Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում մասնակցում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին, որը նվիրված էր Սահմանադրության օրվան:
Նա իր ելույթում ասաց. «Մենք այսօր ունենք Սահմանադրության օր, բայց չունենք երկրում սահմանադրականություն, չունենք այնպիսի իրավիճակ, ինչը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ: Այսօր սրբազան պայքարը նաեւ ՀՀ սահմանադրության համար է: Շատերը կարող են դժգոհ լինել Սահմանադրությունից, գիտեմ, որ հասարակության ստվար հատված կամ չի առնչվում, կամ դժգոհ է Սահմանադրության ինչ-որ դրույթներից, բայց մենք ունենք մի Սահմանադրություն, որը ՀՀ պետականության հիմքերն է դրել ու այսօր ցավոք սրտի այդ պետականության հիմնասյուները վտանգված են մեծ չափով, որովհետեւ այսօրվա իշխանությունները, ընդհանրապես չարժևորելով որեւէ արժեք, հարցականի տակ է դնում նաեւ ՀՀ սահմանադրությունը:
ՀՀ վարչախմբի այսօրվա խոսքը լսել եք, որ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն՝ ծածկելով իրական շարժառիթները, որը նրան դրդում են փոխել Սահմանադրությունը: Սահմանադրությունը երկրի անձնագիրն է, քաղաքացու ինքնության վկայագիրը»:
Վարդան Պողոսյանը նշեց, որ Սահմանադրության մեջ ազգայինի մասը երբեւէ քննարկման առարկա չի եղել. «Միգուցե երիտասարդների մոտ կարող են հարցեր առաջանալ, որովհետեւ նրանք միշտ տեսել են, որ հիմնական բանավեճը գնում է պառլամենտական, թե նախագահական համակարգ, հիմնական իրավունքներ եւ այլն: Այս թեմատիկայով են անդրադարձել: Երիտասարդ սերնդի համար Սահմանադրությունը պետք է երկու հիմնական գործառույթ անի՝ սահմանի, թե պետական մեխանիզմն ինչպես պետք է գործի եւ ինչ դեր ունի մարդ անհատը այդ պետության մեջ, որոնք են նրա իրավունքներն ու ազատությունները եւ ինչքանով են դրանք պաշտպանված սահմանադրության ուժով: Ազգայինի վերաբերյալ մենք նման դիսկուրսի մեջ չէինք մտել, բայց այսօր դա դարձել է ամենահիմնական թեման: Այսօրվա վարչախումբը հարցականի տակ է դնում ամեն ազգայինը, ինչը մենք ունենք Սահմանադրությունում: Երբ խոսում են նոր Սահմանադրության ընդունման մասին, հիմնական շարժառիթները երկար ժամանակ թաքցնում էին: Երբ այս վարչախմբի ղեկավարը եկավ իշխանության, սկսեց խոսել Սահմանադրության փոփոխության մասին: Որոշ խոսքեր եղել են 2019-ին, բայց հիմնական խոսույթը սկսել է այս տարվա հունվարից: Որեւէ իմաստալից հիմնավորում չի բերվել: Շատերի համար, ովքեր հասկանում էին իրավիճակը, թե ինչ պրոցեսներ են գնում կուլիսների հետեւում, պարզ դարձավ, որ խոսքն այն մասին է, որ ՀՀ Սահմանադրությունից ուզում են հանել նախաբանում հռչակագրի վկայակոչումը, այսինքն այն հիմնասյունը, որի վրա հիմնված է մեր այսօրվա Երրորդ հանրապետությունը»:
Կարդացեք նաև
Վարդան Պողոսյանը հիշեցրեց ՍԴ-ի որոշումը, որն արձանագրել է, որ ՀՀ-ն պարտավոր է օրինաստեղծ գործընթացում, իրավակիրառ պրակտիկայում եւ Թուրքիայի հետ հարաբերություններում առաջնորդվել ՀՀ սահմանադրությամբ եւ ՀՀ Անկախության մասին հռչակագրի 11-րդ կետով, այսինքն՝ ցեղասպանությանը հետամուտ լինելով. «Այսինքն, ՀՀ-ն պարտավոր էր հետեւողականորեն սատարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործին, դա անալոգիայով ուղղակիորեն տարածվում է նաեւ Արցախի ինքնորոշման իրավունքի վրա»:
Նա վստահեցրեց, որ Սահմանադրության 3 հոդվածները փոփոխման ենթակա չեն ու եթե ուզում են դա փոխել, պետք է նոր սահմանադրություն ընդունեն, նույնն էլ վերաբերում է նախաբանին ու սա է պատճառը, որ ուզում են փոխել սահմանադրությունը, դրա համար Փաշինյանը որեւէ ողջամիտ հիմնավորում չբերեց, թե ինչու է անհրաժեշտ այդ սահմանադրությունը փոփոխել. «Այսօր իշխանությունը անբարո պայքար է սկսել Արարատ լեռան դեմ, որը խորհրդանիշ էր նույնիսկ Խորհրդային միության գոյության պայմաններում: Մեծ ու Փոքր Մասիսները միշտ եղել են մեր խորհրդանիշները: 1922-ի փետրվարին ընդունվել է ՀԽՍՀ առաջին Սահմանադրությունը ու դրա մեջ որպես Հայաստանի գերբ նկարագրված էր հենց Մեծ ու Փոքր Մասիսիները, դա չի փոխվել անգամ ստալինյան բռնապետության տարիներին: Անփոփոխ է եղել՝ որպես մեր ինքնությունը հաստատող խորհրդանիշ: Այսօր Փաշինյանի վարչակազմը, ընկրկելով թուրքական ու ադրբեջանական ճնշմանը, նույնիսկ վախենում է Արարատ լեռան մասին խոսել, Արարատը ուզում է փոխարինել Արագածով, Արագածը վաղը կասեն Ալագյազ: Իսկ խորհրդանիշները շատ կարեւոր են մեր ինքնության համար»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ