Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք իսկապե՞ս «գնում ենք դեպի Եվրոպա»

Հուլիս 06,2024 10:00

«Մեր երկիրը ճի՞շտ ճանապարհով է գնում», – հարցնում է ինձ տաքսու վարորդը: «Ոչ, – ասում եմ, – մեր երկիրը գնում է սխալ եւ կործանարար ճանապարհով»: «Դեպի Եվրոպա գնալը սխա՞լ է», – հետաքրքրվում է զրուցակիցս: Դարձյալ բացասական պատասխան եմ տալիս. «Դեպի Եվրոպա գնալը ճի՛շտ է: Բայց պետք է գնալ, ոչ թե ձեւեր թափել»:

Հիշեցնեմ. Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ ԱՊՀ անդամ, որոնք ամենեւին եվրոպական կառույցներ չեն: Եթե վերոհիշյալ կառույցները մեզ ոչինչ չեն տալիս, ապա ինչո՞ւ ենք այնտեղ մնում: Եթե տալիս են, ուրեմն պետք չէ օդ ցնցել «եվրոպական» ճառերով:

Հակիրճ անդրադառնանք այդ կառույցներին` օգտվելով հանրահայտ տեղեկություններից (գուցե կան գաղտնի տեղեկություններ, որոնք մեզ մատչելի չեն՝ այդ դեպքում դրա մասին պետք է ինչ-որ ակնարկ լինի):

ԱՊՀ-ն մի կազմակերպություն է, որտեղ որեւէ գործնական հարց չի լուծվում: Դա պարզապես հետխորհրդային երկրների ակումբ է, որտեղ մնալը կամ որից դուրս գալն ունի զուտ խորհրդանշական (եւ այդ առումով՝ քաղաքական) նշանակություն: Բնականաբար, Ռուսաստանը կարող է դժգոհություն հայտնել դուրս գալու հետ կապված, բայց չեմ կարծում, որ ԱՊՀ անդամակցությունը դադարեցնելը լուրջ հետեւանքներ կունենա:

ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը այլ հարց են: Այո, ՀԱՊԿ-ի «առնվազն երկու երկիր» տարիներ շարունակ զինում էին մեր թշնամուն, եւ մեր զինվորները 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել են նաեւ ռուսական եւ բելառուսական զենքից: Այո, 2021 եւ 2022 թվականներին ՀՀ-ի դեմ ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները եւ չի պաշտպանել կազմակերպության անդամի տարածքային ամբողջականությունը: Դա չի անի նաեւ հաջորդ ագրեսիայի ժամանակ:

Հետեւաբար, միանգամայն տրամաբանական կլինի այդ կազմակերպությունից դուրս գալը: Փաշինյանը միայն հայտարարում է նման մտադրության մասին, բայց որեւէ բան չի անում՝ այն իրականացնելու համար: Եվ հետաքրքիր է, որ վարչապետի «իմաստուն քաղաքականությունը» գովերգող «եվրոպամետները» որեւէ դժգոհություն չեն հայտնում այդ երկվության վերաբերյալ:

Նրանք նաեւ որեւէ ձեւով չկշտամբեցին վարչապետին, երբ վերջինս հրապարակավ հրաժարվեց ԵՄ անդամության վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Չնայած՝ դրանից առաջ այդ հանրաքվեի հետ կապված մեծ աղմուկ էին բարձրացրել՝ լսումներ, ասուլիսներ, ելույթներ, որոնցից մեկի ժամանակ նույնիսկ ասվել է, որ ռուսամետ ուժերի վերադարձն իշխանության «կանխվում է» այդ հանրաքվեով: Հիմա ստացվում է, որ «չի կանխվում»:

Այնպես որ՝ «դեպի Եվրոպա» ոչ մի գործնական քայլ չի արվում: Եթե ինձ հարցնեք, ապա այդ ուղղությամբ ամենակարեւոր քայլերը պետք է լինեն իշխանության թեւերի իրական բաժանումը եւ կառավարման ժողովրդավարական մեխանիզմների ստեղծումը: Այդ առումով ենք առայժմ «մաքուր Ասիա» ենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Կրեմլի դրածո նիկոլը մեզ տանում է ոչ թե դեպի Եվրոպա, այլ ուզում է տանել դեպի պատերազմ, որից հետո էլ ուղիղ դեպի Ռուսաստանի գիրկը՝ ավելի թուլացած, ավելի անպաշտպան վիճակով, պառակտված հասարակությամբ և թույլ սուբյեկտայնությամբ: Դեռ լրագրողական ոճում գտնվող նիկոլի շինծու և ուժազուրկ կսմիթները Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Արևմուտքին «մերձենալու» ձևական ժեստերը համաձայնեցված են Կրեմլի հետ և ոչինչ չեն փոխելու Հայաստանի արտաքին ռազմա-քաղաքական վեկտորում: Այդ առումով ծիաղելի ու անհեռանկար էր «ՀԱՊԿ-ի անդամության սառեցում» ոչ կանոնադրական տերմինի հորինումը (կոնկրետ երկու վիճակ կարող է լինել՝ կամ մնում ես ՀԱՊԿ-ում կամ էլ դուրս ես գալիս այդ կառույցից), Լուկաշենկոյի անձին ուղղված «տղայական» սուր հայտարարությունները (որոնց վերաբերյալ ավելի սուր հակադարձումներ ստացվեցին հենց Լուկաշենկոյից) և այլ անպտուղ քայլերը:
    Ինչ վերաբերում է իշխանության թևերի բաժանման հույսերին, ապա բռնապետական հակումներ ունեցող նիկոլի հենց առաջին քայլը եղավ այդ թևերի միաձուլումը՝ նրան հաջողվեց «կախկանձող դատավորներին» և ամբողջ դատական համակարգն իրեն հպատակեցնել, իսկ օրենսդիր մարմնի մեծամասնություն կազմող ուսապարկերը պատգամավոր ընտրվելու ժամանակ են կամավոր նրա գրպանը մտել:

  2. Հ.Շ. says:

    Թերեւս կարելի է նաեւ կացութիւնը այպէս դիտել՝

    Փաշինյանը խորապէս կ’ուզէ որ Ռուսաստանը իրեն եւ իր ինքնիշխան Հայաստանին տէր կանգնի:

    Սակայն քանի որ Ռուսաստանը այդպէս չըրաւ եւ չի անում, Փաշինյանը սիրաբանում է Արեւմուտքին հետ: Յուսալով որ այսպէսով, կամ՝ Արեւմուտքը գործնական կերպով կ’ընդառաջէ իր սիրոյն ու կ’օգնէ իրեն ու իր ժողովրդավարութեան փարոսին, կամ էլ՝ Ռուսաստանը, որպէսզի «չկորսնցնէ» իր ֆորպոստ ՀՀ-ն, կը սկսի իրապէս օգնել նրան:

    Խնդիրը այն է որ, նոյնիսկ եթէ, քառասուն-չորս աստիճանի ուղեղային ջերմութեամբ, երազենք որ Փաշինյանին վերստեղծած երկիրը Արեւմուտքից ստանայ այն իսկական ու շօշափելի զօրակցութիւնը որ ստանում է՝ Ուկրաինան, դա կը նշանակէ որ Փաշինիստանն ու փաշինյանիստանցիներն ալ պէտք է որ կռուին ռուս զինուորների դէմ, ինչպէս որ անում են ուկրաինացիները: Այստեղ արդէն, որեւէ երազ իսկ չի կրնար հասնիլ…

    Կը մնայ նաեւ հասկանալը թէ արդեօք ինչպէ՞ս արագածեան ՀՀ-ն կրնայ միանալ ԵՄին, ցակտելով՝ Թուրքիոյ վրայէն: Կամ էլ, թռչելո՞վ արդեօք…

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Թիւրիմացութիւն չըլլայ յանկարծ: Արցախի կորուստէն ի վեր, ես վերջնականապէս կ’ատեմ Ռուսաստանը, կը մաղթեմ որ դա կործանուի, եւ խորապէս կը ցաւիմ որ այդքան երկար տարիներ, հաւատացի թէ այդ երկիրը, վստահելի եւ ազդու կերպով, միշտ պիտի պաշտպանէ Արցախն ու Հայաստանը:

      Սակայն կարծր իրողութիւնը այն է որ, մնացորդի մնացորդ Հայաստանիկը անկարելի է որ կարենայ ազատագրուիլ ՌԴի լուծէն: Իսկ քանի որ փաշինյանաստանցիները այսքան հեշտօրէն ու ժրաջան կերպով պատրաստակամ են յանձնուելու՝ թուրքերուն, խի՞ չյանձնուին՝ Ռուսին: Որեւէ տեսանկիւնէ, վերջապէս Ռուսաստանը չէ որ իրագործեց Հայոց Ցեղասպանութիւնը, բառին ուղղակի եւ տառացի իմաստով:

      Իսկ Արեւմտեան Հայաստանի մեր ազգային տեսլականը հեգնող ու ծաղրող հայերը, թող գոնէ հիմա ջանան մի քիչ հասկնալ որ դա էր միմիակ ուղին, յոյսը՝ մօտենալու Եւրոպային: Բառացիօրէն, եւ քաղաքակրթական առումով:

  3. Հայ says:

    Այս հոդվածն իմ սրտով է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031