Հիմա գանք Հայաստանին ու տեսնենք, թե վերջին վեց տարում ու նույնիսկ դրանից առաջ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել տարանցիկ ու ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ուղղությամբ։ Հասկանալի է, որ ծովի առկայությունը Վրաստանին որոշակի առավելություն է տալիս, բայց Հայաստանում էլ կարող են ցամաքային ու օդային ենթակառուցվածքները զարգանալ։ Արդեն տարիներ շարունակ Հյուսիս-Հարավ մայրուղին կառուցվում է ու այդպես էլ չի ավարտվում։ Ու այնպիսի տպավորություն է, որ այն երբեք էլ չի ավարտվի։ Ու այստեղ խոսքը միայն խոշոր նախագծերի մասին չէ։ Հայաստանում անգամ չեն ստեղծվել այլընտրանքային ճանապարհներ, բայց եղած ճանապարհների կարևորագույն հանգույցները հանձնվում են Ադրբեջանի վերահսկողությանը։ Օրինակ՝ այդպես տեղի ունեցավ Գորիս-Կապան ճանապարհի մի մասի հետ, ու դրանից հետո միայն փորձ կատարվեց կառուցել նոր ճանապարհը։
Բայց Տաթևով անցնող նոր այլընտրանքային ճանապարհը, որը ստրատեգիական նշանակություն ունի Իրանի հետ կապի ապահովման հետ կապված, անորակ է ու անընդհատ քանդվում է։ Մյուս կողմից էլ՝ Կիրանցի ճանապարհն արդեն ամիսներ առաջ հանձնվել է, միայն հիմա է քննարկվում այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցը, թե ինչ տեսք է ունենալու, պատաշար է լինելու և այլն։ Այնինչ, աշխատանքները արդեն պետք է ընթացքի մեջ լինեին, եթե չասենք՝ ավարտված։ Գործող իշխանություններին միայն հաջողվում է մի քանի գործող ճանապարհ ասֆալտապատել, այն էլ՝ այնքան անորակ, որ տարին մեկ քանդվում են։ Չնայած զարմանալու ոչինչ չկա, քանի որ այս իշխանությունները ոչինչ կառուցել չեն կարողանում, նրանց դեպքում հիանալի ստացվում է քանդելն ու ավերելը:
Այսքանից հետո դժվար է խոսել այնպիսի խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի մասին, ինչպիսին, օրինակ՝ բարձր թողունակությամբ նոր օդանավակայանն է։ Հետո էլ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Հայաստանի տարանցիկ նշանակության մասին։ ՀՀ օրվա իշխանությունները ոչ թե հակված են սովորելու, թեկուզ հենց հարևաններից, այլ միայն զբաղված են տարածքներ, ճանապարհներ հանձնելով, ժողովրդի գլխին պատերազմ, նոր փորձանքներ բերելով։ Փաշինյանի կառավարման 6 տարիները արհավիրքի տարիներ էին։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Վրաստանն ավելի արագ զարգանում, ու մեր քաղաքացիներից շատերը նախընտրում են արձակուրդներն անցկացնել Վրաստանում, քան մնալ Հայաստանում։ Էլ չենք խոսում արտասահմանցիների մասին:
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում