր առաջարկներ ներկայացրել ենք եւ մեր դիրքորոշումն այն է, որ շարժման վերջնական նպատակին հասնելու միջոցը հասարակության լայն համախմբումն է, որտեղ քաղաքական ուժերի համախմբումն ընդամենը պետք է գործիք լինի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ սրբազանի հետ, օրերս կայացած փակ հանդիպմանը վերաբերող հարցին:
Մամուլում հրապարակումներ եղան, որ «Ապրելու երկիր», «Ժառանգություն», «Ազգային համաձայնություն» կուսակցությունների նախագահները «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ սրբազանի հետ հանդիպման ժամանակ ասել են, որ անառարկելիորեն ընդունում են շարժման գիծը եւ համաձայն են ցանկացած առաջարկի:
Մեսրոպ Առաքելյանը փոխանցեց, որ իրենք թե՛ քաղաքական ուժերի համախմբումը, թե՛ որեւէ խորհրդի ձեւավորումն այդքան էլ արդյունավետ միջոց չեն համարում: «Ապրելու երկրում» կարծում են, որ նման խորհուրդների եւ ձեւաչափերի ձեւավորումը, ինչին մանավանդ վերջին տարիներին ականատես եղանք, առարկայական արդյունքների չեն հանգեցնում: Ուստի, իրենք համոզված են, որ նման գործիքները չէ, որ բերելու են Հայաստանում իշխանափոխության, այլ, ի վերջո, հասարակության համախմբումն է դրան հանգեցնելու:
«Այդ քննարկումը մտքերի փոխանակման եւ քաղաքական հնարավոր համագործակցության նախնական ինչ-որ փուլ էր եւ, կարելի է ասել, որ որեւէ որոշման, համագործակցության որեւէ ձեւաչափ չէր նախատեսում, որ պետք է ամփոփվի: Տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ մենք, ներկայացրել ենք մեր մտահոգությունները, մեր դիրքորոշումները՝ նաեւ ընդհանուր շարժման վերաբերյալ: Այսինքն, եթե ամփոփեմ, որեւէ որոշում չի կայացվել եւ քաղաքական ուժերը, որոնք միմյանց հետ ունեն խորքային տարաձայնություններ, ինչը գաղտնիք չէ, բնական է, նաեւ այս հարցի շուրջ որոշակի տարբեր տեսակետներ էին հայտնել, ուստի պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ հետագայում, քննարկումների միջոցով, փորձել ավելի արդյունավետ համագործակցություն ունենալ»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նկատեցինք, որ իրավիճակը ոչ ստանդարտ է նաեւ այն առումով, որ աշնանը տարածաշրջանում զարգացումները բավական ակտիվ փուլ են մտնելու, իսկ իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած գործողության, ինչի ապացույցը հունիսի 12-ի դեպքերն էին, իսկ «Սասնա ծռերի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանը վերջերս մի հարցազրույցում ասել էր, որ իրենք պատրաստ են ամեն գնով, այդ թվում՝ նաեւ արյան գնով, Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն եւ հետաքրքրվեցին՝ «Ապրելու երկրում» պատրա՞ստ են ոչ ստանդարտ գործողությունների:
Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Ընդհանրապես, քաղաքականության մեջ կան կարմիր գծեր, որոնք ելնում են պետականության ու ժողովրդի շահերից, որոնք ավելի բարձր են, քան որեւէ քաղաքական գործընթաց, ուստի մեզ համար ոչ միայն ընդունելի չէ, այլեւ ընդհանրապես անգամ քննարկման առարկա չէ այդ տարբերակը: Որեւէ իշխանափոխություն կամ փոփոխություն չի կարող ավելի բարձր արժեք լինել, քան ժողովրդի կյանքի գինը կամ գործընթացը, որը կթուլացնի մեր պետականությունը: Նման դեպքեր, ցավոք, Հայաստանում արձանագրվել են եւ դրանից պետությունը թուլացել է: Հետեւաբար, դա քննարկման առարկա չպետք է դառնա, թեեւ նպատակը, հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության բռնապետական բնույթն ի ցույց դնելն է, բայց նման քննարկումները հասարակության մի հատվածին կարող են գործընթացին մասնակից դառնալուց զերծ պահել: Եվ ամենեւին էլ պետք չէ գերագնահատել Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության ուժը: Դրա դիմաց կա ավելի մեծ ուժ՝ ժողովուրդը: Համոզված եմ, որ ժողովրդի ավելի մեծ զանգվածների դիմաց Նիկոլ Փաշինյանն ու իր ոստիկանությունը որեւիցե խոչընդոտ չեն կարող լինել»:
Ըստ մեր զրուցակցի, երկամսյա ակտիվ հանրահավաքային շրջանում ականատեսը եղանք նրա, որ ոստիկանները առավել ակտիվ եւ ագրեսիվ էին գործում, երբ հավաքվածները տարբեր պատճառներով քիչ էին. նման մի դրսեւորում էլ ԱԳՆ շենքի մոտ եղավ: Իսկ մի քանի տասնյակ հազարանոց հավաքների ժամանակ ոստիկանների հետքն անգամ չէր երեւում: Հետեւաբար ինքը մնում է այն համոզման, որ հասարակության լայն զանգվածների դժգոհության արտահայտության պարագայում ոչ միայն ծանր բախումների, այլ ընդհանրապես որեւէ միջադեպի ականատես չենք լինի:
Նա հույս ունի, որ աշնանը շարժման մարտավարական փոփոխությունների եւ որպես արդյունք հասարակության համախմբման դեպքում շատ խաղաղ եւ հանգիստ իշխանափոխությունը Հայաստանում կարող է իրականություն դառնալ:
«Սրբազանի՝ շարժման առաջնորդումը եւ քաղաքական գործընթացում ակտիվությունը նաեւ պայմանավորված էր քաղաքական դաշտի, առնվազն ոչ արդյունավետ գործունեության հետ՝ իշխանափոխության մասով: Հետեւաբար, ամենայն հարգանքով մեր բազմաթիվ գործընկերների նկատմամբ, պետք է ազնիվ լինել եւ արձանագրել, որ քաղաքական կուսակցությունները չեն այն հիմքը, որ պետք է շարժումը տանեն հաջողության, ինչի ականատեսը եղանք նաեւ մայիսին՝ շարժման մեկնարկի սկզբնական օրերին, երբ հասարակության լայն զանգվածների աջակցումը սրբազանին, չուներ որեւէ քաղաքական կամ կուսակցական հիմք»,-ամփոփեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հետագա գործընթացը պետք է երկու մասի բաժանել՝ իշխանափոխություն, հետո իշխանության ձեւավորում. իշխանափոխության համար պետք է հասարակության համախմբում: Հաճախ, որոշ քաղաքական ուժեր, որոնք նաեւ ունեն իշխանափոխության ծրագիր, միեւնույն ժամանակ, չեն վայելում հասարակության վստահությունը: Ավելին, որոշ դեպքերում, նույնիսկ խանգարում են համախմբմանը, քանի որ ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչների նկատմամբ հասարակությունում կա ոչ պակաս բացասական վերաբերմունք, քան իշխանության նկատմամբ է:
Հասարակության համախմբումից ու իբրեւ դրա արդյունք իշխանափոխությունից հետո միայն քաղաքական ուժերի համագործակցությունը կամ մրցակցությունը, արդեն գործընթացի երկրորդ փուլը պետք է լինի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ