Կառավարությունը վերջին նիստում հաստատել է Լոռիում եւ Տավուշում մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրեւներից, հեղեղումներից տուժած ընտանիքներին փոխհատուցման կարգը։ Ըստ այդմ՝ փոխհատուցում կստանան նրանք, որոնց տունը կամ բնակարանը ոչնչացել է, ունեն 4-րդ կամ 5-րդ կարգի վնասվածության աստիճան, վնասվել է առաջնային օգտագործման գույքը։
Կառավարության նիստի ժամանակ խոսք է գնացել առավել տուժած Սանահին կայարանի 12 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի մասին, որը կառուցվել է 100 տարի առաջ։ Այս շենքում 16 բնակարան կա։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասել է, որ շենքը ենթակա է քանդման, եւ բնակիչները վկայագրեր են ստանալու։ Այս լուրը ծանր են տարել շենքի բնակիչները, հատկապես՝ երկրորդ եւ ավելի բարձր հարկերում ապրողները։ Շենքի 6 բնակարանները, որոնք տուժել են հեղեղից, գտնվում են առաջին հարկում։ Նրանք կողմ են, որ շենքը քանդվի, իրենք նոր տներ ստանան։ Երկրորդ եւ երրորդ հարկերի բնակիչները չեն ուզում տեղափոխվել։
Ասում են՝ թող ամրացնեն, մենք ի՞նչ կապ ունենք, եթե առաջին հարկը ջրվել է, մենք ինչո՞ւ պետք է հեռանանք մեր տներից, մանավանդ որ շինանյութը թանկացել է, ու դեռ հարց է` կկարողանա՞ն արդյոք նոր տներ գնել կառավարության տված 4,8 մլն-ով։ Երկրորդ հարկի բնակիչ Ռոբերտ Թամազյանը հնաոճ, բայց գեղեցիկ վերանորոգված բնակարան ունի, գույքով լի, որտեղ ապրել է երկար տարիներ։ Ասում է՝ ջուրն ինձ չի հասել, ինչո՞ւ պետք է դուրս գամ։ «Էսքան վեշն ո՞ւր եմ տանելու, համ էլ՝ ե՞րբ մեզ նոր տուն կտան, հայտնի չէ։ Չգիտեմ՝ իրենց տված գնով տուն կկարողանա՞մ առնեմ, ե՞րբ, ոչ մի բան չգիտեմ»։
Կարդացեք նաև
Կարինե Առաքելյանն էլ բնակվում է առաջին հարկում՝ 86 քմ երկու սենյականոց բնակարանում` հինգ հոգանոց ընտանիքով։ Ջրհեղեղի ժամանակ կորցրել են ամբողջ տունն ու գույքը։ «Երկու սենյակի դռները պառկած էին գետնին։ Ամբողջ գույքը չկար, ամեն ինչ թափել եմ, մնացել է մի երկու փետ։ Խոհանոցում երկու շկաֆ` ուռած, դեֆորմացված, որ չգիտեմ՝ ինչու եմ պահել, ու մի պահարան։ Այս պահին պատերը քանդված են, տակի քարերն են երեւում, հատակն իջել է։ Այնտեղ մնալ հնարավոր չէ»,- ասում է կինը։ Կառավարության որոշման մասին իմացել է երեկ եւ շվարել։ Չգիտի` ինչպե՞ս է 4,8 մլն դրամով երկու սենյականոց վերանորոգված տուն գնելու։ «Հնարավոր չէ գնել այդ գումարով։ Հազիվ մի քանդած 1 սենյականոց գնենք, էն էլ դեռ հարց է՝ կլինի՞։ Ուզածս թեկուզ երկու սենյակ չէ, նիշայով ինչ-որ բան գտնելն է։ Բայց դժվար կարողանամ առնել, համ էլ Ալավերդի վաճառքի տները քիչ են։ Ռեմոնտի գներն էլ բարձրացել են։ Հեղեղից հետո բոլորը ռեմոնտ են ուզում անել, բոլորին վարպետ է հարկավոր»։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում